Յուրի Ջորկաեֆ ֆուտբոլիստի մասին բոլորը գիտեն, և քիչ թե շատ ծանոթ են նրա կարիերային, սակայն մենք ցանկանում ենք ներկայացնել ձեզ Ջորկաեֆի կարիերայի լավագույն ժամանակահատվածը` որպես Ինտերիստ և նրա կյանքը` որպես իսկական հայի:
Յուրի Ջորկաեֆ (ֆրանսերեն՝ Youri Djorkaeff, ծնվ. 1968, մարտի 9, Լիոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Կալմիկի և հայուհու զավակ է։ Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացյոնալե», «Կայզերսլաուտերն», «Բոլտոն», «Բլեքբյոռնի» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թ աշխարհի և 2000 թ Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։
Յուրի Րաֆֆի Ջորկաեֆ (Youri Raffi Djorkaeff) – ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում: Նրա հայրը` կալմիկի և լեհուհու որդի, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնությանը, մայրը հայուհի է` Մարի Օհանյան: Յուրին մեծացել է հայկական սփյուռքում.
«Ես մեծ կապվածություն եմ զգում հայկական մշակույթի և պատմության նկատմամբ, – ասում է Ջորկաեֆը: – Մենք միշտ ունեցել ենք ընտանիքի պաշտամունք, որի գլխին կանգնած էր պատրիարքը` իմ պապ Գարո Օհանյանը: Նրա պատվին է, որ ես կրտսեր որդուս անունը դրել եմ Օհան: Իսկ ավագ որդիս երկու անուն ունի. ռուսական` Սաշա և հայկական` Արամ: Հայկական ընտանիքում երեխաների դաստիարակությամբ զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեզ պարզ արժեքներ էին ներշնչում` տալ, հարգել, կիսել: Ամանորին ինձ եղբայրներիս և զարմիկներիս հետ միասին նույնանման նվերներ էին տալիս: Կինս իսպանացի է, սակայն, ինչպես և իմ ավագ եղբայրը, ես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»:
Յուրին միշտ սրտացավ էր ընդունում բոլոր այն չարիքները, որոնք ինչ-որ կերպ անդրադառնում էին իր պատմական hայրենիքին: Նա համարվում է Հայոց ցեղասպանության ընդունման ակտիվ ջատագով: Իր ողջ կարիերայի ընթացքում Ջորկաեֆը ամեն կերպ փորձում էր ուշադրություն հրավիրել այս հարցին: 1993/1994 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի դեռ խմբային փուլում Մոնակոյի կազմում նա գոլ խփեց թուրqական Գալաթասարայի դարպասը, որից հետո հայտարարեց «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց ցեղասպանությանը»: 1998 թվականի օգոստոսին Անկարան հայտարարեց, որ անթույլատրելի է նրա այցը Թուրքիա, որպես աշխարհի հավաքականի կազմի ֆուտբոլիստ, որը պետք է հանդիպեր երկրի ազգային հավաքականի հետ` Թուրքիայի հանրապետության 75-ամյակի պատվին: Ստամբուլում ֆուտբոլիստի ընգրկվելը այդ հավաքականում պաշտոնապես ընդունվեց որպես «անձնական վիրավորանք»: Թեև, մինչ այդ Յուրին արդեն հայտարերել էր, որ բացարձակապես չի ցանկանում մեկնել Ստամբուլ:
Նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ նաև 2000 թվականի նոյեմբերին, երբ Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական խաղին: Ինչպես այն ժամանակ գրում էր Turkiye թերթը «անհիմն հայկական մեղադրանքները Ցեղասպանության վերաբերյալ սկսել են տարածվել նաև մեծ սպորտում»: Երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի մեկ այլ աստղային անդամի` Ալեն Բոգոսյանի հետ միասին շնորհակալություն հայտնեց Հինգերորդ Հանրապետության նախագահին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:
Նրա արմատները ոչ պակաս կարևոր դեր խաղացին նաև կարիերան շարունակելու համար տեղի ընտրության հարցում: Այդ ժամանակ Յուրիի համար պայքարում էին եվրոպական ֆուտբոլի երկու գրանդներ`Բարսելոնան և Ինտերը: Վերջիվերջո, նախապատվությունը տրվեց Մասսիմո Մորատտիի ակումբին, ինչը նաև խարհրդանշական է` Յուրին ծնվել է հենց այն օրը, երբ Ներաձուրրին նշում էր իր 60-ամյակը: Դրանից բացի կաևոր դեր խաղաց նաև այն, որ այդ քաղաքում էր ապրում նրա զարմուհին մայրական կողմից` Կատյա Օհանյանը, Ջորկաեֆների բազմաճյուղ կլանի ներկայացուցիչներից մեկը:
Ի զարմանս շատերի` Յուրին անմիջապես հիանալի սկսեց հանդես գալ Ինտերի կազմում: Ներաձուրրիի համար այդ ոչ այնքան հաջող ժամանակաշրջանում նա դարձավ թիմի առաջատարը, լույսի շողը: Ջորկաեֆն այնքան ուժեղ տպավորություն էր թողել, որ հիացած Չեզարե Մալդինին ասել է այս խոսքերը. «Հայկական ոգին և ֆրանսիական կոփվածությունը Յուրիին դարձրել են աշխարհի լավագույն կիսապաշտպանը»: Եվ, անշուշտ, ֆուտբոլիստն ամիջապես գրավեց ինտերիստների սրտերը, այնտեղ թողնելով ջերմ հիշողություններ և հպարտություն: Ինտերի երկրպագուները նրան անվանեցին «Թանկարժեք»:
Ինտերը երբեք չի մոռանա ակումբից հեռանալուց նրա խոսքերը. «Սա նման է նրան, երբ հեռանում ես մեծ սիրուցդ: Որոշ ժամանակ է հարկավոր դա վերապրելու համար, քանի որ այն միշտ ցավ է պատճառում: Այո, ես հավերժորեն Ինտերիստ եմ: Ինտերն իմ սրտում է»: Եվ, իհարկե, ֆանտաստիկ գոլը Ռոմայի դարպասին (Ինտեր 3 – 1 Ռոմա, 1996/97):
Ջորկաեֆը կարիերան ավարտեց 2006 թվականին` վնասվածքից հետո: Ավարտելուց հետո զբաղվել է երաժշտությամբ, թողարկել է սինգլ «Vivre dans ta lumière»:
Այժմ նա ապրում է Նյու Յորքում և վերջերս մասնակցեց «Ինտեր Կամպուսի»` ՄԱԿ-ին ներկայացնելու միջոցառմանը ԱՄՆ-ում և հենց նա իր ելույթով ազդարարեց երեկոյի բացումը: Ջորկաեֆը հպարտորեն Մորատտիին դիմեց «իմ նախագահ», որը զարմանալի չէ մի մարդու համար, ով ծնվել է մարտի 9-ին: Ինտերը նրա ճակատագիրն էր, որ գրված էր աստղերին և շողում էր սև և կապույտ գույների մեջ:
Իսկ գիտե՞ք, թե ինչ էր անում Ջորկաեֆը, երբ նոր ակումբ էր տեղափոխվում: Նա անմիջապես ծանոթանում էր այնտեղ ապրող հայերի հետ: Բայց շատ հետաքրքիր ձևով. «Երբ ես նոր երկիր էի տեղափոխվում, վերցնում էի հեռախոսահամարների գրքույկը և սկսում էի փնտրել հայկական ազգանուններ, – խոստովանում էր Ջորկաեֆը: – Ես չէի ասում, թե ով եմ իրականում, սովորաբար ներկայանում էի որպես հայ, ով եկել է այստեղ հանգստանալու»: Սկզբում, որպես կանոն, նոր ծանոթները շատ էին զարմանում, իսկ ոմանք երբեմն երկար ժամանակ չէին հավատում, որ զրուցում են «աստղի» հետ: Բայց զարմանքը փոխվում էր հիացմունքի, սակայն ամենից շատ ուրախանում էր Յուրին: Դրա շնորհիվ այժմ ֆուտբոլիստը շատ երկրներում հայ ընկերներ ունի:
«Ես միշտ գիտեի, որ հայերի սրտերում հատուկ տեղ եմ գրավում, և դա ինձ հպարտությամբ է լցնում»: