«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Կարինե Մկրտչյանի պատմությունը, ում մասին առիթ ունեցել ենք գրել, երբ ներկայացնում էինք 2016-17 թթ. Չիվնինգի կրթաթոշակառուներին: Կարինեն Գյումրի քաղաքից է, վերջին 5 տարիներին զբաղվել է սեփական բիզնեսով: Նրա բիզնեսը ներառում է երկու ուղղությամբ հագուստի արտադրություն՝ սպասարկման ոլորտի և սպորտային. «Էքսկլյուզիվ ու բարդ գործեր էին: Հետո սկսեցի արտասահմանից պատվերներ ստանալ ու զգացի, որ պատրաստ չեմ միջազգային շուկայում դերակատարություն ունենալ: Շատ մանր-մունր հարցեր կան, որոնց պետք է պատրաստ լինել, իսկ ես՝ որպես մի երկրի քաղաքացի, որը ձեռնարկատիրական մշակույթ չի ունեցել, դժվարությունների էի հանդիպում: Հայաստանյան շուկան էլ շատ փոքր էր որևէ ձեռնարկություն զարգացնելու համար: Դրա համար որոշեցի կրթություն ստանալ դրսում: Ինչքան էլ փորձեցի սեմինարների միջոցով այդ բացը լրացնել, չհաջողվեց, որովհետև հիմնականում այդ սեմինարներն անցկացնում են մարդիկ, որոնք կյանքում մի գրիչ վաճառած չկան: Իբր իրենք բիզնես անել գիտեն, մի հատ էլ փորձում են սովորեցնել: Իհարկե, կան բացառություններ, բայց Հայաստանում հնարավոր չէ այնպիսի գիտելիք ստանալ ձեռնարկատիրության մասին, որ կարողանաս պատրաստ լինել գլոբալ շուկա մտնելու»:
Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի միջոցով Կարինեն հնարավորություն է ստանում գիտելիքների բացը լրացնել Միացյալ Թագավորությունում. «Չիվնինգի շնորհիվ հիմա բարձրակարգ կրթություն եմ ստանում Եվրոպայում: Սովորում եմ Էդինբուրգի համալսարանի Ձեռնարկատիրություն և նորարարություն մագիստրոսական ծրագրում, որը նորություն է նաև այս համալսարանում: Այստեղ, իհարկե, կան բիզնեսի կառավարման, ֆինանսների, մենեջմենթի ծրագրեր, բայց բիզնեսի ինովացիան առաջին տարին է անցկացվում, ու իրենց համար էլ է փորձարկման նման մի բան: Հենց առաջին կիսամյակից դասախոսները մեզ հետ քննարկել են՝ ինչն է լավ, ինչը կցանկանայինք, որ փոխվեր, և այլն, ինչը շատ կարևոր է»:
Կարինեն նշում է, որ աշխարհի տարբեր երկրներից փորձագետներ են հրավիրվում, որոնց տված գիտելիքները շատ կարևոր են ձեռնարկատիրության ոլորտում առաջընթացներ գրանցելու համար. «Մենք աշխատում ենք տարբեր ձեռնարկությունների հետ, սովորում, թե ինչպես փոքր բիզնեսը վերածել մեծ բիզնեսի, ու այդ ամենը՝ պրակտիկ ձևով: Հիմա երկու ընկերության հետ ենք աշխատում. մեկը՝ մեծ՝ հիմնավոր, մյուսը՝ փոքր՝ նորաստեղծ: Հիմա մենք խորհրդատվական խմբերի ենք բաժանվել ու պետք է իրենց խորհրդատվություն մատուցենք՝ բիզնեսը կառավարելու, շուկա մտնելու ուղղությամբ: Առաջին կիսամյակում հիմնականում տեսական գիտելիքներ էինք ստանում, իսկ հիմա՝ գործնական: Հիմա աշխատում ենք լայ-ֆայի վրա, որը լույսի միջոցով փոխանցվող ինտերնետն է, իսկ բոլորին ծանոթ վայ-ֆայը ռադիոալիքների միջոցով է փոխանցվում: Դա մեր համալսարանի գյուտն է, ու արդեն ստեղծվել է ընկերություն, որը զբաղվում է դրա կոմերցիալիզացիայով: Մենք բաժանվել ենք խմբերի ու պետք է վերլուծենք լայ-ֆայի՝ շուկա մտնելու ռազմավարությունը: Ամեն խումբ տարբեր շուկաների հետ պետք է աշխատի, ինչը գործնական մեծ աշխատանք է ենթադրում»:
Նմանատիպ տարբեր նախագծերում գործնական գիտելիքները, Կարինեի խոսքով՝ հնարավորություն են տալիս հասկանալ բրիտանական շուկան, մարքետինգային տարբեր ուղղություներ, թիմերի կառավարումը. «Թիմի մակարդակն էլ շատ բարձր է, քանի որ ամբողջ աշխարհից հավաքված ու լավագույն համալսարաններն ավարտած երիտասարդներ են, որոնց մի մասը սեփական բիզնես ունի: Պատկերացրեք, թե իրարից ինչքան են սովորում: Օրինակ՝ եթե հնդիկ կա մեզ մոտ, ապա հեշտությամբ կարող ես իմանալ՝ Հնդկաստանում գործարար միջավայրն ինչպիսին է, նույնը՝ նաև այլ երկրների ուսանողների դեպքում: Այսինքն՝ աշխարհը փոքրանում է, ամբողջ աշխարհից շատ տաղանդավոր մարդիկ հավաքվել են մի տեղում, և ավարտելուց մի քանի տարի հետո ամբողջ աշխարհում հսկայական ցանց կունենանք: Իմ կյանքը փոխվում է, ամեն րոպե, ամեն պահի ես դա զգում եմ»:
Նա ընդգծում է, որ հնարավորություն է ստացել դուրս գալ Հայաստանի փոքրությունից. «Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ խնդիրներով, և ամեն ինչը մեր քայլերի և տրամաբանության վրա մեծ ազդեցություն է թողնում: Իսկ մեկ տարի Հայաստանից դուրս գալը զարգանալու, մտածելու հնաարավորություն է տալիս: Հայաստանում ես մտածելու ժամանակ չունեի, քանի որ ամեն օր զբաղված էի հաջորդ օրվա խնդիրները լուծելով»:
Կարինեն նշում է, որ սկզբում դժվար էր Բրիտանիայում ադապտացվելը, որովհետև, ըստ նրա՝ տեխնոլոգիական զարգացումն այնտեղ բավականին բարձր մակարդակի վրա է. «Սկզբում մի քանի շաբաթ անընդհատ հավելվածներ էի ներբեռնում՝ համալսարանի հետ կապված, որովհետև ամեն ինչ տարբեր էր այստեղ: Մեր համալսարանն ամբողջ քաղաքում ցրված է, տարբեր շենքեր ունենք, և ես իմ ուսանողական քարտով բոլոր շենքերի բոլոր գրադարաններում մուտք ունեմ՝ օրվա 24 ժամը: Նույն ուսանողական քարտով կարող եմ համալսարանի սրճարաններից գնումներ կատարել, այսինքն՝ ինչպես բանկային քարտի վրա ենք գումար ունենում, այնպես էլ՝ ուսանողական քարտի: Այս ամենը խորթ է մեզ, և ժամանակ էր պետք, որ սովորական դառնար ինձ համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Բրիտանիայի բուհական համակարգերի տարբերությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն հսկայական է. «Ես չգիտեմ՝ ով է մեր համալսարանի ռեկտորը, այսինքն՝ ուսանողն ընդհանրապես գործ չունի վարչական խմբերի հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի ինչ-որ համալսարանի ուսանող չիմանա այդ մարդկանց կամ չառնչվի նրանց հետ: Այսինքն՝ սա նախ և առաջ՝ մի տեղ է, որը նախատեսված է ուսանողի համար: Ուսանողը կարող է դասի ժամանակ ուտել, սուրճ խմել, դուրս գալ դասից, չլսել դասախոսին, հետո դասի կեսից նորից մտնել լսարան: Այսինքն՝ դասախոսը որևէ իրավունք չունի նկատողություն անելու, որովհետև հասուն մարդու տեղ են դնում. ուսանողին պետք է, որ դո՞ւրս գա, դուրս է գալիս, ուտե՞լ է ուզում, ուտում է, որ կենտրոնանա դասերի վրա, և այլն: Բացի այդ, անընդհատ հարցնում են, թե ինչից ենք գոհ կամ դժգոհ, որովհետև այստեղ համալսարանները մրցակցության մեջ են: Այստեղի բոլոր համալսարանները շատ հագեցած գրադարաններ ունեն, որտեղ ահռելի մեծ թվով համակարգիչներ կան դրված. կարող ես հանգիստ աշխատել»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ուսանողների ազատ պահվածքը հետո չի անդրադառնում քննական գնահատականների վրա, ինչպես Հայաստանում է, երբ դասախոսը, այսպես ասած՝ վրեժ է լուծում ուսանողներից: «Քննությունները հիմնականում անանուն են, դասախոսը չգիտի՝ ում թուղթն է ստանում: Անհատական քննություններն էլեկտրոնային տարբերակով են անցկացվում, բայց ունենք նաև խմբային աշխատանքներ, որտեղ գիտեն, թե ովքեր են խմբի անդամները: Դասախոսը ստուգում, գնահատում է, հետո նոր իմանում՝ ում աշխատանքն է եղել, ինչը շատ կարևոր է: Բայց մի նրբություն էլ կա. երբեք ուսանողի գնահատականը մյուս ուսանողների մոտ չեն ասում, եթե ուսանողներն իրար մեջ ուզում են կիսել այդ ինֆորմացիան, կիսում են: Դասախոսը երբեք որևէ մեկին չի խրախուսում, որ տարբերություններ չստեղծվեն: Դա շատ կարևոր հանգամանք է, իսկ Հայաստանում այդ անանունության և հավասար վերաբերմունքի մշակույթը չկա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Խոսելով ապագայի պլանների մասին՝ Կարինեն ասաց, որ նպատակ ունի հագուստի մոդելավորման իր ձեռնարկությունը զարգացնել և տանել էլեկտրոնային բիզնեսի. «Ուզում եմ նաև ստացածս գիտելիքները փոխանցել մյուսներին՝ ծավալելով խորհրդատվական գործունեություն, քանի որ ստացածս թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքները շատ նոր են, և կցանկանամ դրանք կիսել»:
Ռազմիկ Մարտիրոսյան