Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ «Ռեինկարնացիա» խմբի երևանյան առաջին մեծ մենահամերգը։ ՀՀԿ քարոզարշավի երգը կատարելուց հետո խմբի շուրջ ձևավորված աղմուկից հետո համերգի տոմսերի հետդարձի և վաճառքի դինամիկայի մասին Tert.am Life–ն ավելի վաղ գրել էր։ Ինչպես և նշել էր պրոդյուսերը, համերգի, գրեթե, բոլոր տոմսերը վաճառվել էին, ազատ տեղերը շատ քիչ էին։ Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը և զրույցը խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի հետ։
«Հրաշալի տպավորություներ ունեմ, ամեն ինչ շատ լավ էր։ Էներգետիկան անկարագրելի լավ էր։ Ինձ համար շատ պատասխանատու օր էր, որովհետև դժվար ժամանակները, թոհուբոհը սկսվել են։ Ես համոզված էի, որ ամեն ինչ պետք է լավ լինի և շատ շնորհակալ եմ, որ այդպես եղավ»,– ասաց Ռոլանդն ու հավելեց, որ վերջին իրադարձությունները չէին բացարձակ չէին ազդել իր տրամադրության վրա։ «4–րդ դասարանից հետո սկսել եմ ոչ ոքից չնեղանալ և հարգում եմ ցանկացած մարդու առողջ կարծիքը, շեշտում եմ՝ առողջ։ Ես անում եմ այն, ինչ միշտ արել եմ և անելու եմ։ Ես երաժիշտ եմ, որևէ այլ բանով չեմ զբաղվում»,– նշեց նա։
Համերգի ժամանակ հնչեց նաև քննարկումների առարկա դարձած «Փոխենք աշխարհը» երգը։ «Իսկ ինչի՞ պետք է այդ երգը չհնչեր։ Սկսենք նրանից, որ դա իմ երգն է, ոչ մեկինը չէ։ Ցանկացած գործ ես անում եմ հաշվի առնելով նախ՝ մեզ դուր կգա՞, թե՞ չէ, հետո ուրիշներին դուր կգա՞, թե՞ ոչ»,– ասաց նա ու նկատեց, որ երգն ընդհանրապես չի ասոցացվում ՀՀԿ–ի հետ։
Ըստ Ռոլանդի՝ խմբի վարկանիշը չի ընկել, իսկ ֆեյսբուքյան էջում ստացած 1–երն առաջարկեց համեմատել կայացած համերգի հետ։ Ի դեպ, համերգի ժամանակ դահլիճում շատ քիչ մարդ կար նստած. երկրպագուները եկել էին բեմի դիմացի հատվածում գտնվող պարահրապարակն ու ինքնամոռաց պարում էին, իսկ նրանք, ովքեր նստած էին մնացել, վերջում «Ռեինկարնացիային» ճանապարհեցին հոտնկայս ծափահարություններով։
«Սա բոլորիս մեծ աշխատանքի սկիզբն է։ Մի պահ այնպես էր, որ ավելի շատ էին կորպորատիվ հավաքույթները, թե ինչու, բոլորս լավ գիտենք։ Հիմա կարծում եմ՝ ավելի շատ կլինեն մեծ համերգները»,– նշեց երգիչը։
Ռոլանդը հայտնեց, որ այս համերգով սկիզբ է դրվել «Ռեինկարնացիա» բարեգործական հիմնադրամին։ «Հայաստանի մարզերում կան շատ վատ վիճակում գտնվող երաժշտական դպրոցներ։ Մեր հիմնադրամի առաջին ծրագիրն այն է, որ օգնենք տարբեր դպրոցների, քանի որ այնտեղ կան հրաշալի աշակերտներ և ուսուցիչներ, բայց չկա հնարավորություն»,– ասաց նա ու հավելեց, որ հաջորդիվ համերգային այս ծրագրով կներկայանան բարեգործական նպատակով։
Ամբողջությամբ՝ life.tert.am