Ովքե՞ր են վարակվել Արևմտյան Նեղոսի տենդով և ի՞նչ վիճակում են. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են վարակվել Արևմտյան Նեղոսի տենդով և ի՞նչ վիճակում են. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը մանրամասներ է հայտնել

«Արևմտյան Նեղոսի տենդը մեզ համար նորույթ էր, չնայած, կարելի է ասել` պատրաստ էինք դրան, քանի որ ՀՎԿԱԿ-ն արդեն հայտնաբերել էր մոծակների առկայությունը, որոնք փոխանցում են վիրուսը։ Բայց կոնկրետ վարակված մարդիկ չունեինք։ Ասեմ, որ հիվանդությունը 80 տոկոս դեպքերում առանց ախտանշանի է, իմուն համակարգը կարողանում է պայքարել։ Սակայն, երբեմն ցածր իմունիտետի դեպքում ուղեկցող ծանր հիվանդությունների ժամանակ ընթացքը կարող է բարդանալ։ Բարդությունները, որոնց առնչվում ենք, ուղեղի թաղանթի բորբոքումն է` անցումով դեպի ուղեղի հյուսվածք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ` հիմնականում հոսպիտալացվում են բարձր ջերմությամբ, գլխապտույտներով, գլխացավերով և ուղեկցող հիվանդություններ ունեցող բուժառուները։

«Գոյություն չունի հատուկ բուժման տակտիկա, դեղորայք, որն ուղղված է այս հարուցչի դեմ։ Ունենք դուրս գրված պացիենտներ։ Մեկ լավ լուր ասեմ` չունենք վարակված երեխաներ, նրանց շրջանում դեռևս վարակվածներ չկան։ Բայց դա չի նշանակում, որ նրանք վարակված չեն, պարզապես իմուն համակարգով պայմանավորված` չի արտահայտվում։ Հիմնականում տարեց պացիենտներ են հոսպիտալացված, և սա պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով։ Այս պահին չունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ»,- նշեց Կարեն Հակոբյանը։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենն ասաց, որ մոծակների պաշտպանվելու համար կան քսուքներ, բայց մոծակների ակտիվացման ժամերին` երեկոյան, պետք է երկարաթև հագուստ կրել, բնակարանները պաշտպանել պաշտպանիչ ցանցերով։

«Միջազգային փորձն ասում է՝ ակտիվությունն օգոստոս, սեպտեմբեր ամիսներին է, հոկտեմբերից թուլանում է»,- հավելեց Կարեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է «Կապիկի ծաղկին», մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում դեռ նման վարակով դեպք չի գրանցվել։

Անի Կարապետյան



Նման նյութեր