Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, ում վերջին տարիներին հեռուստադիտողը տեսնում է տարբեր նախագծերում:
– Հայկ, զրույցն ուզում եմ սկսել՝ հետաքրքրվելով այժմյան Ձեր գործունեությունից:
– Տարբեր նախագծերից զատ, զբաղված եմ նաև թատրոնում, որտեղ ներկայացումների վերականգնողական փորձերի շրջան է. այս պահի դրությամբ հիմնականում մանուկների համար նախատեսված ներկայացումների վրա ենք աշխատում: Միաժամանակ, նաև մտքումս մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին կխոսեմ դրանց իրականությունից հետո միայն:
– Դժվար չէ՞ փոքրիկների առջև ներկայանալն ու նրանց հետաքրքրությունը պահելը մինչև ներկայացման ավարտ:
– Իսկապես, դա շատ պատասխանատու է: Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարություններն ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ: Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում, փոքրերին պետք է պատմել ու բացատրել և միաժամաանկ խաղալ:
– Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին: Մի նախագիծը դեռ չավարտված, նկարահանվում եք մյուսում: Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ Ձեր մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞:
– Նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվել, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ: Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ: Ինչ վերաբերվում է այդ դժվարության հաղթահարմանը, իմ տեսակով շատ հացեր տվող եմ, իհարկե, խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է: Ռեժիսորին ու սցենարիստներին ուղված հարցերիս շնորհիվ՝ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց՝ բնավորություն կերտել: Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիաներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում՝ բոլորովին այլ: Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի: Օրինակ, «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս՝ Արամը, հավասարակշռված մարդ է, այդպես որոշել էին նաև ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով՝ փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել: Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան, դա հաստատ եմ ասում: Ընդհանուր առմամբ, նաև պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այնքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը:
– Հայկ, հատկապես ավագ սերնդի արվեստագետներն անընդհատ քննադատում են հեռուստասերիալները, միաժամանակ, երիտասարդ դերասաններից շատերը փաստում են, որ սա միակ ոլորտն է, որտեղ կարող են ոչ միայն գումար վաստակել, այլև ճանաչում ձեռք բերել: Հետաքրքիր է՝ այս առումով լսել ձեր կարծիքը. Ի՞նչ եք կարծում, արդյոք արդարացի են այդ քննադատությունները:
– Միանշանակ, արդարացի են, բայց միանշանակ նաև շատ ճիշտ է նկարահանվելը, որովհետև, ցավոք, չենք ապրում այնպիսի պետությունում, որտեղ կկարողանանք ճիշտ արվեստով գոյատևել: Տարրական կենցաղային պայմաններում մենք ուղղակի չենք կարող ապրել, եթե զբաղվենք ճիշտ արվեստ արարելով: Իսկ այսօր սերիալներում նկարահանվելն այնքանով եմ ճիշտ համարում, որ այդպես գոնե հեռուստաընկերությունը ունենում է արտադրություն, աշխատանք է տալիս ոչ միայն դերասնին, այլև ռեժիսորին, օպերատորին: Այսպիսիով գրանցվում է թեկուզև փոքր աճ այդ մասնագիտություններում: Ես միայն կասեմ, որ ինքս շատ կցանկանայի, որպեսզի մեր սցենարական դպրոցը քիչ ավելի զարգացում ապրեր, որովհետև այդ ոլորտը շատ թույլ է, չափազանց հասարակ սցենարներ են գրվում: Կարծում եմ, եթե անգամ սցենարում խոսվում է մեր իրականության վատ երևույթների մասին, ապա դա պետք է անել շատ նրբորեն, կիրթ ու ճաշակով:
– Հայկ, ունեք հրաշք ընտանիք: Հետաքրքիր է, այդքան աշխատելով, ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար: Ի վերջո, ընտանիքում հայրիկի գումար վաստակելուց, շատ ավելի կարևոր է նրա ներկայությունը:
– Հավատացեք, եթե բանը հասներ նրան, որ ընտանիքիս համար ժամանակ չկարողանայի առանձնացնել, հաստատ ինչ-որ մի բանից կհրաժարվեի: Ես չեմ կարող առանց իմ ընտանիքի: Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել: Կինս դատապարտված չէ միայնակ զբաղվել մեր երեխայով, միայն նրա համար, որ իր ամուսինը դերասան է: Ես ամեն ինչ անում եմ, որ մշտապես կնոջս կողքին լինեմ, որպեսզի միասին մեծացնենք մեր հրաշքին: Չկա մի օր, որ ես ժամանակ չանցկացնեմ նրանց հետ:
– Ձեր կինը մասնագիտությամբ բանասեր է. բանասերի ու դերասանի համատեղ կյանքն ինչպե՞ս է կայանում:
– Գիտեք, չեմ կարծում, թե դերասան կամ հայտնի ամուսին ունենալը բարդ է: Ըստ իս՝ դա ավելի շատ մարդու տեսակի խնդիր է: Ես մեծ փողերի վրա կարող եմ գրազ գալ, որ կգտնեմ օրինակ 100 ոսկերիչ կամ տնտեսագետ, ով կնոջը դավաճանում է ու վատ կյանքով ապրում, միաժամանակ, կարող եմ մատնանշել 100 երգչի կամ դերասանի, ովքեր աշխարհում ամենալավ ամուսիններից են: Բնականաբար, արվեստի մարդկանց մեջ էլ կգտնվեն այնպիսիք, ովքեր ընտանիքի մարդ չեն ու լավ կլիներ նրանք ընդհանրապես ընտանիք չկազմեին: Ինքս հարգում եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ իրենք լավ ամուսին ու հայր չեն կարող լինել և երբեք չեն ամուսնանում: Ինձ համար շատ ցավոտ թեմա է բաժանությունը, որը կարծես բավականին շատացել է վերջին տարիներին: