Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Կրասնոդարի» նկատմամբ փայլուն հաղթանակից հետո հարցազրույց է տվել եկատերինբուրգյան ակումբի մամուլի ծառայությանը:
– Պատմեք «Ուրալ» վերադառնալու մասին:
– «Ուրալն» ընդառաջել է ինձ: Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են ինձ: Շնորհակալություն Գրիգորի Վիկտորովիչին: Ես ոչ ճիշտ ժամանակին առանց ակումբի էի մնացել: Ինձ խաղալ էր պետք, այլապես ստիպված կլինեի սպասել մինչև ամառ: Անչափ ուրախ եմ, որ տուն եմ վերադարձել: Ամեն ինչ շատ լավ ստացվեց: Մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մենք ինչ-որ անհավանական բան արեցինք: Սա մեր հաղթանակն է, մենք արժանի ենք դրան: Բացի այդ, մենք խաղում էինք մեր երկրպագուների համար:
– Չե՞ք զղջացել, որ հեռացել էիք «Ուրալից»:
– Կյանքում լինում է, երբ զղջում ես ինչ-որ բանի համար: Կարծում եմ, որ մարդը պետք է երբեմն սխալներ գործի, որպեսզի այլևս թույլ չտա դրանք: Ես չգիտեի, որ ամեն ինչ այսպես կստացվի: Ցանկանում էի կյանքումս ինչ-որ բան փոխել: Սակայն դա միշտ չէ, որ լավ է: Ամենակարևորը, որ ես հաղթահարեցի այդ պահերը:
– Թիմում մթնոլորտը շա՞տ է փոխվել:
– Հասկանալի է, որ շատ բան է փոխվում: Ֆուտբոլում նույնատիպություն չի լինում: Նախկինում այլ կոլեկտիվ էր: Հիմա թիմ են եկել լավ տղաներ: Շատ են նրանք, ովքեր վաղուց հանդես են գալիս «Ուրալում»: Հաճելի է, երբ հայտնվում են նոր ընկերներ: Բոլորի հետ էլ շփվում եմ: Մեր կոլեկտիվը միշտ մարտական է եղել: Կարծում եմ, որ այն միշտ այդպիսին կլինի:
– Ի՞նչ զգացողություններ եք ունեցել «Կրասնոդարի» հետ խաղից հետո:
– Եթե անկեղծ լինեմ` մինչ օրս ոչ ոք չի հավատում դրան: Ամեն ինչ մեր դեմ էր առաջին րոպեից: Բայց մենք ցույց տվեցինք մարդկանց, որ երբեք չի կարելի հանձնվել: Միշտ պետք է առաջ շարժվել: Մենք անհնարին բան ենք արել: Կարծում եմ, որ «Կրասնոդարը» հզոր մրցակից էր: Դա կրկնապատկում է մեր երջանկությունը: Եզրափակիչ դուրս գալու հրաշալի հնարավորություն ունենք: Մենք պետք է պատրաստվենք դրան: Այսպիսի բան կյանքում մեկ անգամ է լինում:
armsport.am