Դեպի քաղաքականություն. լրագրողներն՝ ընտրական ցուցակներում. media.am
Advertisement 1000 x 90

Դեպի քաղաքականություն. լրագրողներն՝ ընտրական ցուցակներում. media.am

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված կուսակցություններում և դաշինքներում, ինչպես նախորդ քվեարկությունների ժամանակ, թեկնածուների շարքում ընդգրկված են գործող և նախկին լրագրողներ:

«Ազատ Դեմոկրատներ»-ի համապետական ցուցակում կա երկու լրագրող՝ կուսակցության նախկին և ներկա մամլո խոսնակները: Անժելա Խաչատրյանը «Ժամանակ« օրաթերթում և 1in.am կայքում է հիմնադրման օրվանից: Սոնա Մինասյանն աշխատել է «Երկիր» թերթում և «Շանթ» հեռուստաընկերությունում:

«ԵԼՔ» դաշինքի համապետական ցուցակով առաջադրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նույն պարբերականի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը, «Հետք»-ի նախկին լրագրող Լենա Նազարյանը, Araratnews.am կայքի և «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, Disabilityinfo.am կայքի հիմնադիր և խմբագիր Զարուհի Բաթոյանը, արձակագիր և «Հրապարակ» օրաթերթի նախկին լրագրող Համբարձում Համբարձումյանը, «Շանթ» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նախկին լրագրող Սրբուհի Գրիգորյանը:

«Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակում են «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության նախկին լրագրող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Դաշինքի համամասնական ցուցակում է նաև Lurer.com կայքի նախկին գլխավոր խմբագիր, մի քանի կայքերի և «Փաստ» օրաթերթի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի նախկին լրագրող, ֆոտոլրագրող Անի Գևորգյանը, ինչպես նաեւ լրագրող և սցենարիստ Տիգրան Պասկեւիչյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ցուցակում են նախկին լրագրողներ Մհեր Շահգելդյանը, Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաև Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ և վարող Էդգար Առաքելյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակում են «Երկիր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանը, Հանրային ռադիոյի «Կամուրջ» ստեղծագործական ծրագրի նախկին ղեկավար Ռուզան Առաքելյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Մանուկյանը:

ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու են առաջադրված նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Երկիր» պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը և 1990-ական թվականներին ՀՅԴ պաշտոնաթերթերին ու պարբերականներին թղթակցած Արտյուշա Շահբազյանը:

ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է՝ նախկինում հայկական հեռուստատեսության սիրված դեմքերից մեկը: Նա Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան, լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր։ 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։

Արդեն երկրորդ անգամ ՀՀԿ-ի ցուցակում տեղ է գտել «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի անունը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Սամվել Ֆարմանյանը նույնպես կարող է հերթական անգամ հայտնվել ապագա խորհրդարանում: Նա ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է:

Հանրային հեռուստաընկերության եթերում «Եռանկյունի» քաղաքական հաղորդման հիմնադրումից և վարումից հետո Արմեն Աշոտյանը, որը հարազատ կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարն է, նույնպես լրագրողների՝ մեր այս ցանկում լինելու իրավունք է ձեռք բերել:

ՀՀԿ շարքերում է նաև «Արմենպրես» գործակալության նախկին լրագրող Շուշան Սարդարյանը:

ՀՀԿ-ն առաջադրել է նաև «Իրավունք» թերթի նախկին խմբագիր Հայկ Բաբուխանյանի և Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի թեկնածությունը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակում է 7or.am կայքի լրագրող Արեգնազ Մանուկյանը:

Լրագրող չկա միայն Հայաստանի Կոմունիստական կուսակցության համապետական ցուցակում:

Գագիկ Աղբալյան

Հ.Գ. Մեր ցանկը կարող է ամբողջական չլինել: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք այն լրացնել՝ օգտագործելով հոդվածի մեկնաբանությունների դաշտը

media.am



Նման նյութեր