Տևական ժամանակ է, ինչ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը Հայաստանում չէ, սակայն ինչպես է ինքն է պնդում`սա, ամենևին, չի փաստում այն մասին, որ լքել է հայրենիքը: Asekose.am-ը զրուցել է Լուսինե Մարտիրոսյանի հետ` Հայաստանից բացակայելու պատճառի մասին և ոչ միայն:
-Լուսինե, հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին, պարզ է դառնում, որ այս պահին Կանադայում եք, ի՞նչն է Ձեզ տարել օվկիանոսից այն կողմ:
-Օվկիանոսից այս կողմ ինձ բերել է այն, ինչ մարդու կյանքում ամենակարևորն է` սերը: Սակայն այս ամենում կա մի հետաքրքիր զուգադիպություն: Երբ ես փոքր էի, և ինձ հարցնում էին` ով եմ ես և որտեղ եմ ապրում, պատասխանում էի, որ հայ եմ և ապրում եմ Կանադայում: Թերևս, այդ շրջանում ինձ դուր էր գալիս Կանադայի դրոշը, այդ ժամանակ այս երկիրը սիրելու այլ պատճառ չունեի: Բայց այսօր կարող եմ ասել, որ ապրելով այս երկրում մեկ ամսից ավել` հույզերի տարափ ունեմ: Ես այստեղ տեսնում և զգում եմ այն ամենը, ինչ կուզեի տեսնել իմ երկրում: Օդում հանգստություն և խաղաղություն կա: Մարդիկ երջանիկ և անչափ բարի են: Կանադան ապահովում է բոլոր պայմանները, որպեսզի բոլոր մարդիկ` անկախ ազգությունից, իրենց ապահով և պաշտպանված զգան: Տարբեր ազգերի ներկայացուցիչները միմյանց կողքին ապրում են խաղաղ և հանգիստ: Ես ինձ զգում եմ դրախտում: Այս մարդիկ ունեն ամենակարևորը, ինչ մենք` այս տարածաշրջանում ապրողներս, կորցնում ենք` բարությունը և սրտացավությունը մերձավորի հանդեպ:
-Իսկ ո՞վ է Ձեր սիրելին, որքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք:
-Նրա անունը Լեոնիդաս է: Նա արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ապրում է Կանադայում` Նիագարա օն զե Լեյկ գեղեցիկ քաղաքում: Նա հույն է. ազգություն, որը շատ մոտ է հայերիս հոգեկերտվածքով, արվեստով և մեր ազգերի պատմությունների նմանությամբ: Սակայն ամենակարևորն այն է, որ ես նրա հանդեպ հարազատություն եմ զգում նաև այն բանի համար, որ իմ ընտանիքը Հունաստանից Հայաստան է ներգաղթել 1946 թվ-ին: Հունարենը, իրենց երաժշտությունը և խոհանոցն ինձ համար միշտ էլ հարազատ են եղել: Փոքրուց մեծացել եմ հայ-հունական ավանդույթներով:
Դա իմ սրտի և կյանքի մի մասն էր: Նա գործարար է, սակայն շատ ուրախ, բարի, խելացի և հոգատար տղամարդ է, ինչը շատ կարևոր է ինձ համար: Նա ինձ նման խենթ է, իհարկե, բառի դրական իմաստով: Մենք տարբեր ենք, բայց, միաժամանակ, շատ նման ենք բազում հարցերում, ինչն օգնում է հարաբերություններ կառուցելիս: Մենք ծանոթացել ենք մեկ տարի առաջ: Այս մեկ տարվա ընթացքում անցել ենք ժամանակի, հեռավորության և մարդկային գործոնի փորձությունները, սակայն մենք ճակատագրից ավելի ուժեղ ենք գտնվել: Առաջին անգամ հանիպել ենք դեկտեմբերին Հայաստանում: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա սիրեր իմ երկիրը, քաղաքը, այստեղ ապրող մարդկանց, ընկերներիս, ընտանիքս, որովհետև այդ ամենով է պայմանավորվում իմ իրական տեսակը:
-Ի դեպ, ինչպե՞ս են արձագանքել Ձեր ընտանիքի անդամները` իրենց մայրիկի կյանքում սիրելի հայտնվելու փաստին: Հատկապես Ձեր որդու արձագանքն է հետաքրքիր:
-Նա ծանոթացավ իմ ընտանիքի, ընկերների և քաղաքի հետ: Բոլորը նրան սիրեցին, և դա փոխադարձ էր, հատկապես որդիս. երեխաները, առհասարակ, շատ զգացմունքային են և միանգամից տեսնում են բարությունը: Ես շատ երջանիկ էի, որ Լեոնիդասը հեռանալիս ինձ ասաց. «Ես ինձ զգում էի ինչպես տանը, շնորհակալ եմ քեզ այս ամենի համար»: Իսկ հիմա ես եմ գտնվում այն երկրում, որում նա է ապրում: Ես ծանոթացել եմ նրա ընտանիքի որոշ անդամների հետ, այն քաղաքի, որում նա ապրում է, իր կենցաղի: Ես գիտեմ, որ կա մեկ ճշմարտություն` եթե սիրում ես մարդուն, սիրում ես նաև այն ամենը, ինչ շրջապատում է նրան, սակայն մարդիկ հաճախ դա անում են նաև ստիպողաբար: Բայց սա այդ դեպքը չէ, ես իսկապես շատ եմ սիրել նրա ընտանիքի հրաշալի անդամներին, ովքեր շատ հոգատար են: Ես սիրել եմ այս բարի և գեղեցիկ փոքրիկ քաղաքը, որում Լեոնիդասն ապրում է: Իմ զգացմունքները նրա հանդեպ կրկնապատկվեցին հատկապես այն ժամանակ, երբ ես տեսա նրան իր իրականության մեջ: Նա ազնիվ և պարկեշտ տղամարդ է, ուշադիր, մարդասեր: Ինձ երբեմն թվում է, որ ես ապրում եմ հեքիաթում, նա ստեղծում է բոլոր պայմանները, որ ես ինձ երջանիկ զգամ, խոսքը ոչ թե նյութականի, այլ հոգևորի մասին է: Նա իսկական տղամարդ է, ում ես փնտրել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Եվ ահա հիմա ես գտել եմ նրան` ինձնից այսքան հեռու: Շուտով ես վերադառնում են Հայաստան, հիանալի զգացմունքներով, որոնք լցնում են իմ սիրտը: Վստահ եմ, որ հեռանալիս կասեմ նրան. «Ես ինձ զգում էի ինչպես տանը, շնորհակալ եմ քեզ այս ամենի համար»:
-Արդյո՞ք մոտ ժամանակներս կօրինականացնեք ձեր հարաբերությունները:
-Շատ վաղ է այդ մասին խոսել: Վստամ եմ, որ մեր հարաբերությունները դեռ շատ փորձությունների միջով կանցնեն: Մենք երկուսս էլ հասուն մարդիկ ենք, անցել ենք գրեթե մի մեծ կյանք` իր հիասթափություններով և վախերով: Մենք երկուսս էլ ունենք մեր իրականությունները և փորձում ենք միացնել դրանք: Ինչ վերաբերում է ապագային, ապա որևէ մեկը չգիտի, թե ինչ կլինի վաղը, բայց մենք ունենք երազանքներ և վստահ քայլերով փորձում ենք այդ երազանքներն իրականացնել:
-Ստացվում է, որ թե Դուք (թեկուզ ժամանակավոր), թե Էնջլը հեռացաք Հայաստանից…
-Ես չեմ հեռացել Հայաստանից, պարզապես կարճ ժամանակով բացակայում եմ: Հեռանալով հայրենիքից` մարդիկ չեն դավաճանում իրենց երկիրը, քաղաքը, մարդկանց և հիշողությունները: Այդ ամենը մարդիկ պահում են իրենց սրտում: Հեռանալու պատճառներն էլ տարբեր են, ոմանք գնում ենք գեղեցիկ կյանքի հետևից, իսկ ոմանք` ստիպված: Դուստրս գնացել է իր երազանքի հետևից, նա վստահ է, որ դրա իրականացման ճանապարհին է: Եթե ես մի օր հեռանամ իմ երկրից, պատճառը կլինի այն, որ ուզում եմ երջանիկ լինել:
-Այս շրջանում անձնականին զուգահեռ կա՞ն ստեղծագործական նորություններ:
-Երբ վերադառնամ Հայաստան, պետք է քրտնաջան աշխատեմ Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա: Այն մարդիկ, ովքեր սիրում են իմ արվեստը և երգչուհի Սոնա Շահգելդյանի երկրպագուն են, տեսահոլովակների տեսքով անակնկալ կունենան: