«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Աննային, հասուն տարիքում մարմնավորած 26–ամյա դերասանուհի Անի Ղազարյանը երկար տարիներ է՝ աշխատում է թատրոնում, նկարահանվում ֆիլմերում։ Tert.am Life–ն Անիի հետ զրուցել է կարիերայի և ընտանիքի մասին։
–Անի, ինչպե՞ս եք սկսել Ձեր առաջին քայլերը դերասանական ոլորտում։
–2006թ-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Երկրորդ կուրսում բեմադրեցինք «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը, որտեղ մարմնավորում էի աղվես Ալիսային։ Այդ դերակատարումով աչքի ընկա և առաջարկ ստացա խաղալ Համազգային թատրոնում։ Այնտեղ ինձ միանգամից գլխավոր դեր վստահեցին: Այդ ժամանակ բեմադրվում էր Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը, որտեղ մարմնավորեցի գլխավոր հերոսուհուն՝ Էլզային։ Հենց այդտեղից էլ սկսվեցին առաջին քայլերս։
–Երկար ժամանակ է՝ աշխատում եք թատրոնում, նկարահանվում եք կինոյում։ Ի վերջո, թատրո՞ն, թե՞ կինո։
–Ես չեմ կարող համեմատել թատրոնն ու կինոն։ Դրանք տարբեր աշխարհներ են ու երկուսն էլ շատ սիրելի ինձ համար։ Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ առանց կինո կկարողանամ, բայց առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ։
–Վերջին շրջանում հեռուստասերիալներում չեք նկարահանվում։ Դա սկզբունքայի՞ն հարց է, թե՞ առաջարկները քիչ են, պահանջները` շատ։
–Սկզբունքային չէ, իհարկե: 2010-ին նկարահանվել եմ «Ու՞ր է իմ տղամարդը», 2013-ին՝ «Շտապ օգնություն 3D» սերիալներում։ Դրանցից հետո առաջարկներ, իհարկե, եղել են, բայց չեմ ցանկացել նկարահանվել։
-Ինչո՞ւ:
-Ինձ համար շատ կարևոր է սցենարը: Տվյալ առաջարկների մեջ չի եղել ինձ գրավող կամ հետաքրքրող սցենար։
–«Վարդապետի լռությունը» ֆիլմում Դուք հանուն դերի կտրեցիք Ձեր մազերը։ Կերպարային փոփոխության որոշումը հեշտությա՞մբ եք կայացրել։
–Այո, շատ հեշտությամբ։ Մազերիցս հրաժարվել եմ առանց մի վայրկյան մտածելու։ Դա իմ առաջին դերն էր կինոյում։ Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանից միանգամից գլխավոր դերի առաջարկ ստանալու դեպքում, կարծում եմ, շատերը կհամաձայնեին հրաժարվել իրենց մազերից: Ես իմ քայլի մեջ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Չէ՞ որ իմ մասնագիտությունն է այսպիսին` այսօր երկար վարսերով, վաղը՝ ճաղատ, այսօր գեր, վաղը՝ նիհար…
–Կա՞ն սկզբունքներ, որոնց դեմ չեք գնա։
–Մասնագիտությանս մեջ սկզբունքներ չունեմ: Պատրաստ եմ ցանկացած փոփոխության, եթե այդ կերպարային փոփոխությունը արդարացված է սցենարով: Դերի ընտրության հարցում սկզբունքային եմ ու ցանկացած փոփոխության կգնամ միայն մի պայմանով, եթե շատ սիրեմ դերս:
-Ի՞նչ դերեր չեք մարմնավորի:
–Չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Ամեն ինչ կախված է սցենարից։
–Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը, որ երբևէ խաղացել եք։
–Թատրոնում «Լյու-բոֆ» ներկայացման մեջ մարմնավորածս մի քանի կերպարները, մասնավորապես՝ փոքրիկ աղջկա կերպարը: Այդ կերպար ստանալը բարդ էր՝ պետք է մանկական մաքրություն ու պարզություն ստանայի, չխաղայի, այլ ապրեի բեմում: Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր էր, որովհետև աղջկաս էի խաղում: Նրանից վերցրել էի իր ժեստերը, հայացքները: Շատ ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվեց: Հենց այդ ներկայացումով 2015-ին արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ Կինոյում դեռ չունեմ ամենասիրելի դերս:
–Ձեր դուստրն արդեն 6 տարեկան է: Նմա՞ն է Ձեզ։
–Կարծում եմ՝ շատ։ Դրսում ամաչկոտ, հեզ աղջնակ է, տանը՝ անասելի աշխույժ, էներգիայով լի: Ինձ նման զգացմունքային է՝ շուտ նեղանում է, հետո արագ մոռանում եղածը, երբեմն էլ, ինձ պես համառ է։
–Հաճա՞խ եք միասին ժամանակ անցկացնում։
–Վերջին շրջանում այո։ Հիմա անհամեմատ ազատ եմ ու փորձում եմ լրացնել բացականերս։)
–Երեխաների հարցերը միշտ հետաքրքիր են, ի՞նչ հարցեր է նա տալիս Ձեզ։
–Աշխարհաճանաչողական ։) Դե, ասենք, մանկապարտեզում ինչ-որ բան են սովորում, իր համար մութ տեղեր են մնում, փորձում է իր հարցերի պատասխաններն ինձանից ստանալ։ Վերջերս, առավոտյան հարցրեց՝ Անի, տառերն ո՞վ էր գրել, անունի կեսն եմ հիշում Մեսրոկկ … ։)
–Անի, երիտասարդ մայրիկ եք՝ 21 տարեկանում եք մայր դարձել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։
–21 տարիս դեռ չէր լրացել, երբ ծնվեց աղջիկս: Մի քանի ամսական էր՝ վերադարձա աշխատանքիս: Իհարկե, առանց մայրիկիս օգնության չէի կարողանա աշխատել: Դժվարությունները տարբեր տեսակի են լինում: Չկա դրանք հաղթահարելու միանշանակ բնորոշում: Ուղղակի ես չեմ վախենում ապրել:
-Երջանի՞կ եք։
-Այո, ես ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ: Պետք է կարողանաս տեսնել, գնահատել ունեցածդ և շնորհակալ լինել ամեն բացվող օրվա համար:
Ամբողջությամբ՝ life.tert.am