Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանի համար երեկ օրը տոնական էր: Նա իր փոքրիկ ընտանիքի հետ միասին նշում էր որդու ատամհատիկը, իսկ թե ինչպես է օրն անցել ու որդին ինչ է պատրաստվում դառնալ, Անին պատմել է Life.panorama.am-ին և լուսանկարներ տրամադրել:
Զրույցի սկզբում Անին նախ նկատեց, որ փոքրիկի հետ յուրաքանչյուր օրն է տոն դառնում, բայց և կես կատակ, կես լուրջ հավելեց.
«Եթե տանը բալիկ կա, ուրեմն ամեն օրը տոն է, իհարկե, օրվա վերջում վերածվում ես լավագույն դեպքում քամած լիմոնի և քեզ թվում է, թե հաջորդ օրը չես կարողանա անկողնուց վեր կենալ, բայց, փաստորեն, Աստված բոլոր մայրիկներին գերբնական ուժով ու համբերությամբ է օժտում: Ի դեպ, ամեն գիշեր, երբ Ռոբերտս պատրաստվում է քնել, մտքումս ուրախանում եմ, որ քիչ հետո վերջապես շունչ կքաշեմ, բայց հենց քնում է, սկսում եմ կարոտել ու անհամբեր սպասել լույսը բացվելուն»,- ժպիտով նշեց Անի Դաշյանն ու պատմեց Ռոբերտի առաջին ատամիկներից ու երեկվա տոնից.
«Տղաս առաջին ատամիկը բավականին շուտ՝ վեց ամսականում հանեց: Ասում են, որ տղա երեխաները սովորաբար ավելի ուշ՝ 9-10 ամսականում են առաջին ատամիկները հանում, բայց փաստորեն ամեն բան շատ ինդիվիդուալ է: Ու թեև Ռոբերտի առաջին ատամիկները շուտ էինք նկատել, բայց ատամհատիկի արարողությունը կազմապերպեցինք երկու ամիս անց: Ի դեպ՝ ատամհատիկի բոլոր աքսեսուարները դեռ ամիսներ առաջ մայրիկս էր Երևանից ուղարկել ու ամեն օր հարցնում էր, թե երբ ենք նշելու: Մենք էլ ամեն շաբաթ ասում էինք՝ հաջորդ շաբաթ կնշենք ու այդպես շաբաթներ անցնելուց հետո ընտրեցինք փետրվարի 23-ը»,- պատմեց երջանիկ մայրիկը:
Ռոբերտն արդեն ութ ամսական է: Մայրիկի խոսքով՝ նա շատ աշխույժ բալիկ է.
«Այս շրջանում Ռոբերտի հետ հաղթահարում ենք ոչ միայն նոր ատամիկների «գալուստը», այլև նոր ուտեստների համտեսման փորձությունները: Նաև տղաս փորձում է առաջին քայլերն անել: Նա օր օրի ավելի շատ բան է հասկանում ու իր ներկայությամբ մեզ երջանիկ դարձնում»,- նշեց Անի Դաշյանը:
Հաղորդավարուհու խոսքով, եղանակաների տաքանալուն պես, փոքրիկ Ռոբերտին ծնողները կբերեն հայրենիք. Այդ օրվան Անի Դաշյանի ընտանիքը շատ է սպասում: