«Ժառանգություն»-ը հեռացել է իր սկզբունքներից և ծրագրից
Advertisement 1000 x 90

«Ժառանգություն»-ը հեռացել է իր սկզբունքներից և ծրագրից

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել լքել «Ժառանգություն» կուսակցությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ արդեն ժամանակն էր նման որոշում կայացնելու, քանի որ սպասել է, փորձել է կանխել «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինք կազմելու կուսակցության որոշումը, սակայն  չի հաջողվել: «Պետք է ասել, որ բոլոր նրանք, ովքեր կայացրին այդ որոշումը, առաջին հերթին իրենք հեռացան «Ժառանգություն»-ից, քանի որ նրանք հեռացան այն ընդհանուր սկզբունքներից և արժեքային համակարգից, որոնք կրում էր կուսակցությունը: Դրա համար էլ ես հայտարարել եմ, որ իմ արժեքային համակարգն այլևս  անհամատեղելի է «Ժառանգության» հետ»,- ասաց Փոստանջյանը:

Մանրամասնելով խոսքը` պատգամավորն ընդգծեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձևավորվել է մի ընդհանուր փաստաթղթի ստորագրման արդյունքում, որում կան «Ժառանգության» որդեգրած սկզբունքներին չհամապատասխանող կետեր: «Բացի այդ, այն անձինք, ում հետ «Ժառանգություն»-ը համագործակցելու է դաշինքի շրջանակներում, այն անձինք, ում հետ համագործակցում են,… չեն կիսում կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարակից չեն և  չեն համապատասխանում այն արժեքային համակարգին, որն ուներ «Ժառանգությունը»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Նա հավելեց, որ իրականում խնդիրը ոչ թե անձերն են, այլ այն, որ այդ դաշինքը չունի հստակ ծրագիր, թե ինչ քայլեր են արվելու և ինչ ժամկետներում: «Ժառանգությունն» ուներ հստակ ծրագիր, դա կյանքի կոչելու հստակ ժամանակացույց, իսկ ստորագրված փաստաթղթում ես այդ ամենը չտեսա, ուստի այս քայլով «Ժառանգությունը» հեռացավ իր ծրագրից և այն կյանքի կոչելու հնարավորությունից»,- եզրափակեց Փոստանջյանը: