«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի միջնեկ դուստրը՝ Ալյան, այսօր դառնում է 4 տարեկան։ Ծնողները մանկական տոն են կազմակերպել փոքրիկի համար։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան ասաց, որ սիրելի հեքիաթի՝ «Ֆրոզենի» թեմայով երեկույթ են կազմակերպել։
«Արդեն մեծացել է և գիտակցում է, որ իր ծնունդն է։ Մեկ տարի սպասել է այս օրվան, կարծում եմ՝ սրանից հետո այդպես էլ կլինի»,– ասաց Իրինան ու հավելեց, որ երեկոյան 50–ից ավելի հյուր են ունենալու։ «Տոնելու ենք մանկական սրճարանում, որովհետև կարծում եմ՝ այդ տարիքի երեխայի համար մանկական սրճարանը լավագույն տարբերակն է։ Ե՛վ ծրագիրն է լավ, և՛ մեծ խաղասրահ կա, իսկ դա կարևոր է այդ տարիքի երեխաների համար»,– նշեց Իրինան։
Մայրիկը հայտնեց, որ մանկական խոհանոց են նվեիրել փոքրիկին։ Ալյայի տարեդարձի երեկույթը նրանք կազմակերպել են նրա սիրելի հեքիաթի՝ «Ֆրոզենի» թեմայով։ Մորաքույրը՝ Լուսինե Թովմասյանը, Ալյային նվիրել է Ֆրոզենի շորիկը և կեղծամը։ «Դա շատ մեծ նվեր էր իր համար։ Այսօր այդ կերպարով է լինելու, ինչի համար շատ է ուրախացել։ Ինքն արդեն շատ երջանիկ է, մյուս անակնկալները կլինեն երեկույթի ժամանակ»,– ասաց Իրինան ու հավելեց, որ ամեն ինչ ինքնուրույն է նախապատրաստել։
«Երեխաներիս համար ամեն ինչ ինքս եմ անում։ Այս անգամ էլ ամեն ինչ իմ ձեռքով եմ պատրաստել։ Թեև վերջին 2 օրվա ընթացքում եմ արել ամեն ինչ, քանի որ շատ զբաղված շրջան էր ինձ մոտ»,– ասաց նա ու հավելեց, որ կարևորն այն է, որ ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու։
Ալյան Իրինայի երկրորդ դուստրն է։ Երբ նա ծնվեց, Մեգին արդեն 10 տարեկան էր։ Մայրիկը նշեց, որ Ալյայի ծնունդը հրաշք էր իր համար։ «Ես նայում էի նրան ու չէի հավատում, որ կրկին մայր եմ դարձել։ Յուրաքանչյուր մամա, եթե նույնիսկ մեկ երեխա ունի, կասի, որ աշխարհի չափ երջանիկ է։ Պատկերացրեք՝ եթե դա եռակի է։ Խոսքերով չեմ կարող ասել, թե դա ինչ աստիճանի երջանկություն է»,– ասաց նա։
Իր և Լուսինեի մտերմությունն աչքի առաջ ունենալով՝ Իրինան միշտ երազել է աղջիկներ ունենալ, որպեսզի նրանք նաև ընկերուհիներ լինեն։ «Երևի էգոիստաբար եմ մոտեցել այս հարցին, բայց միշտ ուզել եմ աղջիկներ ունենալ, որ իրենք լավ քույրիկներ լինեն։ Նույնիսկ երրորդ հղիությանս ժամանակ երազում էի աղջիկ ունենալ։ Լուսինեն էլ աղջիկ ունեցավ, Արիանան դարձավ մեր չորրորդ քույրիկը, չեմ ուզում տարբերություն դնել։ Կարծում եմ՝ այսքանով կսահմանափակվեմ։ Իհարկե, հասկանում եմ, որ տղամարդիկ ուզում են որդի ունենալ, բայց ամուսինս էլ է երջանիկ իր աղջիկներով։ Կարծում եմ՝ իմ ցանկությունն էլ է հաշվի առնում ու չի պնդում, որ տղա էլ ունենանք»,– եզրափակեց Իրինան։
Ամբողջությամբ՝ life.tert.am