Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է քայքայել ականջների արյունատար անոթների պատերը՝ ծանրացնելով լսողությունը։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի ականջաբան Ռոբ Օրմերոդը։
Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ դիաբետ ունեցող մարդկանց մոտ լսողությունը կորցնելու վտանգը բարձր է երկու անգամ։ Ձայնային ինֆորմացիան նորմալ ընկալելու ունակության վատացումը կարող է առաջանալ ականջի արյունատար անոթների վնասվելու պատճառով։ Բանն այն է, որ օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի բարձրացումը եւ նվազումը կարող են բացասաբար ազդել արյան հոսքի վրա եւ առաջացնել ականջներով նյարդային ազդանշանների ընկալման խափանումներ։
Օրմերոդն ավելացրել է, որ դիաբետ ունեցողները ավելի հաճախ են ենթակա նաեւ ականջի վարակների։ Ականջների արյան հոսքի թուլացումը կարող է վատացնել տեղային իմունիտետի աշխատանքը եւ տարբեր պաթոգեններից ինքնամաքրման ունակությունը։ Այդ պատճառով դիաբետի վտանգի ենթակա մարդիկ պետք է զգուշությամբ կիրառեն ականջի չոփիկները եւ ականջախցաններ օգտագործեն լողալու ժամանակ։
Մասնագետը նշել է, որ ինսուլինի անոմալ մակարդակը կարող է առաջ բերել աղմուկ ականջներում։ Չնայած նման ախտանշանը բնորոշ է նաեւ այլ խնդիրներին (օրինակ, ծծմբի ավելորդ կուտակմանն ականջներում), դրա հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։