«Նամակները կարդալիս հուզվում էի»․ Սիրուշոյի հարցազրույցը Tert.am Life-ին
Advertisement 1000 x 90

«Նամակները կարդալիս հուզվում էի»․ Սիրուշոյի հարցազրույցը Tert.am Life-ին

Երգչուհի Սիրուշոն նախորդ ամիս ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ «Դեր Զոր» երգի հիման վրա։ Երգչուհին տեսահոլովակի մի մասը նկարահանել է Անիում, ինչը բավականին բարդ է եղել։ Սիրուշոն ներկայացրել էր վավերագրական ֆիլմ, որում պատմել էր, թե ինչպես է հաջողվել Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանում նկարահանել տեսահոլովակ Հայոց ցեղասպանության մասին։

Tert.am Lifeի հետ բացառիկ զրույցում Սիրուշոն խոսել է աշխատանքի արդյունքի, արձագանքների և առաջիկա անելիքների մասին։
«Իսկապես, չէի սպասում, որ այսպիսի արձագանք կլինի՝ թե՛ լայն տարածման, թե՛ մարդկանց հուզելու առումով։ Այնպիսի նամակներ ենք ստացել, որ կարդալիս ուղղակի հուզվում էի։ Ե՛վ ես, և՛ խումբը շնորհակալ ենք յուրաքանչյուրին, որ կիսել են մեր զգացողություններն այնպես, կարծես դրանք իրենցը լինեին»,- ասաց երգչուհին։

Հայկական շոու բիզնեսում Սիրուշոն սահմանել է մի նշաձող, երբ ամեն անգամ գերազանցում է ինքն իրեն։ Հանդիսատեսն էլ ամեն անգամ նրանից ավելին է սպասում։

«Ենթագիտակցաբար, իհարկե, կա ավելի լավ բան անելու զգացողություն, բայց փորձում եմ շատ չկենտրոնանալ դրա վրա։ Ես ուղղակի անում եմ այն, ինչ իսկապես կա սրտումս, այն, ինչ զգում եմ և ուզում եմ։ Փաստորեն, դա ավելի ճիշտ է դուրս գալիս»,- նկատեց Սիրուշոն։

Երբեմն քննարկումներ են լինում, որ Սիրուշոյի համար շատ ավելի հեշտ է, քանի որ ունի հնարավորություն, հայտնիություն և երկրպագուների մեծ բանակ։ Երգչուհին ամեն անգամ բարդության նոր սանդղակ է սահմանում իր համար. «Շատ ավելի բարդ, պատասխանատու ու պարտավորեցնող է այդ ամենը։ Տեսնելով երկրպագուներիս և մարդկանց արձագանքը՝ ես ինձ պարտավորված եմ զգում ամեն անգամ այնպես անել, որ  իրենք էլ հպարտ լինեն ինձնով»։

Սիրուշոն հայտնեց, որ 2017-ը բուռն աշխատանքային տարի է լինելու իր համար։ «Մեզ մոտ բավականին խիտ զբաղվածություն է լինելու։ Թե՛ համերգներն են շատ, թե՛ տեսահոլովակների առումով ավելի ակտիվ տարի կլինի»,- ասաց երգչուհին՝ այս պահին չցանկանալով բացել այլ փակագծեր։

2014 թվականին՝ մայրանալուց կարճ ժամանակ անց, Սիրուշոն մենահամերգ ունեցավ ԱՄՆ-ում։ Երևանում համերգային մեծ ծրագրով Սիրուշոն ներկայացել է 2013 թվականին, թեև դա էլ մենահամերգ չէր։ Երգչուհուց հետաքրքրեցինք՝ ծրագրո՞ւմ է մենահամերգ ունենալ Երևանում։ «Մենահամերգներ այս տարի միանշանակ կլինեն։ Արդեն ունենք հրավերներ և նախագծեր այս տարվա համար, սակայն չեմ կարող ասել՝  Երևանում մենահամերգ կունենա՞մ, թե՝ ոչ»,- պատասխանեց նա։

 

 



Նման նյութեր