Մեզ հաճախ են մեղադրում կարևոր իրադարձությունների ու աչքի ընկնող անհատների մեջ հայկականը տեսնելու «սնապարծության» համար, բայց ինչպես ասում են՝ եթե ծուխը կա՝ ուրեմն կրակից է ելել: Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ևս զերծ չի մնացել հայերիս նմանօրինակ «նկրտումներից»:
Վերջերս հայկական լրատվամիջոցներով տարածվել է հետաքրքիր տեղեկություն, թե դա Վինչիի ծածկագրերի մի մասը կարդացվում է հայերեն, այն էլ ոչ թե սովորական ձևով, այլ հայելային անդրադարձմամբ, երբեմն էլ՝ գլխիվայր շրջված: Այդ բացահայտման մասին դեռևս 2008 թ. դեկտեմբերի 25-ին ռուսական մամուլում «Դա Վինչիի ծածկագիրը» վերնագրով հոդված է հրապարակել Եգոր Օռլովը: Արվեստի պատմաբանները վաղուց բացահայտել են, որ 1452-1519 թթ. կյանքն ապրած նկարիչն ու գիտնականը, որ ամենուր գնում էր նշումների ալբոմը գոտուց կախ, հազարավոր ձեռագիր էջեր է թողել, որոնց մեծ մասը՝ ծածկագրված: Նրա շատ ծածկագրեր վաղուց վերծանվել և ուսումնասիրվել են, այդ թվում՝ լատինագիր նշումների հայելային անդրադարձումները: Տեղեկություններ կան, որ աշխատելիս Լենարդոն հայելիներ է օգտագործել:
Վերջին բացահայտման հեղինակը Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնի շրջանավարտ, այժմ ՌԴ Լիպեցկ քաղաքի բնակչուհի Արմինե Խաչատրյանն է: Իրապաշտները գուցե անհավանական համարեն Արմինեի հետ կատարվածը, բայց պարտավոր ենք խոստովանել՝ մեր հայրենակցուհու բացահայտման մեջ մեծ դեր է խաղացել… երազը: Հայրենիքից հեռու ապրուստ վաստակելու համար նկարչի վրձինը մոռացած Արմինեին տարիներ առաջ երազում երևացել է գեղանկարչության նրա կուռքը՝ Լեոնարդո դա Վինչին և առաջարկել կրկին վերադառնալ նկարչությանը ու գրել միաժամանակ երկու ձեռքով: Անհավանականը շարունակվում է Արմինեի տեսողության առանձնահատկությունների նկարագրությամբ՝ նա կարողանում է կարդալ շատ մանր գրանշանները, ասես աչքերը «տասն անգամ մոտեցրած հեռադիտակի» փողեր լինեն: Սակայն այս դեպքում անհավանականը հավաստի է դառնում հոդվածին կցված բժշկական եզրակացությամբ, առ այն, որ Արմինե Խաչատրյանի տեսողությունը յուրահատուկ է: Այս ամենը քիչ է՝ նկարչուհին նաև կարողանում է կարդալ թե հայելային անդրադարձմամբ նշանները, թե գլխիվայր շրջվածները. սա էլ երեխա ժամանակ դասերը եռափեղկ հայելու առջև սովորելու շնորհն է:
Մարգարեական երազից հետո գրախանութ վազելով՝ Արմինեն բացում է Վերածննդի հսկայի վերատպությունների գրքի պատահական էջը. «Ես բացեցի այն էջը, որտեղ «Սիրտ» նկարն է: Նայեցի վերատպությանը և ախ քաշեցի: Այն տեղում, ուր սիրտն է պատկերված, հստակ հին հայերեն տառեր տեսա»:
Դա Վինչիի գծանկարը վերծանել է Արմինե Խաչատրյանը
Գիրքը տուն տանելով՝ Արմինեն սկսել է կարդալ վերատպության անկյան գլխիվայր գրությունը. «Մասիս սարի ճակատին՝ Մուշ երկրում, ես լսեցի, որ թուրքերը խարույկի են հանել մորս քույրերին»: Տեղեկատուների օգնությամբ նա փորձել է ընթերցածն իմաստավորել:
Հոդվածագիրը ենթադրություն է անում, թե «Սիրտ» նկարում պատկերվածը ոչ թե սոսկ երկու սրտեր են, հավանաբար մոր և մանկան, այլ Արարատ սարը՝ իր երկու գագաթներով: Չմոռանանք, որ համաձայն առասպելի՝ Սիսն ու Մասիսը նման են երկու սրտերի՝ մեծահասակի ու մանկան: Արմինեն վերծանելով ծածկագիրը՝ եզրակացնում է, որ նկարում արտացոլված է հինգ տարեկանում մորից հեռացված Լեոնարդոյին մաշած կարոտը: Պատմությունը ևս դա է հաստատում. այն ժամանակ, երբ նկարիչն ստեղծել է «Սիրտը»՝ Օսմանյան կայսրությունը բզկտել է Հայաստանը, որը կարճ դադարներով եղել է նաև թուրք-պարսկական կռիվների թատերաբեմ: Օռլովը եզրակացնում է. «Դրանց սարսափների մասին, երևում է, նկարիչը ցանկացել է սերունդներին պատմել»: Ի լրումն ասվածի՝ երբեմն-երբեմն կարծիքներ են հնչում, թե Լեոնարդոյի գեղջկուհի մայրը Կիլիկիայից Իտալիա տեղափոխված հայերից է եղել:
Երբ իր վերծանած հայերեն շարադրանքը Արմինե Խաչատրյանը ցույց է տվել հայագետ Ներսես Մկրտչյանին, նա հաստատել է, որ դա 12-րդ դարի հայերեն է: 16-րդ դարի Իտալիայում 12-րդ դարի հայերենի առկայությունը նրանք բացատրում են այսպես. 12-րդ դարում մեծ թվով հայեր Կիլիկիայից Իտալիա են գաղթել և ըստ երևույթին գրեթե քարացած վիճակում պահպանել իրենց հետ տարած հայերենը, մինչդեռ բնօրրանում լեզուն բնական ճանապարհով փոփոխվել է:
Քանի որ Լեոնարդոյի նկարների անկյուններում գրվածները վերծանելը Արմինեին շատ պարզ է թվացել, մտածել է, թե գաղտնիքը վաղուց բացահայտված է: Սակայն իր երազից ամիսներ անց լսել է, թե ինչպես է «Երեխան մոր արգանդում» նկարի գնման առնչությամբ (ձեռք բերողը եղել է Անգլիայի թագուհին) հաղորդավարն ափսոսանք հայտնում, թե այնտեղ եղած գրությունը ոչ մի կերպ չի հաջողվում վերծանել:
– Ինչպես թե,- բացականչում է նկարչուհին,- ախր այնտեղ շատ պարզ գրված է. «Վախով եմ գրում, հանկարծ մայրս չնկատի»:
Ինչպես պարզվում է Ե. Օռլովի հոդվածից՝ Արմինեն Լեոնարդոյի վերաբերյալ իր բացահայտումների մասին գիրք է գրել: Այնտեղ այլևայլ հետաքրքրական տեղեկություններ կան, օրինակ՝ Ջոկոնդայի ճակատին արված հայերեն գրության մասին՝ «Ամաչկոտ», անկյունում էլ գրված է. «Ների՜ր, մունետիկ» և այլն: «Ես՝ Վաչիս» գրությունից էլ եզրակացնում է, թե դա կարող էր նկարչի կնունքի հայերեն անունը լինել:
Արմինե Խաչատրյանը սովորել է երկու ձեռքով միաժամանակ գրել, ինչպես ըստ երևույթին հենց Լեոնարդոն է կարողացել անել:
Լեոնարդոյի ներքոդրյալ ձեռագրերը գտել և հայելու առջև լուսանկարել են «Լույսաշխարհ» կայքի աշխատակիցները: Թեև պարզ չի երևում, բայց ըստ ընդհանուր տեսքի՝ հայերեն գրություններ են, նշմարվում են նաև առանձին բառեր ու տառեր:
Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչություններին բազմիցս անդրադարձել է ականավոր գրող Կոստան Զարյանը: Այդ թեման նրան գրավել է դեռևս 1920-ականներին, դրա շուրջ Հայաստանից դուրս դասախոսություններ է կարդացել, 1967թ. հրապարակումներ ունեցել «Սովետական արվեստ» ամսագրում, որոնք հետագայում տեղ են գտել «Նավատոմար» ժողովածուում (1999թ.):
Կոստան Զարյանը բազմաթիվ փաստեր է բերում, որոնք հաստատում են Վերածննդի մեծ նկարչի, ճարտարապետի, գիտնականի և մտածողի ու հայերի առնչությունները:
Արվեստաբանների ու պատմաբանների մի մասը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին այցելել է Կիլիկյան Հայաստան, իսկ շատերը, հատկապես իտալացիները, ամեն կերպ դա ժխտում են, նրա «Հայկական նամակները» և տեղանքի ու դեպքերի նկարագրությունները համարում երևակայության արդյունք կամ գեղարվեստական հնարանք, ոչ ավելի, ոչ պակաս՝ ապագա վեպի նախագիծ: Կոստան Զարյանը բազմաթիվ հետազոտողների վկայությունների հիման վրա համոզիչ փաստեր է բերում ապացուցելու, որ Դա Վինչին հավանաբար որպես Եգիպտոսի սուլթանի ինժեներ, եղել է Կիլիկիայում, ավելին՝ հասել է նաև Հայաստան: Դրանց վկայությունն են բնակավայրերի ու իրադարձությունների հավաստի նկարագրությունները, որոնք պատմական փաստերով ևս հաստատվում են:
Կոստան Զարյանը հիշեցնում է, որ 15-16-րդ դարերում Ֆլորենցիայում հայերին շատ լավ են ճանաչել: Քաղաքի վրա իշխող բլրին կառուցված բազիլիկ եկեղեցին՝ Սան-Մինիատոն, եղե է Լեոնարդոյի սիրելի վայրը: Հայտնի է, որ այդ եկեղեցին նախկինում կոչվել է Սան-Մինիաս, մի հայի անունով, ով 250 թ. Տոսկանայում քրիստոնեություն է քարոզել և տանջամահ արվել: Պատանի Լեոնարդոն հաճախ է այցելել այդ եկեղեցին, սիրել է զննել հատկապես գլխավոր խորանի խճանկարները: Եկեղեցում նա հանդիպելիս է եղել մենաստանի անապատականների հետ, որոնք հայր Լուգանոյի վկայությամբ եղել են երկարամորուս ու հրաչյա հայեր: Հենց նրանք էլ կարող էին պատանուն պատմած լինել Հայաստանի, նրա գեղեցկության և դաժան ճակատագրի մասին: Իսկ վերածննդի Ֆլորենցիայում հայտնի են եղել առնվազն մեկ տասնյակ հայ սրբեր:
Ասվածը հիմնավորելու համար կարևոր փաստ է նաև Լեոնարդոյի ներկապնակում տեղ գտած մուգ դեղին կամ բաց շագանակագույն եզակի գույնը, որն ինքը կոչել է «տերրա Արմենա»: Այս գույնը Մեծ նկարչից բացի ոչ ոք չի օգտագործել: Եզրակացությունը բխում է ինքնին, թե հայոց հողի գույնն ունեցող այդ ներկը Լեոնարդոն բերել է Հայաստանից:
Կոստան Զարյանը նշում է, որ Լեոնարդոյի ուրվանկարներից շատերը դիտելիս հնարավոր չէ դրանք հասկանալ և բացատրել, եթե նախապես բացառես, որ նա եղել է Հայաստանում: Գրողը մեծ է համարում նաև Լեոնարդոյի դերը՝ հայկական ճարտարապետության սկզբունքերը Իտալիայում, այնուհետև Եվրոպայում արմատավորելու գործում: Նա միայն Լոենարդոյի ազդեցությանն է վերագրում այն հանգամանքը, որ Բրամանտեն լիովին հրաժարվել է գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության այն սկզբունքները, որոնք հետագայում նոր ընթացք են տվել սուրբ Պետրոսի տաճարի կառուցմանը:
ԱՄՆ-ում գործող Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանը ևս անդրադարձել է մեզ հուզող խնդրին: Նա գրում է. «Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, ինչը մեծ նկարչին և գիտնականին շաղկապում է Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն է՝ Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, «Հայոց տառերը», որոնք հայելանման արտացոլված են նրա The Codex Atlanticus օրագրում և երեք հայ տիրակալների դիմանկարները»:
Նշվում է, որ Բագարանի ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, այն կառուցվել է Արևելյան Հայաստանում՝ Ախուրյան գետի աջ ափին, 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և իր օրագրում վերարտադրել եկեղեցու նախագիծը: Բագարանի ոճի եկեղեցիներ կառուցվել են նաև Եվրոպայում, և նրանց ճարտարապետներն ու շինարարները հայեր են եղել: Այսպիսով՝ վարկածն այն մասին, թե դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա The Codex Atlanticus օրագրում արվեստաբանները նկատել են նաև երկու էջ, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայերեն տառերը և պատմել իր այցելության մասին՝ Տավրոսի լեռներ:
Արդեն 500 տարի հետազոտողները քրքրում են դա Վինչիի թղթերն ու ստեղծագործությունները, բացահայտումներ անում, իսկ որոշ դեպքերում ինչ-ինչ փաստեր պարտակում: Ճշմարտությունները, սակայն, ջրի երես դուրս գալու հատկություն ունեն, մնում է միայն դրանք ընդունել հավուր պատշաճի:
Ի դեպ Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչությանն է անդրադարձել նաև hay-power.com կայքը՝ «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հրապարակման մեջ:
Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
magaghat.am