aravot.am-ը գրում է. Արամ Սարգսյանը համեմատում է ներկայիս նախարարների պահվածքն ու ունեցվածքը Վազգեն Սարգսյանի ժամանակվա հետ Սպարապետ Վազգեն Սարգսյանը մինչեւ 92-ը անձնական մեքենա չի ունեցել: Նա իր առաջին մեքենան 92-ին նվեր է ստացել Աթենքից՝ Վարուժան Գնունուց, որը ՀՀ գալով՝ զարմացել է, որ սպարապետի պես մարդը իր անձնական մեքենան չունի: «Առավոտի» հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը, համեմատեց ներկայիս նախարարներին, նրանց ծառայողական մեքենաներն ու անձնական կարողությունները Վազգեն Սարգսյանի ունեցածի հետ, համեմատեց նրանց թանկարժեք մեքենաները, որոնցից ամեն մեկը մի Իսկանդեր է, մի անօդաչու թռչող սարք է.
«Այն ժամանակվա նախարարներն ու հիմիկվանը ուրիշ բան են: Այն ժամանակ ամեն օր ընկերդ էր զոհվում, դու ընկերներիդ փորձության էիր տանում ու պատասխանատվություն, պարտականություն ունեիր: Այդ մարդկանց աչքերին նայելու խնդիր կար: Վազգենի տունը փոքր տուն էր: Ծնողներս եկան, ասեցին՝ էս տանը որ հյուր գա, կամ մենք ուզենք մի օր, մի գիշեր այստեղ քնել, որտե՞ղ ենք քնելու: Ստիպված փորձեցինք երկրորդ հարկ դնել:
Վազգենը փոքր տուն էր ուզում՝ մերձբալթյան ճարտարապետություն էր ուզում: Մի օր վարպետներին հաց էի բերում տնից, եկա տեսա, որ վարպետները հավաքում են իրենց գործիքները, որ հեռանան տնից: Ասեցի՝ ի՞նչ է եղել: Պատմեցին, որ եղբայրդ՝ Վազգենը, եկավ, մեզ ասեց՝ գնացեք տուն, ոտքով էլ խփեց սարքած պատը քանդեց ու գնաց»: Ավելի ուշ, երբ Արամ Սարգսյանը եղբորից նեղացել է, որ վարպետ գտնելը դժվար է, ինչի՞ է տուն ուղարկել, չէ՞ որ ծնողները քնելու տեղ չունեն, եթե գան իրեն հյուր, մի լրացուցիչ ննջարան չունենա՞նք, Վազգեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի՞ ասել, որ իմ տանը 2-րդ հարկ չանես, մեր ծնողները տարիքով մարդիկ են, բայց դու ամբողջ օրը էդ տղերքի մեջ ես, դու չե՞ս տեսնում, որ իմ զոհված ընկերները, ընտանիքները ապրելու տեղ չունեն, ես ո՞նց երկրորդ հարկ սարքեմ»: Արամ Սարգսյանի խոսքերով՝ «այդպես այդ տան երկրորդ հարկը չկառուցվեց մինչեւ 98-ը.
«94-ից մինչեւ 98-ը էդ տան վրա որեւէ քար չի դրվել: Վազգենի տեսակն այդպիսին էր: Վազգենը գաղափարի ծառայող մարդ էր, ինքը նպատակ ուներ: Եռաբլուրի բոլոր տղաները մի նպատակ ունեին՝ իրենց նպատակն այս երկիրը պաշտպանելն էր, մեր արժանապատվությունը պահելն էր, ու իրենք դա արեցին: Իսկ այսօրվանները ի՞նչ նպատակ ունեն՝ ես չեմ հասկանում: Եթե իրենց ուզածն այդ հարստությունն է, անընդհատ իրենց այդ աթոռին կպած պահելը, արյան շրջանառությունն այդ աթոռի միջով անցկացնելն ու դրանով լավ տղա երեւալը՝ դա չի՛ գնահատվելու: Իրենք չեն ապրելու, իսկ Եռաբլուրի տղերքը հազար տարի էլ ապրելու են: Ինչքան հայ կա աշխարհում, ինչքան մարդկություն կա աշխարհում, որ ազգությամբ հայ եղավ՝ 1000 տարի, թե 2000 տարի հետո Հայաստան եկավ՝ գալու է Եռաբլուր: Իրենց չեն հիշելու:
Իրենք ծախվել են Մամոնային, Մամոնայի ստրուկներն են, թող ապրեն այդ ստրկության մեջ՝ փողի՛ ստրկության մեջ»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին, մեր հարցին՝ այսպիսի՞ Հայաստանի մասին էր երազում Վազգեն Սարգսյանը, պատասխանեց. «Համենայնդեպս, Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը անկախ, ազատ Հայաստանն է: Այսօր մենք ունենք անկախ Հայաստան, որտեղ ծածանվում է Եռագույնը, որտեղ Եռաբլուրում Հայոց Առաքելական խաչն է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: