Երեկվանից համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը վերաբերում է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկին, որը գրվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանի կողմից:
Ի սկզբանե այս նորությունը ֆեյսբուքահայերի կողմից ընկալվեց որպես երեխաների համար առանձին դասաժամ, ինչին շատերը դեմ արտահայտվեցին` նշելով, որ Հայոց ցեղասպանությանը դպրոցներում անդրադառնում են պատմության դասաժամերի ընթացքում, և սխալ է դա որպես առանձին առարկա դասավանդելը: Այս տեսակետն ունեցող մարդիկ որպես հիմնավորում նշում էին, որ այս ամենը կարող է վատ անդրադառնալ նաև երեխաների հոգեբանության վրա:
«Դպրոցներում Հայոց Ցեղասպանություն են դասավանդելու…
Ինձ թվում է` Ռուբեն Վարդանյանը սա իմանալով` հոնգուր-հոնգուր լաց է լինում։ Մարդն ամեն տարի միլիոն դոլար է ծախսում, որ լացկանի հոգեվիճակն ու պիտակը վերացնի, բայց… քավ լիցի, լացելուց ավելի կարևոր բան ախր չունենք անելու» կամ
«Տեսնես ցեղասպանության ժամին գործնական պրակտիկա անելու էն, թե չէ՞:
Ցեղասպանություն առարկա
Դաս 1.Առաջին օգնությունը ցեղասպանության դեպքում
Դաս 2.Ցեղասպանության նախանշանները
Դաս 3. Ի՞նչ անել, երբ վերը նշված դասերը չսովորելու հետևանքով արդեն ցեղասպանվում ես
Դաս 4. գործնական աշխատանք»,- ահա ահա նմանատիպ հեգնական քննարկումներ կարելի էր հանդիպել ֆեյսբուքում:
«Սա առանձին առարկա չէ, այլ լրացուցիչ ձեռնարկ է, ինչին ես կողմ եմ: Կարող են լրացուցիչ գիտելիքներ ստանալ, ինչպես ցանկացած խելամիտ մարդ, ես դեմ կլինեի եթե դա առանձին առարկա լիներ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Բարև Երևան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Բախշյանը:
Վերջինիս խոսքով` իր կարծիքն այլ կլիներ, եթե դա որպես առարկա ներկայացվեր, որովհետև ինքն այդ ամենի նպատակը չի հասկանում.
«Երեխաները Հայոց ցեղասպանության մասին տեղեկանում են Հայոց պատմության դասաժամի ընթացքում և այդ տեսանկյունից ուսումնական պլանը ծանրաբեռնելու կարիք չկա, այն դեպքում, որ մենք ունենք ուսումնական պլանները թեթևացնելու, բեռնաթափելու շատ լուրջ խնդիր: Ես կարդացի նաև հեղինակի` տիկին Փիրումյանի կարծիքը, ով նշում էր, որ պետք է շեշտը դնել արդարության, մարդու իրավունքների վրա, բայց այդ ամենը կա մեր ուսումնական պլանում տարբեր առարկաների տեսքով: Կարծում եմ, որ այդ ամենին հասնելու համար ընդամենը պետք է երկիրը ճիշտ կառուցվի, երեխան պետք է ոչ միայն դասագրքով կարդա արդարության մասին, այլ իր ընտանիքում, իր շուրջը տեսնի և զգա, որ արդար երկրում է ապրում: Դասագրքերում որքան էլ գրենք արդարության անհրաժեշտության մասին, մարդու իրավունքները պաշտպանելու մասին, բայց եթե երեխան դա չտեսնի, ապա այդ ամենը ոչինչ չարժի»,- նշեց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ այլ քննարկումների չի ցանկանում մասնակցել, որովհետև ձեռնարկի վերաբերյալ թյուրըմբռնում է եղել, և ճիշտ չէ կողմ և դեմ լինել մի բանի վերաբերյալ, որն ի սկզբանե սխալ է հասկացվել:
Հավելենք, որ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկը, ի սկզբանե նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար. այն դեռևս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ: 2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան