Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված էին առաջին տարբերակում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թրամփի վերանայված հրամանագրի գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի և Լիբիայի քաղաքացիները:
Բացառություն կդառնան ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները և այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել և մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը, հրամանագրի վերջնական տարբերակը կհրատարակվի մոտ ժամանակներս: Թրամփն ինքը խոստացել է նոր հրամանագիրը հրապարակել այս շաբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: