
Շիրակի մարզ կատարած այցը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփել է Գյումրու բժշկական կենտրոնի դահլիճում քաղաքի տարբեր բժշկական հաստատությունների երիտասարդ մասնագետների հետ հանդիպմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջպահության նախարարության լրատվական ծառայությունից, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարն առաջարկել է միասին ուրվագծել երկրի ապագա բժշկությունը։ «Հատկապես երիտասարդների նորարարական մոտեցումները կարող են շարժիչ ուժ դառնալ Հայաստանը, ինչու՝ ոչ, նաև Գյումրին բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու համար», ասել է Լևոն Ալթունյանը՝ երիտասարդներին առաջարկելով դաշնակիցներ դառնալ ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու գործում։
Ներկայացնելով առողջապահության ոլորտի զարգացման իր տեսլականի որոշ դրվագներ՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է երիտասարդների հետ այդ ուղղությամբ քննարկումները շարունակել թե՛ առցանց, թե՛ նոր հանդիպումների ընթացքում։