Հարկատուները կարող են դիմել նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու նպատակով
Advertisement 1000 x 90

Հարկատուները կարող են դիմել նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու նպատակով

Մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազար դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազար դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:

Որոշման համաձայն` 2013 թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազար դրամը, իսկ 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 120 հազար դրամը: 5 մլն-ից մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկատուների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 80 հազար դրամը, իսկ ահա մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազար դրամը:

Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:

taxservice.am