Նոր Արեշում գտնվող թիվ 69 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Սեդրակյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանից տեղեկացանք նաև, որ Աստղիկ Սեդրակյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրը) ազատման դիմում է գրել դեռևս փետրվարի 20-ին: Նրա ազատումից հետո Նունե Հովհաննիսյանը նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ը գրեց, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից:
Աստղիկ Սեդրակյանը մանկապարտեզի տնօրեն էր նշանակվել 2011 թվականին: Հիշեցնենք, որ վերջերս իր դիմումի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը:
Այս ամենը տեղի ունեցավ, երբ վատացան Սերժ Սարգսյանի ու Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Վերջինս որոշել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ ու նրա դաշինքում ընդգրկել նաև իր որդուն: Իշխանությունը թույլ չտվեց, որ տեղի ունենա նաև այդ համագործակցությունը: