Հրանտ Թոխատյան. «Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը». aysor.am
Advertisement 1000 x 90

Հրանտ Թոխատյան. «Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը». aysor.am

Ազատություն «հաց բերողին». սա է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը, ովքեր միտված են գոնե այս կերպ հասնել նրան, որ «հաց բերող» Արթուր սարգսյանին ազատություն շնորհեն: Aysor.am-ը տեղեկացավ, որ երիտասարդների պահանջին է միացել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Մարտի 1-ի երեկոյան դուրս գալով «Մեա կուլպա 2» ներկայացումից՝ նկատեցի, որ այդ ցուրտ գիշերով շատ երեխաներ, երիտասարդներ լավ ու բարի ցանկությամբ հավաքվել էին՝ չխնայելով իրենց ժամանակն ու վտանգի տակ դնելով սեփական առողջությունը: Սա նույնիսկ կարելի է ինքնազոհություն համարել: Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը: Ես դա շատ եմ կարևորում: Որքանով կարող էի իմ տարիքում լինել իրենց աջակից, փորձեցի», – մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել:

«Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ», – խոստովանեց նա:

Նկատառմանը, որ դերասանը երիտասարդներին աջակցում է ոչ միայն հոգեպես, այլ նաև նյութապես՝ իր հետ տանելով տաք ծածկոցներ, պատասխանեց.

«Չեմ կարծում, որ այդ մասին պետք է խոսել: Տարել եմ այն, ինչն, ըստ իս, երեխաներին կարող էր պետք գալ: Յուրաքանչյուր նախաձեռնություն, որին մասնակցում են երիտասարդներն, իրենց անկեղծ ձայնը բարձրացնելով, կարևորում եմ: Մինչ այսօր չի եղել երիտասարդների կողմից սկսված այնպիսի նախաձեռնություն, որոնց հետ ես համաձայն չեմ եղել: Երեկ իրենց եմ ասել, հիմա էլ կկրկնեմ՝ մենք ու մեզանից մի քիչ փոքր սերունդը շատ բան ունի սովորելու այսօրվա գիտակից, իրենց ձայնը համարձակ բարձրացնող ու այդ ձայնին տեր կանգնող երիտասարդներից»:

Հրանտ Թոխատյանին առավել շատ զարմացնում ու զայրացնում է անտարբերությունը, ինչին օրերս ականատես է եղել:

«Երբ ամսի 1-ին Ազատության հրապարակում էի, այս երեխաներն էլ ցրտին վառվռուն աչքերով նստած էին Օպերայի աստիճաններին, գիշերվա այդ ժամին՝ 1:30-2:00-ի կողմերը նրանցից 50 մետր հեռավորության վրա գտնվող սրճարանում իրենց տարեկիցները միմյանց վրա շամպայն էին լցնում ու բարձր, անորակ երաժշտություն լսում: Սա այսօրվա վերաբերմունքն է այն ամենին, ինչ կատարվում է իմ քաղաքում: Հակասությունների վրա են հիմնվել մեր հարաբերությունները, ու ամենամեծ վտանգը դրանում է: Չգիտեմ, գուցե ինչ-որ առիթ էին տոնում, բայց, այնուամենայնիվ, չէին կարող չտեսնել ու չնկատել քիչ այն կողմ նստած իրենց հասակակիցներին: Կարելի էր «գետինը մտնել», քանի որ դա ամոթ է արդեն: Սա նշանակում է, որ միասնականություն չկա: Եթե այլ սերնդի մարդիկ լինեին, նորից չէի հասկանա, բայց գուցեև ուշադրություն չդարձնեի: Բայց ախր չէ՞ որ նույն սերունդն եք, հասակակիցներ եք, ու սա իմ բնորոշմամբ խայտառակություն է», – վրդովվեց Aysor.am-ի զրուցակիցը:

Հրանտ Թոխատյանն ընդգծեց՝ եթե հարցը լուծված չլինի, այսօր էլ միանալու է ցուցարարներին: Կլինի այնտեղ այնքան, որքան պետք է:



Նման նյութեր