Նրան ճանաչում են գրեթե բոլոր հայերը: Գրեթե բոլոր հայերը սիրել են «Հեղնարաղբյուրի» Մանանին, գրեթե բոլոր հայ տղամարդիկ սիրահարվել են «Հայրիկի» Մայային, գրեթե բոլոր հայերն ատել են թուրք Թալեաթի «կնոջը»… իսկ նա միշտ եղել է նույն Կարինե Քոչարյան-Սուքիասյանը, որ սիրել է թատրոնը,կինոն, բեմը, մարդկանց:
«ՀԱՅԵՐ»-ի բացառիկ զրույցը դերասանուհու հետ երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ Երևան-Նյու Յորք-Երևան հետագծով:
– Ձեր մուտքը թատրոն, եթե չեմ սխալվում, կապված է Վարդան Աճեմյանի հետ: Ինչպե՞ս էր սկիզբը, ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս տեսաք Աճեմյանին:
– Այո, իմ մուտքը թատերական աշխարհ կապված է մեծագույն արվեստագետ, ռեժիսոր և հանճարեղ մարդ Վարդան Աճեմյանի հետ: Ես հպարտ ու երջանիկ եմ, որ եղել եմ նրա ուսանողուհին ու ձևավովել եմ նրա արվեստանոցում: իմ ընդունելության հետ կապված հետաքրքիր պատմություն կա. ես առաջին փուլից հետո ընկա, կոտրվածքով տեղափոխվեցի հիվանդանոց ու չկարողացա մասնակցել մյուս քննություններին:
Վարդան Աճեմյանն իմանալով այդ մասին ասել էր. «այդ աղջկան ասեք, թող սեպտեմբերի 1-ին գա դասի»: Աճեմյանի այդ պահանջն, իհարկե, օրենքի սահմաններում չէր, և նա մեծ ջանք թափեց, որպեսզի ես առանց քննությունների ընդունվեմ թատերական ինստիտուտ: Կարծում եմ ավելորդ է նշել, որ Աճեմյանն աշխարհի ամենաանկաշառ մարդն էր և ես իր համար երիտասարդ դիմորդ էի, որին առաջին անգամ էր հանդիպում: Պարզապես, երևի իմ մեջ շնորք էր նկատել հենց առաջին քննությունից:
– Ձեր առաջին ստեղծագործական տարիները տանում են Գյումրի, Վարդան Աճեմյանի անվան թատրոն: Կարծեմ 70 – ականներն էին: Ինչպե՞ս եք հիշում Գյումրին,որո՞նք են Ձեր լավագույն հիշողությունները կապված Գյումրու, թատրոնի, դերասանների հետ: Ի՞նչ հետաքրքրական մանրամասներ կպատմեք:
– Վերջին կուրսում, մինչև ավարտական վկայականներ ստանալն Աճեմյանն ինձ կանչեց և ասաց, որ ես որևէ թատրոնից աշխատանքի հրավեր չընդունեմ, որովհետև ինքն ինձ վերցնելու է Սունդուկյանի անվան թատրոն: Բայց ես պատասխանեցի, որ գնալու եմ Լենինական (Գյումրի), քանի որ ամուսինս` Վլադիմիր Քոչարյանն արդեն աշխատում էր որպես ռեժիսոր, իր դիպլոմային աշխատանքն էր անում Գյումրիում, և ես ուզում էի նրա կողքին լինել. նշեմ նաև, որ հղի էի ու մի քանի ամսից տղաս պետք է ծնվեր:
Աճեմյանի խոսքերն եմ հիշում, ասաց. «բավական չէ առանց ինձ հարցնելու այդքան շուտ ամուսնացար, հիմա էլ առանց ինձ հարցնելու Լենինական ես գնում»: Ասաց՝ մի գնա, դու հիմա արի Սունդուկյան, Վովան, որ դիպլոմայինն ավարտի, իրեն էլ կվերցնեմ, բայց ես չլսեցի: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ երիտասարդական սխալներս: Գյումրի գնալս սխալ չէր, բայց, որ այդ պատճառով զրկվեցի Աճեմյանի նման հանճարեղ ռեժիսորի հետ թատրոնում աշխատելուց՝ մեծ կորուստ էր: Չորս տարի հետո նա կրկին հրավիրեց մեզ` ինձ ու Վովային Սունդուկյան թատրոն, բայց, ցավոք, մինչ մեր տեղափոխվելը, 1977-ի հունվարին Աճեմյանը մահացավ, իսկ մենք Սունդուկյան եկանք նույն թվականի մայիսին, իր մահից մոտ 3 ամիս հետո:
Իհարկե, Գյումրիի թատրոնն ինձ շատ բան տվեց, բազմաթիվ գլխավոր դերեր, տաղանդավոր խաղընկերների՝ Ժաննա Թովմասյանի, Արզո Արզումանյանի, Արտավազդ Փաշայանի և ուրիշների հետ: Ամենահիշարժան դերը Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ներկայացման մեջ հարսնացուն էր: Նկարչական ձևավորումն արել էր Գրիգոր Խանջյանը, բեմադրությունը՝ Արա Խանջյանը: Սակայն Գյումրիում խաղացած իմ բոլոր դերերի գլուխգործոցը Վովայի «Սեր, ջազ, սատանա» ներկայացման հերոսուհին էր: Աննկարագրելի հաջողություն ունեցած ներկայացում: Տոմսերը վաճառվում էին մեծ արագությամբ, սրահում ոչ միայն նստելու, այլև կանգնելու տեղ չէր լինում, դրսում հավաքված հարյուրավոր մարդիկ, հատկապես երիտասարդները հրում էին միմյանց ներս մտնելու համար, երկու անգամ թատրոնի շենքի ապակիները կոտրեցին. ոստիկանություն էր գալիս կարգ ու կանոն պահպանելու համար: Պատկերացնում ե՞ք և այդ ամբողջը ներկայացում դիտելու համար: Կարող եք երևակայել, թե ինչ մեծ երջանկություն էր դերասանուհու համար լինել այդպիսի ներկայացման հերոսուհին:
-«Հեղնար աղբյուր»՝ Մանան: Ի՞նչ հիշողություններ են կապված նկարահանմանհրապարակի հետ: Դուք խաղում էիք Սոս Սարգսյանի հետ: Ի՞նչ էր Մանանը ԿարինեՍուքիասյանի համար: Կպատմե՞ք հետաքրքրական դրվագներ:
– «Հեղնար Աղբյուր» ֆիլմում ինձ նաև փորձեցին Հեղնարի դերի համար, բայց որոշեցին, որ շատ անմեղ դեմք ունեմ ու շատ երիտասարդ եմ այդ դերի համար: Որոշեցին հարսի փոքր դերում նկարահանել: Հիշում եմ, որ ես այդքան չէի մտածում իմ խաղի մասին, որքան հետևում էի, թե ինչպես է խաղում Սոս Սարգսյանը, մանավանդ՝ վերջին, մահվան տեսարանում:
–Երիտասարդ Կարինե Սուքիասյան, Սունդուկյան թատրոն, մեծ դերասաններ… Ինչպե՞ս կբնութագրեք տարիները, միջավայրը, թատրոնը, մարդկանց, Երևանը:
– Նախ ասեմ, որ ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, Դեմիրճյան փողոցում՝ այսպես կոչված սիրահարների փողոցում և Գյումրիի հետ որևէ առնչություն չունեմ: Երևանում միջավայրը, մարդիկ ինձ շատ ավելի հարազատ էին, քան Գյումրիում, որտեղ ես ինձ հյուր էի զգում: Ինչ վերաբերվում է թատրոնին, ես հենց առաջին օրվանից գլխավոր դերեր ստացա. 77-ի թատերաշրջանը սկսեցի Օստրովսկու «Կատաղի փողեր» ներկայացման մեջ Լիդիայի դերով, որին հաջորդեց Վահագն Դավթյանի «Ծիրանի ծառը», Գորկու «Հատակումը»՝ Վասիլիսա և այդպես իրար ետևից մի քանի տասնյակ գլխավոր դերեր. Շեքսպիր, Մոլիեր, Բոմարշե, Գորկի, հայ և արտասահմանյան ժամանակակից ու դասական հեղինակներ:
Թվելը շատ երկար կլինի: Դրա կողքին, իհարկե, բազմաթիվ հեռուստաներկայացումներ, որոնցից վերջինը եղավ իշխանուհի Աննան՝ Շանթի «Ինկած Բերդի իշխանուհին» ներկայացման մեջ: Գալով խաղընկերներիս՝ նախ ասեմ, որ ես նրանց կարոտում եմ, շատ եմ կարոտում Մետաքսյա Սիմոնյանին, Բաբկեն Ներսեսյանին, Սոս Սարգսյանին, իմ շատ սիրելի Մհեր Մկրտչյանին, Արմեն Խոստիկյանին, իմ սերնդակիցներին, ինձ շատ հարազատ դարձած սունդուկյանցիներին, որոնց հետ աշխատեցի, ցավոք, ընդամենը 17 տարի, միչև 1994 թվականը:
– «Հայրիկ», նոր Կարինե Սուքիասյան՝ Մայա, մեծ ճանաչում: Ի՞նչ տվեց Կարինե Սուքիասյանին, ի՞նչ փոխվեց Կարինե Սուքիասյանի մեջ:
– Մայան ես նկարահանվեցի 21 տարեկանում: Ի՞նչ կարող էր տալ սկսնակ դերասանուհուն Հենրիկ Մալյանի հետ աշխատանքը, Մհեր Մկրտչյանի նման խաղընկեր ունենալը, ստեղծագործական այդպիսի հրաշալի մթնոլորտում գտնվելը: Տվեց այն ամենը, ինչ որ կարող էր երազել երիտասարդ դերասանուհին: Ամենակարևորը՝ վստահություն:
– Ի՞նչ եք հիշում նկարահանման հրապարակից. Մհեր Մկրտչյան, Շերենց, մյուսները: Ի՞նչ բացառիկ հուշեր ունեք, որ կպատմեք:
– Ամեն ինչ, բայց, իհարկե, մեկ դրվագ մնացել է այնքան ծիծաղելի, որքան եղել է դեպքի օրը, չի կորցրել իր թարմությունը: Ֆրունզիկի, Մհեր Մկրտչյանի հայրիկի երազի տեսարանը նկարահանում էինք կրկեսի արենայում: Իմ գրկին նորածնի բարուր կար, անշուշտ, բուտաֆորական: Ֆրունզը մոտեցավ ինձ ասաց. «Կարինե ջան, էդ բարուրը տար տուր Շերենցին»: Ես տարա, ինքն էլ մոտեցավ, ասաց. «Շերենց, մի քիչ գրկի էս երեխուն, խեղճ աղջիկը հոգնեց»: Շերենցը մեծ հոգատարությամբ վերցրեց բարուրն ու առանց երեսը բացելու, կարծելով, որ իրական երեխա է փաթաթված բարուրի մեջ, սկսեց քայլել ու քթի տակ երգելով օրորել: Մեկ էլ նկատեց, որ ամբողջ խումբը քրքջում է, կարծեցյալ երեխայի երեսը բացեց ու տեսավ, որ սուտ է: Սկսեց վազել Ֆրունզի հետևից ու բարուրը մահակի պես ճոճելով հարվածել: Երկու մեծ երեխեքի կռիվ էր, շատ ծիծաղելի: Ֆրունզի հերթական խաղն էր՝ երեխայի պես միամիտ, համ ու հոտով Շերենցի գլխին:
– «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը խաղացիք Վլադիմիր Քոչարյանի հետ: Այդ ժամանակ արդեն ուրիշ Հայաստան էր: Ի՞նչ էր զգում Կարինե Սուքիասյանն այդօրերին:
– Նրանք, ովքեր բախտ են ունեցել այդ օրերին տեսնել «Ոտքի, դատարանն է գալիս» ներկացացումը, կարող են վկայել, որ այն միայն ներկայացում չէր, այն մի մասն էր այդ օրերին տեղի ունեցող ազգային զարթոնքի: Վովան միայն դերասան չէր բեմում, այլ ազգային հերոս էր, մանավանդ իր լույս արձակող, լայն ճակատով, բացառիկ էմոցիոնալ ու ինտելեկտուալ խաղով: Ներկայացումը ուրիշ արժեք ու երանգ ուներ, իսկ ներկայացումից հետո ժողովուրդը հավաքվում էր դերասանական մուտքի մոտ՝ Վովային տեսնելու: Սողոմոն ջան ասելով գրկում, համբուրում էին, ձեռքերն էին համբուրում:
Վերջին ներկայացումից հետո (երեք օր հետո Վովան մահացավ) մի տարեց գյուղացի կին հեկեկալով չոքեց իր առջև, Վովան բարձրացրեց, գրկեց կնոջը, որը գրկել էր Վովային՝ Սողոմոնին ու հեկեկում էր, չափազանց հուզիչ տեսարան էր: Մի տատիկ ասաց. «Սողոմոն ջան, Աստված իմ կյանքից թող առնի, քեզ տա»: Վովան շատ ծաղիկներ էր ստանում, և այդ ծաղիկները վերջում, բնականաբար, իմ ձեռքին էին հայտնվում: Ես Թալեաթի կնոջ դերն էի խաղում: Հերթական անգամ ներկայացումից հետո, մի կին ասաց. «էդ թուրքի կնիկն ինչի է՞ կողքիդ կանգնել»: Վովան ասաց. «էդ թուրքի կնիկն իմ կինն է»: «Վայ քոռանամ ես,- անկեղծ հուզվեց կինը,- էլ մարդ չգտա՞ր, գնացիր թուրքի կընգան առա՞ր…»: Սողոմոն Թեհլերյանը Վովայի վերջին դերը եղավ, ափսոս, որ չնկարահանվեց: Միայն լուսանկարներ մնացին ու… ու ժամանակակիցների հիշողությունները:
– Որտե՞ղ և ինչպե՞ս ծնվեց Կարինե Սուքիասյան – Վլադիմիր Քոչարյան սերը: Ո՞րն է Ձեր սիրո պատմությունը:
– Մեր սիրո պատմությունը, ինչպես ասում էր Դիանա Հրաչովնան՝ Հրաչյա Ներսեսյանի ազնվական դուստրը, որ թատերական ինստիտուտում անգլերեն էր դասավանդում, «մեր օրերի Ռոմեո և Ջուլետ»: Մենք ամուսնացել ենք ես` 19, Վովան` 20, տարեկանում: Վովան մահացավ 39 տարեկանում: Մենք ապրեցինք մեր երջանիկ սիրո 19 տարիները միասին, իսկ հետո… ես շարունակել եմ ապրել այդ սիրո հետ՝ շրջապատված լուսանկարներով, որոնք ինձ անընդհատ հիշեցնում են Վովայի կենդանի ներկայությունը:
– Դուք, կարծես, անսպասելի հեռացաք Հայաստանից: Ողբերգությունը, որկատարվեց Ձեր ընտանիքի հետ, հասկանալի էր, բայց հեռանալը կարծես, անսպասելի էր: Այդպե՞ս էր, թե՝ոչ:
– Տղաս Նյու Յորքում էր, սովորում էր կինոռեժիսորական ինստիտուտում: Ես գնում-գալիս էի: Այդ ժամանակ Սունդուկյանից զատ դասավանդում էի նաև թատերական ինստիտուտում և մանկավարժականի կինոռեժիսուրայի ֆակուլտետում: Ուսանողներս ինձ շատ էին սիրում: Հաճախ հարցնում էին, թե տիկին Քոչարյան կարող է՞ գնաք Ամերիկա և չվերադառնաք: Ես ասում էի, որ եթե Հայաստանում մեկ մարդ մնա, այդ ես եմ լինելու: Սակայն այնպես պատահեց, որ գնացի ու մնացի: Հիմնական պատճառը հիվանդությունս էր, բավականին ծանր, որի բուժումը տևեց մի քանի տարի, և անկեղծ ասած, եթե ես չլինեի Ամերիկայում, հաստատ կարող եմ ասել, որ 15 տարի առաջ այս կյանքին հրաժեշտ տված կլինեի:
– Ի՞նչ էր Ամերիկան Կարինե Սուքիասյանի համար: Արդյո՞ք նոր սկիզբ էր, նորից սկսելէր: Դուք նաև ժուռնալիստիկա մտաք:
– Նախ ուզում եմ մի փոքր ճշտում մտցնել: Ես Վովայի մահից հետո ազգանունս փոխեցի: Ինքը միշտ ուզում էր, որ ես իր ազգանունը վերցնեմ, բայց չէր լինում: Իր մահից հետո որոշեցի դառնալ Քոչարյան: Չեմ կարող ասել նոր սկիզբ: 94 թ. վերջին, հերթական անգամ, երբ եկա Ամերիկա, Հայաստանի շատ վատ տարիներն էին: Թատրոնի վիճակը, նույնիսկ չգիտեմ ինչ բառ գործածել…Խորեն Աբրահամյանը հասցրել էր ամբողջովին կործանել Սունդուկյանը՝ վերածելով անհաջող բիզնեսի, բար ու ռեստորանով, ժավելի ու դագաղի ցեխերով ու էլի շատ անփառունակ երևույթներով: Այդ ժամանակ ես Նյու Յորքում ներկայացումներ էի խաղում: Որոշեցի մի քիչ երկար մնալ: Մտածեցի քանի այստեղ եմ, մի գործ անեմ:
Այն ժամանակ շատ կարևոր էր հայկական հեռուստահաղորդում հիմնելը, Հայաստանն ու սփյուռքը իրար շատ վատ էին ճանաչում, ինտերնետ չկար, հաղորդակցության պակասը զգալի էր: Ես, որ Հայաստանից էի ու արդեն հասցրել էի սփյուռքը ճանաչել, զգում էի, թե որքան կարևոր է, որ մեր ժողովրդի երկու կողմերն իրար հետ կապվեն, միմյանց ավելի լավ ճանաչեն: Սկսեցի հայաստանյան լուրեր ցուցադրել: «Արձագանք» հեռուստահանդեսը հիմնեցի մինչև հիվանդանալս: Մտածում էի մի քանի տարվա օգտակար գործնեություն ծավալել ու վերադառնալ, սակայն, ինչպես ասացի, հիվանդությունը պահեց ինձ Նյու Յորքում, ուր ես միչև հիմա բժիշկների հսկողության տակ եմ:
– Կպատմե՞ք «ամերիկացի» Կարինե Քոչարյան–Սուքիասյանի մասին: Ո՞վ է Ամերիկայում ապրող Կարինե Քոչարյան–Սուքիասյանը: Նոր ընտանիք, նոր էջ: Ինչի՞ց սկսվեց, ինչպե՞ս եղավ սունդուկյանցիներ Արա Մանուկյանի և Կարինե Սուքիասյանի նոր սիրո պատմությունը:
– Միանգամից ասեմ, որ Ձեր վերջին հարցի մասին չեմ ուզում խոսել: Ինձ այնքան էլ դյուրին չէ խոսել իմ կյանքի մեծ սխալի մասին:
Ով է Կարինե Քոչարյանն-Սուքիասյանն այսօ՞ր. Նյու Յորքում ապրող հայաստանցի, հայրենիքը կարոտող սփյուռքահայ, թեև չեմ դժգոհում իմ կյանքից, արածս գործի կարևորությունից: Անհամեստություն չլինի, եթե ասեմ, որ ճանաչված ու սիրված եմ հայ համայնքի կողմից: Ապրում եմ շատ գեղեցիկ վայրում, Հաթցըն գետի ափին, դիմացս Մանհեթնն է՝ իր ողջ գեղեցկությամբ ու հզորությամբ: Հանգիստ ու հարմարավետ կյանք ունեմ, սակայն բեմը անփոխարինելի է: Դերասանուհու համար բեմից կտրվելը դաժան է:
– Ի՞նչ մնաց Ձեզ հետ Հայաստանից, ովքե՞ր մնացին՝ ընկերներ, ընկերուհիներ,խաղընկերներ: Ի՞նչ թողեցիք Հայաստանում: Ի՞նչ տարաք:
– Ինձ հետ մնաց ամբողջ Հայաստանը, իմ ապրած կյանքը: Մնացին հարազատներս ու ընկերներս, սիրահարների փողոցը, Թումանյան թանգարանն ու «թանգարանի տղերքը», որ միշտ կանգնած էին անկյունում ու խոսեցնում էին տասնութամյա Կարինեին, մնացին գեղեցիկ երիտասարդությունս, ստեղծագործական բուռն կյանքս, ուսանողներս, մետաքսե հագուստի նման ինձ շոյող, ինձ պարուրող Երևանի փողոցները, ու այն զգացողությունը, որ ինչ-որ մի տեղ հյուր եմ, ուզում եմ վերջապես տուն գնալ:
– Ինչպե՞ս եք հիշում այդ Կարինե Սուքիասյանին: Հիշում ե՞ք արդյոք:
– Հիշում եմ ու ափսոսում: Շատ կուզեի, որ Կարինե Սուքիասյանի կյանքը շարունակվեր այնտեղ, որտեղ սկսվել էր, շարունակվեր այնպես խոստումնալից, ինչպես սկսվել էր: Մտածում եմ այն Կարինեն ինչքա՜ն շատ բան արած կլիներ, ի՜նչ մեծ վաստակ կունենար այսօր և ի՜նչ երջանիկ կլիներ առանց կարոտի. Ճակատագրից որևէ մեկը չի խուսափել…:
– Դուք թանկագին հիշողություններ ունեք՝ այդ թվում և Լևոն ներսիսյանի հետկապված: Կպատմե՞ք որոշ մանրամասներ Ձեր հանդիպումներից, Ձեր ընկալումներից:
– Եթե ընկնեմ թանկագին հուշերի գիրկը, ոչ թէ եջեր, հատորներ կլրացվեն: Դեմքեր, դեպքեր, իրադարձություններ, թատրոնի ու կինոյի աշխարհ, բեմական լույսեր ու կերպարներ, անզուգական խաղընկերներ ու գործընկերներ: Սակայն, քանի որ հատկապես նշեցիք հանճարեղ Լևոն Ներսիսյանի անունը, ասեմ, որ երջանիկ եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը: Մեծագույն հայ մարդ, մեծագույն մտածող: Շատ էր սիրում Վովային: Հանրային ռադիոյի ձայնադարանում պահպանվել է Լևոն Շանթի «Հին աստվածներ» ռադիո բեմականացումը. Լևոն ներսիսյանը` վանահայր, Վովան` աբեղա:
Ինձ էլ էր սիրում, երևի՝ Վովայի շնորհիվ: Վովայի մահից հետո մի առիթով ասաց. «չէի ուզենա քո կողքին որևէ մեկին տեսնել, բայց երիտասարդ ես ու ճիշտ կլինի ամուսնանաս, բայց դերասանի հետ չամուսնանաս»: Չգիտեմ ինչու այդպես ասաց, երևի կանխազգում էր ապագաս: Իր հետ վերջին անգամ հանդիպեցի իր մահից երկու ամիս առաջ, 1999թ. սեպտեմբերին, Նյու Յորքից էի վերադարձել: Լևոն Հախվերդյանի հետ գնացինք իրեն այցի: Խնդրեցի, որ հարցազրույց ունենանք, համաձայնվեց: Դուստրն իր մոտ էր, զարմացավ, ասաց տաս տարի է, հրաժարվում է, որևէ մեկին հարցազրույց չի տվել: Երկար զրուցեցինք: Նյու Յորքից լավ խմիչք էի տարել: Հախվերդյանի հետ խմեցին, իմաստուն խոսքն ու հումորը, լուրջն ու կատակը իրար խառնած չորս ժամ միասին անցկացրինք: Այսօր, եթե հարցնեք, վստահաբար կասեմ. կյանքիս ամենահիշարժան օրը հենց այդ օրն է եղել: Ափսոս, որ այսօրվա սերունդները հնարավորություն չունեն շփվելու այդ հանճարեղ մարդու հետ: Շատ բան կփոխվեր իրենց կյանքում….
– Ի՞նչ է փոխվել Ձեր հասկացություններում այս տարիների ընթացքում դեպիթատրոնը, կինոն, մշակույթը, մարդիկ:
– Օ՜, շատ բան: Ես ապրում եմ մի քաղաքում, որն ամեն ինչի կենտրոնն է, մանավանդ աշխարհի արվեստների. խստապահանջ, բարձրագույն չափանիշներով. ասում են «եթե որևէ արվեստագետ Նյու Յորքում հաջողվում է, ուրեմն կհաջողվի ամբողջ աշխարհում»:
Բնականաբար, տարիներ շարունակ Նյու Յորքում տեսնելով արվեստի տարբեր դրսևորումները, այցելելով ցուցահանդեսներ, բացառիկ համերգներ, օպերային, բալետային, թատերական ներկայացումներ, կամ աշխարհահռչակ Բրոդվեյ շոուները, քաղաքում ամեն քայլափոխի հանդիպող արվեստի օջախները, անշուշտ ձևավորվում է նոր, ավելի նրբագեղ ճաշակ, արվեստի ավելի խորը ընկալում: Հայաստանում ապրած ժամանակ աշխարհի արվեստների մասին՝ այն էլ շատ վերապահումներով, մենք իմանում էինք միայն կարդալով: Նյու Յորքում այդ ամենն աչքիդ առջև է: Երիտասարդ տարիներին ես միայն երազում էի այդ մասին, իսկ այսօր, արդեն 20 տարուց ավելի հնարավորություն ունեմ տեսնելու բարձարվեստ գործեր: Գալով մարդկանց` ես միշտ ասում եմ. կարիք չկա ամբողջ աշխարհով շրջելու՝ այդքան շատ ազգերի հանդիպելու համար: Բավական է մեկ օր քայլել Նյու Յորքով և կտեսնես այնպիսի ազգային, մշակութային բազմազանություն, որը չես գտնի աշխարհի որևէ այլ քաղաքում: Իսկ ամենակարևորը, որ այդ բազմազանությունը չի խանգարում, որ քաղաքում տիրի խաղաղ, բարի ու հարմոնիկ մթնոլորտ:
–Ի՞նչ է ժամանակակից թատրոնն Արևմուտքում, ժամանակակից կինոն: Արդյո՞ք մենքկարող ենք լինել այնտեղ:
– Չափազանց բարձր պրոֆեսիոնալիզմ, մեծ ինտելեկտ, գրագիտություն և աշխարհաճանաչություն, նուրբ ու խորը մարդկային հարաբերություններ, արվեստագետի ոչ ստանդարտ ստերեոտիպ և ամենակարևորը՝ ազատ մտածողություն, ստեղծագործողի չափազանց մեծ լրջություն, մեծ դրամական ներդրումներ և կատաղի մրցակցություն, որտեղ հաղթող են դուրս գալիս միայն լավագույները: Արդյոք մենք կարող ե՞նք լինել այնտեղ…պատասխանը թողնում եմ Ձեզ…:
– Ձեր որդին ինչ որ առումով շարունակեց Ձեր գործը: Ի՞նչ եք ասել նրան, ի՞նչ եքհուշել, ի՞նչ ճանապարհ եք տեսնում:
– Ես սիրում եմ խոսել որդուս մասին, որովհետև շատ հպարտ եմ նրանով: Նա Նյու Յորք եկավ 19 տարեկանում, մենակ, առանց բարեկամի, հովանավորի, դրամի և օգնողի: Սկսեց աշխատել, միաժամանակ սովորելով կինոռեժիսորական ֆակուլտետում: Մինչ այժմ նկարահանել է վեց կարճամետրաժ և երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնցից առաջինը՝ «Մանհեթն ռոմանս»-ը, ֆրանս-ամերիկյան ֆիլմ է, իսկ մյուսը՝ «Խնդրում եմ եղիր նորմալ»-ն ամերիկյան արտադրության ֆիլմն է՝ նկարահանված Նյու Յորքում: Ի դեպ, այդ ֆիլմով նա մասնակցեց նաև «Ոսկե ծիրան» փառատոնին Երևանում և արժանացել երկու մրցանակի: Ֆիլմերից բացի, Հայկը զբաղվում է նաև լուսանկարչական արվեստով՝ ճամփորդելով աշխարհով մեկ: Նա ունեցել է յոթ անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքի հայտնի ցուցասրահներում, մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, արժանացել մրցանակների: Նա նաև մի քանի տասնյակ հեղինակային երգեր ունի, որոնցով մի շարք համերգներ է ունեցել Նյու Յորքում, թողարկել է երեք ձայնասկավառակ: Այժմ աշխատում է նոր լիամետրաժ ֆիլմի վրա, որպես սցենարիստ և ռեժիսոր: Կարծում եմ ավելորդ է շեշտել, թե ինչ հսկայական, լուրջ ու կենտրոնացած աշխատանք է պահանջվում Նյու Յորքում արվեստով զբաղվելու և հաջողություններ գրանցելու համար:
– Ինչո՞վ է այսօր զբաղված Կարինե Քոչարյան–Սուքիասյանը:
– Ես իմ հեռուստահանդեսն ունեմ, որ կոչվում է «Սփյուռքի ձայն»: Ստեղծում եմ հեռուստահաղորդումներ բացառապես Նյու Յորքահայության հասարակական կյանքի ու գործնեության մասին: Այսօր, այս ինտերնետային դարում, իմ հաղորդումները զետեղվում ու մնում են համացանցում, որպես յուրատեսակ արխիվ այս ժամանակաշրջանի մասին: Աշխատակցում եմ նաև «Ամերիկայի ձայն»-ին, որպես Նյու Յորքի լրագրող: Փորձում եմ զբաղվել նաև թատրոնով, բեմադրություններ եմ անում, խաղում: Անցյալ տարի բեմադրեցի Թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտա» փաստագրական գրքի հիման վրա իմ թատերականացմամբ ներկայացումը, որը պատմում է գաղտնի ապրող հայերի իրական կյանքի մասին: Խաղացինք Նյու Յորքում և Նյու Ջերսիում` մեծ հաջողությամբ: Անցյալ տարի ներկայացրեցինք նաև Հայաստանի հանդիսատեսին Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Հիմա աշխատում եմ նոր ներկայացման վրա, այս անգամ կատակերգության:
Ամբողջությամբ՝ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակ