168.am-ի զրուցակիցն է Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) տնօրեն Արմեն Արաբյանը, ում հետ զրուցեցինք երգչախմբի կայանալիք համերգի, ամերիկյան հյուրախաղերի և մշակույթի ոլորտի առաջ ծառացած խնդիրների մասին։
– Պարոն Արաբյան, ի՞նչ կատարումներ են հնչելու առաջիկա համերգին։ Ի՞նչ ծրագրով է հանդես գալու Հայաստանի պետական կամերային երգչախումբը։
– Նախատեսում ենք տոնական համերգ, բնականաբար, քանի որ համընկնում է Մարտի 8-ի հետ, ցանկանում ենք նվիրել կանանց։ Կներկայացվի այն ծրագիրը, որը ցանկանում ենք տանել Միացյալ Նահանգներ։ Քանի որ ուրախ, տոնական համերգ է, կոչվում է «Անակնկալներով համերգ», ուզում ենք ավելի շատ Կոմիտասի աշխարհիկ և ոչ հոգևոր երգերը կատարել։ Հավանաբար կունենանք նաև Հալաջյան և հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ երգչախմբի և երգչախմբի մենակատարների համար, որ շատ հետաքրքիր կլինի ունկնդիրների համար։ Դրանք Ռոբերտ Մլքեյանի գեղարվեստական մշակումներն են։ Սա այն ծրագիրն է, որը նախատեսում ենք տանել ԱՄՆ։
– Ե՞րբ են կայանալու երգչախմբի ամերիկյան հյուրախաղերը։
– Երգչախմբի համար հյուրախաղերը դեբյուտ են լինելու։ Երգչախումբն ԱՄՆ-ում դեռ չի եղել, եղել ենք Կանադայում, Արգենտինայում, Եվրոպայում, Միջին Ասիայում։ Այնտեղ էլ, ցավոք, հայկական շրջանակներում շեղումներ կան երաժշտության մեջ։ Ռաբիսը խեղդել է չարորակ ուռուցքի պես, իհարկե, վստահ եմ, ունենք նաև այս երաժշտության ծարավը։ Ամերիկյան ծրագրում նախատեսել ենք հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ գործերը։ Այս տարի աշնանը Սանկտ Պետերբուրգում ունենք պատարագ և հոգևոր համերգ՝ Հայոց եկեղեցու հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ։ Ունենք նաև համերգներ մարզերում և Արցախում։
– Հարցազրույցներից մեկում անդրադարձել էիք երգչախմբի կողմից Վիվալդիի «Գլորիայի» յութուբյան տեսահոլովակի 6.5 մլն-անոց դիտմանը՝ նշելով, որ, ցավոք, ոչ ոք չի խոսում սրա մասին: Ինչո՞ւ այդ մասին չի խոսվում։
– Ստվերում է մնում։ Երբ մտնում ես հայկական կայքերը կամ լսում ես հայկական ձայնագրությունները, մեղմ ասած, հայերեն բառերով ամեն տեսակի աղբ կա: Այնպիսի երաժշտություն, ինչպիսին Վիվալդիի «Գլորիան» է, պատկերացրեք, որ կատարել են համաշխարհային հայտնի խմբեր, հայտնի ղեկավարների ղեկավարությամբ՝ Կարայան, Մուտտի և այլք:
Ցավոք, ենթադրում եմ բացատրությունը, բայց չեմ կարող հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որովհետև շեղվածությունը՝ դեպի վատ արվեստը, անճաշակ մշակույթը, շատացել է անկախությունից հետո։ Պատճառն այն է, որ գրաքննություն չկա լրատվամիջոցների մոտ, այսինքն՝ յուրաքանչյուրն իր ճաշակով թելադրում է արվեստ, երաժշտություն։
– Բայց հիմա, ի տարբերություն խորհրդային տարիների, ազատություն է տրված։
– Ազատությունը շատ հարաբերական հասկացություն է։ Եթե ասում ենք՝ մարդն ազատ է, կարո՞ղ է ում ասես ծեծել, ում վրա ասես՝ զենք պահի ու գնդակահարի։ Սա էլ է համատարած ազատություն։ Այսինքն՝ եթե մարդուն արգելում ես զենք պահել, արգելում ես ծեծել, դա կնշանակի՞ արդյոք մարդու իրավունքների ոտնահարում կամ ազատությունների սահմանափակում։ Ո՛չ իհարկե։ Նույն կերպ արվեստն է։ Օրինակ՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը շատ հզոր է և շատ հզոր ցենզեր ունի արվեստում, մեծ լծակներ, իսկ մեզանում այդ լծակները չկան։
Ցավոք, օրենքները դեռ չեն գործում, նախ՝ չկան օրենքներ, որ գործեն։ Գեղարվեստական խորհուրդների օրենքն իսպառ վերացավ մեր հանրապետությունից, ինչը կար խորհրդային ժամանակներին։ Հիմա մեկ մարդու ճաշակով՝ հեռուստատեսության ղեկավարության կամ գովազդատուների ճաշակով, ինչ աղբ ասես՝ ցուցադրվում է, որը շատ վտանգավոր երևույթ է։ Դրանով սերունդներն են դեգրադացվում։ Դեռ կայքերն էլ ադրբեջանցիներին քննադատում են, որ հայկական երաժշտության տակ պարում են։ Ո՛չ, իրենք ադրբեջանականի տակ են պարում՝ հայերեն բառերով։
Նույնն էլ խոսքին, սերիալներին է վերաբերում։ Այդ հեռուստաթատրոնները, որ կան, խայտառակություն են։ Բայց շահութամոլությունն ավելի գայթակղիչ է, քան սեփական լեզուն, սեփական մշակույթը։
– Շատերն ասում են, թե ժողովուրդն է պահանջում դա ցուցադրել, ժողովրդի ճաշակն է։
– Այդ դեպքում ժողովուրդը թող պահանջի, որ գնդակահարություններ ցույց տան, երևի ավելի մեծ շահութաբերություն կունենան հեռուստաընկերությունները։ Հետո՞ ինչ, ժողովուրդը շատ բան կարող է պահանջել։
– Բայց իրո՞ք դա ժողովուրդն է պահանջում՝ սերիալները, ռաբիս երաժշտությունը։
– Դե, ռաբիսը այլ բան է նշանակում բառացի։ Դա ռեստորանային երաժիշտների համար էր ասվում, որտեղ նույնպես շատ հզոր ցենզ կար, այսինքն՝ ռաբիսի գեղխորհուրդն էր որոշում՝ որ երգը կարելի է կատարել, որը՝ ոչ։ Ես ընկերոջս՝ Բարսեղ Թումանյանի հետ այդ մասին շատ եմ զրուցել, և եկել ենք այն եզրակացության, որ մարդկանց մեջ շատ է գենետիկ աղտոտվածությունը, երևի իրենք հաճույք են զգում թուրքական, ադրբեջանական երգերից։
Երգը լսելն արգելված չէ, կարելի է լսել, բայց այն ձևափոխել ու որպես հայկական ներկայացնել և խաբել ժողովրդին, թե դա հայկական է, դա է սխալ։ Եկող սերունդն արդեն մտածում է, թե լսում է հայկական երաժշտություն, այնինչ այն բացարձակապես կապ չունի մեզ հետ։ Շատ գռեհիկ է, ցինիկ։ Անգամ կոչումներ են տրվում ադրբեջանական երգեր կատարողներին։
– Բայց դա հնարավո՞ր չէ արդյոք լուծել կարճ ժամանակահատվածում։
– Նախ՝ հեռուստաեթերի ղեկավարները պետք է ինտելեկտ և խիղճ ունենան, փողի հետևից չվազեն։ Բայց ո՞վ պետք է լուծի այդ հարցը՝ այն մարդիկ, որոնք օրենքնե՞ր են ընդունում և այդ նույն ժարգոնո՞վ են խոսում։ Ես երաժիշտ եմ, բայց ինձ մտահոգում է լեզվի վիճակը։ Նույն վիճակում է նաև լեզուն։ Ես տարանջատում եմ բարբառն ու ժարգոնը։ Թումանյանի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է Լոռվա բարբառը։ Հանցավոր աշխարհի, բանտի ժարգոնով են այսօր խոսում մեր բոլոր սերիալներում։ Որքան ավելի շատ ժարգոն են օգտագործում, այնքան սերիալի պատիվը բարձր է համարվում, իսկ երեխաները խոսում են այդ սերիալների լեզվով։ Դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։
– Շատերն այդտեղ տեսնում են ՀՀ մշակույթի նախարարության մեղքը։
– Մշակույթի նախարարությունը պետք է լծակներ ունենա։ Նախարարը մեղք չունի։ Նախարարն առավելագույնը կարող է նախագիծ ներկայացնել Ազգային ժողով, բայց այդ մարդիկ ի՞նչ ընդունեն, եթե իրենք են սիրում այդ ռաբիս երաժշտությունը, այդ ադրբեջանականի տակ պարում ու գողական ժարգոնով խոսում, ինչի՞ մասին է խոսքը։
– Վիճակը, ըստ Ձեզ՝ այդքան անհուսալի՞ է։
– Եթե վիճակն այդքան անհուսալի լիներ, ես այս երկրում չէի ապրի։ Ես հույսս երբեք չեմ կորցնում։ Մտածում եմ, որ մի օր այս ամեն ինչի ելքը պետք է գտնվի։ Ելքը ճիշտ օրենքներ ընդունելն է և այդ օրենքները կիրառելը։
– Գուցե ռաբիս լսելը շատ ճիգ ու ջանք չի պահանջում։
– Կոմիտաս լսելը բա՞րդ է։ Նրա մշակումները պարզ են, զուլալ։ Ի վերջո, ամբողջ աշխարհին մեղեդին մենք ենք տվել։ Մեր միջնադարյան, հեթանոսական կրոնից, արևապաշտությունից սկսած՝ այդ մեղեդիները եկել են։ Ի վերջո, Քրիստոսը չի ստեղծել այդ մեղեդիները։ Քրիստոնեության ժամանակ պարզապես ձևափոխվեց երաժշտությունը, որն անցավ սաղմոսերգուներին։ Բայց այդ մեղեդին մենք ունեցել ենք։ Ջրից հո չե՞նք ստեղծվել Քրիստոսից հետո։ Մենք կայինք նաև դրանից առաջ, ինչպես Պարույր Սևակը կասեր, «Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ… Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին, Եկավ շաղ տալու խոստումներ օդում …»:
Կարմեն Ղուկասյան