Քոլեջի առնվազն 14 սովորողներ են զոհվել Ֆիլիպինների Ռիսալի նահանգում տուրիստական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին հայտնել է Inquirer.net տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը, որում վթարի պահին գտնվում էԷր շուրջ 50 մարդ, էլեկտրասյանն է բախվել փետրվարի 20-ի առավոտյան: Ենթադրվում է, որ վթարի պատճառ է դարձել արգելակների խափանվելը: Պորտալի տվյալներով՝ ուսանողներն արշավի էին մեկնել Ռիսալի նահանգի Տանայ բնակավայր:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Կառլոս Ինոֆրեի խոսքով՝ վարորդը, ենթադրաբար, ավտոբուսի կառավարումը կորցրել է բավականին մեծ արագությամբ ընթանալիս և գիտակցաբար է այն ուղղել էլեկտրասյան վրա, որպեսզի կանգնեցնի փոխադրամիջոցը:
Ինչպես նշում է պորտալը, զոհերի թվում կան չորս աղջիկներ, բոլոր զոհվածները ֆիլիպինյան քոլեջներից մեկի սովորողներ են: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը լրջորեն տուժել է:
Կատարվում է միջադեպի հետաքննություն: Վթարի վայր են ժամանել ուսումնական հաստատության ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: