Քաղաքացիներից շատերը հանգամանքների բերումով հաճախ ստիպված են լինում փոխել բնակավայրը, և շատ դեպքերում չգիտեն՝ ում դիմել և ինչպես: Այս հարցը մեզ են ուղղել մեծաթիվ երիտասարդներ, ովքեր ուսման, աշխատանքի նպատակով մայրաքաղաք տեղափոխվելուց հետո որոշել են փոխել նաև բնակության (հաշվառման) վայրը։
«Սոցիալական իրավունք» շարքը հերթական իրազեկմամբ անդրադառնում է քաղաքացու հաշվառման կարգին և մեկնաբանությանը:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով՝ եթե քաղաքացին փոխել է բնակության վայրը և ցանկանում է նոր վայրում հաշվառվել, ապա նա այլևս անհրաժեշտություն չունի դիմել նախկին հաշվառման վայր: Այսուհետ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, որով պարզեցվել է քաղաքացու նոր վայրում հաշվառվելու գործընթացը:
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն), որտեղ գտնվում է նրա նոր կացարանը, քանի որ բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Այս կարգից օգտվում են ինչպես ՀՀ-ում բնակվող անձինք (անկախ քաղաքացիությունից), այնպես էլ օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի քաղաքացիները:
Բնակիչը պարտավոր է համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն:
Սահմանված է երեք փաստական հիմք՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որոնցից առնվազն մեկը բավարարելու դեպքում, անձի դիմումը բավարարվում է.
- Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի օգտագործման իրավունք: Տվյալ պարագայում անձը հաշվառվում է, եթե ներկայացնում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը (օրդեր):
- Եթե հաշվառվող անձը չունի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ, ապա բնակելի տարածության սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնության հիման վրա նրան տրվում է հաշվառվելու իրավունք:
- Եթե հաշվառվող անձը բնակելի տարածքի սեձականատերը չէ, չունի օգտագործման իրավունք և միաժամանակ չի կարողանում ներկայացնել սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, ապա բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից,դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումի հետ քաղաքացին ռեգիստրում պարտավոր է ներկայացնել միաժամանակ ներքոհիշյալ փաստաթղթերը՝
- անձնագիր
- հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ)
- կացության կարգավիճակը կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ
Հիշեք, հաշվառումը չի առաջացնում բնակելի տարածության սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք:
Ինչպե՞ս է կատարվում հաշվառման գործընթացը…
Բնակության նոր վայրում հաշվառվող անձանց անհատական տվյալները պետական ռեգիստր մուտքագրվում են՝ դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը կարող է ներկայացնել ոչ միայն դիմումատուն, այլ նաև լիազորված անձի կողմից:
Ուշադրություն. այն անձինք, ովքեր 6 ամիս (183 օր) և ավելի գտնվում են ՀՀ տարածքից դուրս, բնակության 183 օրը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում այդ մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որն էլ իր հերթին 7-օրյա ժամկետում Արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է կենտրոնական ռեգիստրին: Իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, բայց այստեղ մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի քաղաքացու անձնագրի իրավունքով բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ի դեպ, զինապարտ քաղաքացիները օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով կարող են հաշվառվել միայն տարածքային զինկոմիսարիատի կողմից՝ զինապարտի անհատական հաշվառման քարտում համաձայնության վերաբերյալ նշագրում անելուց հետո, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է տեղական ռեգիստոր:
Ո՞ր դեպքերում է հնարավոր քաղաղաքացուն հանել հաշվառումից
Բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձը իրավասու չէ այլ անձանց հանելու հաշվառումից, մինչդեռ սեփականատերը լիազորված է այդ իրավունքով:Սեփականատիրոջ դիմումի հիման վրա, տեղական ռեգիստրը տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է:
Ի դեպ, եթե հաշվառվելիս բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը պարտադիր է, ապա հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:
Եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված է քաղաքացու բնակ. տարածության օգտագործման իրավունք, ապա սեփականատերը իրավասու չէ նրան հանելու հաշվառումից:
Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը: