1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից: Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն:
2) Հաշվառումից հանելու դեպքում լիազորված անձի միջոցով գործընթացը կազմակերպելիս լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարի կողմից վավերացվելու: Իսկ հաշվառման գործընթացի ժամանակ, եթե սեփականատերը անձամբ չի ներկայանում անձնագրային ծառայություն, համաձայնությունը պարտադիր պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
3) Լիազորված անձի միջոցով անձին հաշվառումից հանելու դեպքում լիազորագրում կարող է ընդամենը նշված լինել գործողության տեսակը, առանց հաշվառումից հանվող անձանց մատնանշման (օրինակ, լիազորում են հաշվառումից հանել ցանկացած անձի-/իհարկե ոչ սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող անձին/):
Հաշվառման դեպքում, եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը բացի նոտարական կարգով վավերացված լինելուց պետք է պարունակի հաշվառվող անձի տվյալները, ում սեփականատերը համաձայն է, որ հաշվառվի:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան