Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցած առաջին հայուհին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցած առաջին հայուհին. armeniasputnik.am

Փարիզում բնակվող և Ֆրանսիան ներկայացնող Իդա Ադամովան 1928 թվականից սկսած մինչև 1930-ականների վերջը մասնակցել է մեծ թենիսի միջազգային պաշտոնական տարբեր մրցաշարերին, այդ թվում նաև անգլիական Ուիմբլդոնին և Ռոլան Գարոսին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը, դառնալով պատմության մեջ այդ հանրահայտ մրցաշարերում մասնակցած առաջին հայուհին:

Իդա Ադամյանց-Ադամովան ծնվել է Մոսկվայում 1910 թվականին` Վարդան Ադամյանցի ընտանիքում: Թենիսի ճանաչված ռուս պատմաբան և լրագրող Բորիս Ֆոմենկոն իր հոդվածներից մեկում ներկայացնում է որոշ ուշագրավ տեղեկություններ.

«1917 թվականի հեղափոխությունը ստիպեց բազում մեր հայրենակիցներին թողնել իրենց օջախներն ու բռնել տարագրության ուղին՝ դեպի օտար ափեր և անորոշություն: Նման ճակատագրին արժանացավ նաև տակավին մանկահասակ Իդա Ադամովան: Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ նրա հայրը, մոսկվաբնակ մեծահարուստ Վարդանը, փրկվելով սովից, ավերից ու «չեկայի» հետապնդումներից, ընտանիքով փախավ Ֆրանսիա: Այստեղ Ադամովները բնակություն հաստատեցին փարիզյան Պասսի արվարձանում՝ Դե լա Տուր փողոցի վրա: Այդ հիմա է Պասսին համարվում ֆրանսիական մայրաքաղաքի շքեղ թաղամասերից մեկը, իսկ 1920-ականներին այն ընդամենը մի խաղաղ ու աննկատ արվարձան էր, որտեղ բնակարանի վարձը լիովին համապատասխանում էր միջոցների մեջ խիստ նեղված փախստականների գրպանին»:

Այդ ժամանակ մեծ թենիսն արդեն ամենատարածված սպորտաձն էր Եվրոպայում՝ առաջին հերթին իր մատչելիությամբ և նաև այն հանգամանքով, որ պաշտոնական մրցումներին կարող էին մասնակցել և տղամարդիկ, և կանայք: Արագաշարժ ու ճարպիկ Իդան սկսում է հաճախել թենիսի մարզական խմբակ:

Բորիս Ֆոմենկոն պատմում է. «Ժամանակն անցնում էր, և ռուս էմիգրանտների կյանքը հետզհետե կարգավորվում և հունի մեջ էր մտնում: 1926 թվականի գարնանը թենիսիստների մի փոքր խումբ, ժամանակին էլիտար համարվող «Սանկտ Պետերբուրգի մարզական խմբակի» անդամները, վարձակալում են երկու մարզադաշտ «Մամեբի» ակումբի տարածքում, որը գտնվում էր Կուրբևուա փարիզյան արվարձանում, և շուտով Մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի գլխավորությամբ ստեղծում են այստեղ լաուն-թենիսի ակումբ: Դա առաջին ռուսական թենիսի ակումբն էր ոչ միայն Փարիզում, այլև ողջ ռուսական սփյուռքում: Ահա հենց այստեղ է սկսվում տակավին երիտասարդ աղջնակ Իդա Ադամովայի երկարամյա սիրավեպը լաուն-թենիսի հետ:Տաղանդաշատ աղջիկը ամեն ինչ միանգամից էր ըմբռնում և յուրացնում: 1928-ին 18-ամյա Ադամովան դարձավ արտերկրի Ռուսաստանի անդրանիկ առաջնության հաղթողը, եզրափակիչում պարտության մատնելով բազմափորձ Սոֆյա Պետրոկոկինոյին՝ անցյալում Մոսկվայի բազմակի չեմպիոնուհուն: Երկու տարի անց արդեն Իդան հաղթում է Էվիան-լե-Բլեյնի ուժեղ մասնակիցներ ունեցող մրցաշարում՝ մենախաղում և խառը զուգախաղում, այնուհետև Մոնտե Կառլոյում նվաճում մինչև 21 տարեկան թենիսիստների Երիտասարդական գավաթը: Նա ստիպված էր փոխել փախստականների համար նախատեսված իր նանսենյան անձնագիրը, այլապես չէր կարող Ֆրանսիայի սահմաններից դուրս մասնակցել միջազգային մրցումներին»:

1930-ականների սկզբից Իդա Ադամովան դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքը: Այդ ժամանակահատվածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնություններին: Նրա ամենախոշոր մարզական նվաճումները հետևյալն են եղել. 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հաղթող, 1931-ին` Հոլանդիայի և Բեռլինի, 1932-ին` Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող: Ուիմբլդոնի և Ռոլան Գարոսի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մրցաշարերում, մենախաղում Ադամովան հասել է մինչև 3-րդ փուլ, Ռոլան Գարոսի զուգախաղերում` մինչև եզրափակիչ:
1935 թվականին Իդա Ադամովան ամուսնանում է ֆրանսիացի գրող և հրապարակախոս Կլոդ Բուրդեի հետ և ունենում երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր:

Իր մարզական կարիերան Ադամովան ավարտում է 1930-ականների վերջին, սակայն ակտիվ սպորտից չի հեռանում, հայտնի է, որ նա որոշ ժամանակ աշխատել է որպես մարզիչ: Իդա Ադամյանց-Ադամովան մահացել է 1993-ին, 82 տարեկանում: Թաղված է Փարիզում, Պասսիի գերեզմանատանը:

armeniasputnik.am