
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից սննդային թունավորման ախտանշաններով Ստեփանավանի բուժկենտրոն տեղափոխված աշակերտներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը: Նա նշեց, որ դպրոցի 9 երեխա իրենց մոտ էին տեղափոխվել մարտի 2-ին: «Նրանցից մեկը ստացել է ամբուլատոր, մյուս 8-ը` ստացիոնար բուժօգնություն»,-ասաց Կոծինյանը՝ հավելելով, որ դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ինչից էին թունավորվել երեխաները: