Ուղեղի երկարատեւ հոգնածությունը կարող է վարքային փոփոխություններ առաջացնել, մասնավորապես՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացության են եկել այն հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է PNAS ամսագրում։
Գիտնականների դիտարկած ուղղություններից մեկը «էգո»-ի հյուծման հիպոթեզն է։ Այս տեսության համաձայն՝ մտավոր զգալի լարվածություն պահանջող խնդիրների կատարումը նվազեցնում է կամքի ուժի պաշարները՝ մարդուն դարձնելով ավտոմատ արձագանքների հակված էակի բարդ խնդիրների կրկնակի կատարման ժամանակ։ Հետազոտողները հատուկ ուշադրություն են հատկացրել ուղեղի ճակատային հատվածներին, որոնք պատասխանատու են ինքնավերահսկման եւ կատարողական ֆունկցիաների համար։ Այս հատվածներն են ավելի շատ ենթակա դանդաղ ալիքների ի հայտ գալուն, որոնք հիշեցնում են ուղեղային ակտիվությունը քնի ժամանակ, եթե մարդը երկար ժամանակ արթուն է մնում։
Հետազոտողները ենթադրել են, որ «էգոյի հյուծման» ֆենոմենը կապված է նեյրոնային հոգնածության հետ, որն առաջանում է վերոնշյալ դանդաղ ալիքների կողմից ուղեղի ճակատային հատվածներում։ Ավելի վաղ փորձերի տարբերությոնւները կարող էին պայմանավորված լինել անբավարար երկարատեւ առաջադրանքների հետ, որոնք արտահայտված կոգնիտիվ հոգնածություն չեն առաջացրել։
Հիպոթեզն ստուգելու համար գիտնականները փորձ են կատարել, որը ներառել է 447 մեծահասակների։ Մի խումբը կատարել է զգալի ջանքեր պահանջող առաջադրանքներ 45 րոպե, մյուսը զբաղվել է վերահսկիչ առաջադրանքներով։
Մասնակիցները դրանից հետո թեստեր են հանձնել տնտեսական խաղերի ձեւով, որոնք գնահատել են համագործակցելու կամ ագրեսիայի հակումը։ Արդյունքները ցույց են տվել, որ բարդ խնդիրներ կատարողների մոտ համագործակցելու հակումն ավելի ցածր է եղել՝ 41 տոկոս վերահսկիչ խմբի 86 տոկոսի դիմաց։ Բացի այդ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տվյալները հաստատել են քնին բնորոշ դանդաղ ալիքների ի հայտ գալը ուղեղի ճակատային հատվածներում։ Այդ ալիքները կարող են հանգեցնել ուղեղի՝ վարքը վերահսկելու ունակության ժամանակավոր կորստի։
Հետազոտության հեղինակներից Պյետրո Պյետրինին նշել է, որ ստացված տվյալները ընդգծում են հանգստի կարեւորությունը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հյուծումը ճակատային հատվածներում նվազեցնում է կոգնիտիվ արդյունավետությունը, ինչն անդրադառնում է վարքի վրա եւ կարող է հանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։ Բացի այդ, այս եզրակացությունները նշանակություն ունեն մարդկային գործունեությունը տարբեր ոլորտներում հասկանալու համար՝ ներառյալ տնտեսությունը եւ արդարադատությունը։