Սևան քաղաքից տեղեկացանք,որ ԱԺ ընտրությունների պատճառով Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 42-ամյա տնօրեն, ՀՀԿ Սևանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը դժվար իրավիճակում է հայտնվել: 2017թ. փետրվարի 1-ին նա վերընտրվել է նշված դպրոցի տնօրենի պաշտոնում:
Նույն աղբյուրների վկայությամբ՝ մինչ այդ ընտրությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նրան կանչել է իր մոտ և ասել՝ ինքը տեղյակ է, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած Սևան համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ Աննան մարզպետի նախընտրած թեկնածուին չի պաշտպանել: Մարզպետն ասել է, որ այս անգամ դա նրան կներվի, եթե Ա. Նիկողոսյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-օգտին 2 հազար ձայն բերի, այլապես պաշտոնից ազատվելու դիմում կներկայացնի:
Աննա Նիկողոսյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում, զբաղեցրել 148-րդ տեղը, միաժամանակ ընդգրկվելով Գեղարքունիքի մարզը ներառող թիվ 8 ընտրատարածքի ՀՀԿ վարկանիշային ցուցակում: Սևանի թիվ 1 հիմնական դպրոցից ստացած տեղեկություններով՝ մարզպետի առաջադրանքը կատարելու համար Աննա Նիկողոսյանը քայլեր է ձեռնարկում, նրա հրահանգով դպրոցի դասղեկները սկսել են ցուցակագրել աշակերտների ծնողներին:
Տնօրենն իր մոտ է կանչել ուսուցիչներին և ասել, որ նրանք կազատվեն աշխատանքից, եթե ինքը մարզպետի պահանջած թվով ձայներ չապահովի: Աննա Նիկողոսյանի եղբորը՝ Արամ Նիկողոսյանին մարզպետ Ռ. Գրիգորյանը 2 տարի առաջ ազատել է Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: Նա մարզպետից վրեժխնդիր լինելու համար Սևան համայնքի ղեկավարի ընտրություններում կանգնել է գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի կողքին, ով ընտրություններում պարտվել է: ԱԺ ընտրություններից առաջ Արամ Նիկողոսյանը դժվար կացության մեջ է հայտնվել:
Մի կողմից հարազատ քրոջը պետք է սատարի, որպեսզի մարզպետի նշած ձայները ապահովի, մյուս կողմից՝ նույն ընտրատարածքում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվածների մեջ է նախկինում ՕԵԿ անդամ, 2017թ. հունվարի 26-ից ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Բոթոյանը, ում հետ Արամ Նիկողոսյանը սերտ կապեր ունի, նաև ապավինում է Բոթոյանի աջակցությանը, որպեսզի վերադառնա հիվանդանոցի տնօրենի պաշտոնին:
Զանգահարեցինք Աննա Նիկողոսյանի բջջային հեռախոսահամարին: Նա բազում անգամ ժխտեց, որ մարզպետն իրեն ձայներ բերելու հանձնարարական է տվել, ինքն էլ ուսուցիչներին է ներգրավել այդ գործում, ասաց, որ մենք կարող ենք այդ կապակցությամբ տեղում ուսումնասիրություններ կատարել:
Աննան իր եղբորը հիվանդանոցի տնօրենի պաշտոնից ազատելու մասին ասաց, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, պայմանագիրը լուծել են: Դպրոցի 42-ամյա տնօրենին հարցրինք՝ ինքն ի՞ր ցանկությամբ է ընդգրկվել այդ ընտրատարածքի ՀՀԿ վարկանիշային ցուցակում: Նա դրական պատասխանեց: Հարցրինք. «Այսինքն՝ դուք մրցակցելո՞ւ եք Կարեն Բոթոյանի և վարկանիշային ցուցակում մյուս ընդգրկվածների հետ:
Նա ասաց. «Մենք ինչպե՞ս կարող ենք մրցակցել, մենք մի թիմ ենք, ՀՀԿ թիմ ենք»: Հարց տվեցինք՝ ինքը գիտի՞, թե ովքեր են ընդգրկված այդ ընտրատարածքի ՀՀԿ վարկանիշային ցուցակում: Նա պատասխանեց, որ եթե մենք տեղյակ ենք, դա էլ կիմանանք: Հարցը կրկնեցինք, Ա. Նիկողոսյանն ասաց, որ չգիտի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից