«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը դիմում է կուսակցություններին միանալ «Մեկ կուսակցություն՝ մեկ քանդվող տնակ Գյումրիում» նախաձեռնությանը
Advertisement 1000 x 90

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը դիմում է կուսակցություններին միանալ «Մեկ կուսակցություն՝ մեկ քանդվող տնակ Գյումրիում» նախաձեռնությանը

«Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամը հանդես է գալիս «Մեկ կուսակցություն՝ մեկ քանդվող տնակ Գյումրիում» նախաձեռնությամբ:

«Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործադիր տնօրենը մարտի 10-ին նախատեսում են այցելություններ կատարել ՀՀ ԱԺ 2017 ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում գրանցված բոլոր կուսակցությունների գրասենյակներ և հանդիպել կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, նախապես ծրագրավորված այցելությունների նպատակն է կուսակցություններին ներկայացնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև առաջարկել Գյումրիում անօթևանության և տնակներում բնակվող ընտանիքների հիմնախնդիրը առաջնահերթության կարգով ներառել կուսակցության ծրագրերում՝ քարոզարշավի ընթացքում անդրադառնալով դրա լուծման հնարավոր օրենսդրական և այլ ուղիներին։

Հիմնադրամի պատվիրակությունը նախատեսում է առաջարկել կուսակցություններին՝ անդամների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին լուծել մեկ տնակում բնակվող մեկ ընտանիքի բնակարանի խնդիր։ Այցերի շրջանակներում բոլոր կուսակցությունների գրասենյակներին կհանձնվեն տնակների պատմությունները և լուսանկարները, ինչպես նաև խորհրդանշական տնակ-խնայատուփեր։

Գյումրիում 2015 թվականի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամը՝ «Տնակից տուն` մեկ քայլ» կարգախոսով փորձելով ամեն կերպ օգնել տնակներում ապրող ընտանիքներին: Հիմնադրամը գործունեություն ծավալում է հիմնականում նվիրատվությունների միջոցով: Հիմնական խնդիրը Գյումրին տնակներից ազատելն  է՝ տնակում բնակվողներին տուն տալու, տնակը քանդելու և տարածքն ազատելու միջոցով: Նվիրատվությունների միջոցով հիմնադրամին հաջողվել է 18 բնակարան հատկացնել, որոնցից 13-ը «Հայէլեկտրացանցեր» ընկերության  կողմից ՝ «SOS-Գյումրի» նախագծի շրջանակներում: Բոլոր 18 բնակարանները տրամադրվել են տնակի տարածքն ազատելու պարտադիր սկզբունքով:

Արմենուհի Մխոյան

«Արմենպրես»



Նման նյութեր