Հայ ընթերցասերների առավել պահանջված գրքերի տասնյակը՝ ըստ «Անտարես» հրատարակչության
Advertisement 1000 x 90

Հայ ընթերցասերների առավել պահանջված գրքերի տասնյակը՝ ըստ «Անտարես» հրատարակչության

Փետրվարի 19-ին արդեն 8-րդ տարին Հայաստանում կնշվի Գիրք նվիրելու օրը։ Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրին՝ որքանո՞վ է հասունացած գիրք նվիրելու մշակույթը մեր երկրում, ինչպես նաև՝ ներկայացրեցին առավել պահանջված գրքերի ու հեղինակների տասնյակը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է, որ տոնի առիթով արդեն ավանդույթ դարձած լայքահավաքությունը յուրօրինակ ընդհանրացումներ անելու հնարավորություն է.

«Լայքահավաքության երևույթը յուրօրինակ միջոց է՝ գնահատելու հրատարակչությունում մեր կատարած աշխատանքները՝ ուղղություններ մշակելու, հասկանալու համար՝ ո՞ր գրքերն են ավելի պահանջված, ո՞ր գրքերն են դուրս մնացել տրենդից, և այլն: Այդ ուսումնասիրությունների հիման վրա մենք կազմել ենք հայ և արտասահմանյան հեղինակների առավել պահանջված գրքերի հնգյակները, որոնք այս պահին ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը: Այսպիսով՝ «Անտարեսի» կողմից հրատարակված արտասահմանյան գրքերի հնգյակն այսպիսի տեսք ունի՝

  1. Ալեքսանդր Դյումա-Որդի – «Կամելիազարդ տիկինը»՝ 120 մարդ
  2. Էլֆրիդե Ելինեկի – «Դաշնակահարուհին»՝ 97 մարդ
  3. Էրիկա Լ. Ջեյմս – «Մոխրագույնիավելի մուգ 50 երանգները» ՝ 92 մարդ
  4. Միլան Կունդերա – «Կեցության անտանելի թեթևությունը»՝ 91 մարդ
  5. Հինգերորդ և վեցերորդ տեղերը հավասարապես՝ 66 ձայնով, կիսում են Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպն ու Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք,թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն

Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է, որ եթե երևույթին նայենք միայն շահումների տեսանկյունից, ապա ամենատարբեր տարիներին արտասահմանյան առավել պահանջված գրքերը եղել են՝ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» և Ստենդալի «Կարմիրն ու սևը» վեպերը:

Անդրադառնալով հայ հեղինակների առավել պահանջված գրքերի հնգյակներին՝ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է հետևյալ պատկերը.

  1. Լևոն Խեչոյան – «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»
  2. Հովիկ Չարխչյան – «Սուլամիթա Սևակի մեծ սերը»
  3. Մհեր Իսրայելյան – «Մինչև մեռնելն ապրել է պետք»
  4. Նարինե Կռոյան – «Դառնածինները»
  5. Գևորգ Գրիգորյան – «Դժոխքից վերադարձ կա»

Հայ գրականությունից ամենատարբեր տարիներին առավել պահանջված գրքերն են եղել Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա Սևակի մեծ սերը» և Արամ Պաչյանի «Օվկիանոս» աշխատությունները:

Պարզվում է, այս տարվա հաղթողները, շահելու տեսանկյունից, լայքահավաքության ընթացքում գերադասել են ավելի շատ հայ, քան արտասահմանյան հեղինակների գրքեր ձեռք բերել:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ