Արարատյան դաշտում հեղեղումների վտանգ կարող է առաջացնել ձյան հաստ շերտը
Advertisement 1000 x 90

Արարատյան դաշտում հեղեղումների վտանգ կարող է առաջացնել ձյան հաստ շերտը

Մարտի 7-ին Արարատի մարզպետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին մարզխորհրդի նիստի ժամանակ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ընդգծեց, որ անհանգստության տեղիք է տալիս այս տարվա ձյան հաստ շերտի առկայությունը, որը, կապված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ, կարող է որոշ տեղերում առաջացնել հեղեղումներ:

Դիմելով համայնքի ղեկավարներին՝ նա ասաց. «Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել առավել վտանգավոր հատվածները և ձեր հնարավորության սահմաններում աջակցել՝ մեղմելու դրանց հնարավոր վտանգները»: Նա հավելեց, որ փետրվարին ուսումնասիրություններ են անցկացվել Երասխից մինչև Ռանչպար ընկած մերձարաքսյան գոտում, վեր են հանվել և արձանագրվել ավելի վտանգավոր հատվածները, և դրանց հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարությանը:

Համայնքի ղեկավարների կողմից բարձրացվեցին տարաբնույթ հարցեր՝ ուղղված նիստին ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Բարձրացվեցին պարարտանյութի, սերմացուների, հակակարկտային կայանների, ոռոգման ջրի մատակարարման, նախորդ տարվա մթերված խաղողի և չվճարված գումարների, սելավատարների մաքրման, Վեդու ջրամբարի կառուցման և այլ առաջնահերթ ու օրակարգային հարցեր:

Անդրադառնալով հակակարկտային կայաններին՝ Արամայիս Գրիգորյանն ընդգծեց, որ տարբեր ժամանակաշրջաններում տեղադրված կայանները տարբեր որակների և չափորոշիչների են: «Ելնելով այդ հանգամանքից՝ տարբեր է նաև դրանց արդյունավետությունը: Եղել են մրցույթներ, որ մատչելի գներով ենք ձեռք բերել կայանները՝ կանգնելով փաստի առաջ: Էժանությունն ունեցավ իր դերակատարումը: Այս անգամ ձեռք կբերենք այն որակով ապրանքը, որը կլինի արդյունավետ և կազատվենք հետագա կարկտահարության վտանգներից»,-ասաց Գրիգորյանը:

Իգնատի Առաքելյանը, հաստատելով մարզպետի խոսքն, ասաց, որ համագործակցում են ԱԻ նախարարության հետ: Նա չժխտեց, որ նախկինում տեղադրվել են կամայական կայաններ, և անգամ տեղադրված վայրերն են եղել կամայական: Պետք է հստակեցվի չափորոշիչները: Այժմ մտածում են հակակարկտային ցանցի մասին:

Անդրադառնալով մթերումներին՝ նշվեց, որ այս պահին երեք մթերող և վերամշակող կազմակերպություններ կան, որոնք դեռևս չեն վճարել մթերված գյուղթերքի գումարները: Անդրադառնալով այս խնդրին՝ Գրիգորյանը շեշտեց, որ անհրաժեշտ է արտադրել այն քանակության և այն տեսակի ապրանքներ, որոնք հնարավոր լինի սպառել ներքին շուկայում կամ արտահանել՝ չունենալով ավելցուկներ՝ նմանատիպ և հետագա խնդիրներից խուսափելու համար: