Երբ ասում ենք` Շվեյցարիա, անկախ մեր կամքից, միանգամից պատկերացնում ենք բանկեր, պանիր, շոկոլադ և, իհարկե շվեյցարական ժամացույցներ։ Շվեյցարացի ժամագործների համբավը հայտնի է ամբողջ աշխարհում։ Մեզ այցելեցինք շվեյցարական ժամացույցների ամենահայտնի և ամենահին բրենդերից մեկի` Girard-Perregaux-ի գործարան: Ոչ միայն այցելեցինք, այլև տեղում ծանոթանացանք արտադրության ողջ պրոցեսին՝ լուսանկարելով այդ ամենը։ Սակայն ամեն ինչ` հերթով։
Լա-Շո-դը-Ֆոն. ժամացույցների քաղաքը
Շվեյցարիայի արևմուտքում` Ֆրանսիայի սահմանին գտնվող այս փոքրիկ քաղաքի մասին թերևս քչերը գիտեն։ Լա-Շո-դը-Ֆոնը նոր քաղաք է և ունի ընդամենը 38 հազար բնակչություն: Սակայն, եթե քաղաքի անունը հայտնի չէ, փոխարենը հայտնի են ժամացույցները, որոնք արտադրվում են այստեղ` Rolex, Omega, Tissot, Girard-Perregaux և այլ հայտնի բրենդեր (շուրջ մեկուկես տասնյակ): Քաղաքի բնակչության 45%-ը ներգրավված է ժամացուցային արդյունաբերության մեջ:
Նախկինում Լա-Շո-դը-Ֆոնը եղել է գյուղաքաղաք և սկսել է զարգանալ 18-րդ դարից, երբ այստեղ հայտնվեցին ժամացուցային առաջին մանուֆակտուրաները: 1794 թվականին Լա-Շո-դը-Ֆոնի 3/4-ը ոչնչանում է մեծ հրդեհի պատճառով: Սակայն հին շենքերը վերականգնելու փոխարեն` որոշվում է ստեղծել լիովին նոր քաղաք` նոր ճարտապետությամբ, որը պետք է հարմարեցվեր, առաջին հերթին, ժամագործության շահերին: Քաղաքի հատակագիծն անում է մոդեռնիստ-ճարտարապետ Լե Կորբյուզեն:
Այս փոքր քաղաքում ամենատարօրինակ բանը լայն փողոցներն են: Դրանք մայրուղիների չափ լայն են: Դա պատահական չի արված: Ճիշտ եք` հարմարեցված է ժամագործներին: Փողոցների լայնությունն այնպես է ընտրված, որ օրվա ոչ մի ժամին մի շենքի ստվերը մյուսի վրա չընկնի: Այսինքն, դրանով ապահովվում էր արևի լույսի արդյունավետ օգտագործումը ժամագործական մանուֆակտուրաների կողմից:
Հիմնական սխեման հետևյալն է` շենք-այգի-փողոց: Այսինքն, յուրաքանչյուր շենքի մյուսից բաժանվում է մեկ այգիով և մեկ փողոցով: Ի դեպ, Լա-Շո-դը-Ֆոնում ավանդույթ է եղել ժամացուցային մանուֆակտուրաներն ու աշխատողների բնակարանները համատեղել նույն շենքում: Դա պահպանվել է մինչ օրս, ինչպես երևում է նկարում:
Եվս մի ուշագրավ հանգամանք: Ժամացույցների գործարանների շենքերի վրա սովորաբար չեք գտնի որևէ լոգո կամ ցուցանակ: Լաշոդըֆոնցիները ցուցամոլ չեն և բավականին զգուշավոր են: Օրինակ` նկարում պատկերվածը Girard-Perregaux-ի հիմնական արտադրական շենքն է:
Եվ վերջինը, քաղաքում ապրող մեր զրուցակիցը մեծ հպարտությամբ ասաց, որ Լա-Շո-դը-Ֆոնում ավտոմեքենաների կայանման համար գումար չի գանձվում: Ահա այսպիսի երջանիկ քաղաքում են ապրում ժամագործները:
Girard-Perregaux: Պատմություն, որը սկիզբ է առել 1791 թվականից
Մեզ` հայերիս, Girard-Perregaux անունը, թերևս, շատ բան չի ասում: Սակայն բրենդը լավ ծանոթ է և հեղինակություն է վայելում թանկարժեք ժամացույցների սիրահարների շրջանում: Girard-Perregaux-ն համարվում է լյուքս դասի 10 ժամացուցային բրենդերից մեկը:
Մասշտաբներն ու վաճառքի ծավալներն այնքան մեծ չեն, ինչպես, օրինակ, Rolex-ինը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Girard-Perregaux-ի` պատմական ժառանգության հարցերով մասնագետ Վիլլի Շվայցերը, իրենք տարեկան արտադրում են մոտ 12 հազար ժամացույց, որոնցից գերթանկարժեք (բարդ) ժամացույցներն արտադրվում են սահմանափակ քանակով` ընդամենը 200 հատ: Ժամացույցների գները սկսվում են 9000 եվրոյից և հասնում մի քանի հարյուր հազար եվրոյի:
Girard-Perregaux-ն խոշոր ընկերություն չէ, սակայն համարվում է ամենահին բրենդերից մեկն աշխարհում: Պատմությունը ձգվում է մինչև 1791 թվականը, երբ երիտասարդ ժամագործ Ժան-Ֆրանսուա Բոտը բացեց իր առաջին սեփական արհեստանոցը Ժնևում: Իր առաջին ժամացույցը Բոտը ստեղծել էր 19 տարեկանում: Հետագայում նա ճանաչում ձեռք բերեց որպես անգերազանցելի վարպետ` իր ստեղծած ժամացույցներով:
Սակայն դա միայն սկիզբն էր: 1852 թվականին բացվեց Girard-Perregaux ընկերությունը` Կոնստանտ Ժիրարի և Մարի Պերեգոյի կողմից: Գործերը հաջող գնացին, և 1867 թվականին նրանք ստեղծեցին իրենց ամենահայտնի մոդելը` Tourbillon` 3 կամուրջներով (տուրբիյոնը հատուկ մեխանիզմ է, որը թույլ է տալիս կոմպենսացնել Երկրի ձգողականության ուժը և ավելի ճշգրիտ դարձնել ժամացույցը): Մոդելը երկու անգամ ոսկե մեդալի արժանացավ Փարիզում անցկացվող համաշխարհային ժամացուցային ցուցահանդեսին:
Ընկերության համար նշանակալից տարի էր 1880-ը: Նրանք 2000 հատ ձեռքի ժամացույց վաճառեցին շվեյցարական բանակին: Մինչ այդ ձեռքի ժամացույցները տարածված չէին, և սա ժամացույցների պատմության մեջ առաջին խոշոր պատվերն էր:
1903 թվականին ընկերությունն անցավ Կոնստանտ Ժիրար-Գալլեին, ում օրոք Bautte և Girard բրենդերը միավորվեցին` հիմք դնելով Girard-Perregaux & Cie ընկերությանը:
1928 թվականին ընկերությունը գնեց գերմանացի գործարար, MIMO-ի սեփականատեր Օտտո Գրայֆը: Նրա ղեկավարությամբ Girard-Perregaux-ն հասավ աննախադեպ բարձունքների. Վաճառքի ծավալները մեծացան, ավելացան արտադրական հզորությունները:
1940 թվականին Girard-Perregaux-ն ամրապնդեց իր դիրքերն ամերիկյան շուկաներում` հիմնականում Sea Hawk ջրադիմացկուն ձեռքի ժամացույցների շնորհիվ:
1945-ին ստեղծվեց լեգենդար Vintage մոդելը:
1970 թվականին ի հայտ եկան բրենդի առաջին կվարցային ժամացույցները:
1980-ական թվականներին, նույն կվարցային ժամացույցների պատճառով, շվեյցարական ժամագործությունը հայտնվեց ճգնաժամի մեջ:
Հեղինակավոր ժամացուցային բրենդերից Girard-Perregaux-ն առաջինն էր, որ մարտահրավերն ընդունեց առաջին հայացքից` տարօրինակ որոշմամբ` վերդառնալ հին մեխանիզմներին: 1981 թվականին շուկա դուրս եկավ 1867 թվականին արտադրված Turbillon գրպանի ժամացույցի նորացված տարբերակը: Լուծումն իրեն արդարացրեց:
Իսկ 10 տարի անց` 1991թ., ընկերությունն իր ստեղծման 200-ամյակը նշանավորեց լեգենդար Turbillon-ի ձեռքի տարբերակով` երեք ոսկե կամուրջներով:
Նկար 93
2001 թվականին ընկերությունը ներկայացրեց իր հերթական նորամուծությունը`թվատախտակի վրա ցույց տալով նաև լուսնային փուլերը: Նույն տարում ընկերությունը շուկա հանեց նաև աշխարհի տարբեր ժամային գոտիների ժամանակը ցույց տվող մոդելը:
2008-ին ներկայացրեց իր գլուխգործոցներից մեկը` երկու առանցքի վրա հիմնված տուրբիյոնի մեխանիզմը, որը գործում է բազմաչափ հարթության մեջ և ավելի ճշգրիտ ձևով փոխհատուցում Երկրի ձգողականության ուժը:
Իսկ նախորդ տարի Girard-Perregaux-ի մասնագետները ներկայացրին իրենց նորույթը` constant force escapement մեխանիզմը: Այն հեղափոխական էր ոչ միայն իր դիզայնով, այլև պատրաստման նյութերով (օրինակ` սիլիկոնով):
Girard-Perregaux-ն` այսօր
Girard-Perregaux-ն այսօր ֆիրմային բուտիկներ ունի աշխարհի շատ երկրներում: Բրենդը վաճառվում է նաև մուլտիբրենդային ժամացույցի խանութներում (ինչպես, օրինակ, Երևանում): Բրենդին նախապատվություն են տալիս հայտնի մարդիկ, այդ թվում` նախագահներ և արքաներ:
Ամենահայտնի հավաքածուներից են Haute Horlogerie, GP 1966, Vintage 1945, Richeville, Ww.tc, Sea Hawk, Small Chronograph, Laureato, Catգs Eye և R&D 01: Դրանցից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Օրինակ, Haute Horlogerie հավաքածուում տեղ են գտել ոսկյա կամուրջներով ժամացույցները, որոնք պատրաստվում են ոսկուց, պլատինից և տիտանից: Ամենահետաքրքիր մոդելներից է Bi-axial Tourbillon-ը` սպիտակ կամ վարդագույն ոսկուց:
Ստանդարտ ժամացույցներից բացի ընկերությունն արտադրում է էքսկլյուզիվ ժամացույցներ` խիստ սահմանափակ քանակով, օրինակ` Ww.Tc New York, Anf, Monte-Carlo Historic Car Rally, Colorado Grand, Borsa Italiana, Ww. Tc Enamel Dial, Ww. Tc Sincere և այլն:
Girard-Perregaux-ն այսօր էլ շարունակում է նորամուծությունները: Ընկերությունն այն քչերից է, որը դեռևս 1960-ականների վերջից ունի իր սեփական գիտնականների խումբը: Ընդ որում, Girard-Perregaux-ի հետազոտությունների և զարգացման բաժնում (R&D department) աշխատում են հիմնականում երիտասարդ մասնագետներ: Ավելացնենք նաև, որ մեզ թույլ տրվեց լուսանկարել ամեն տեղ, բացի այս բաժնից: Փոխարենը` ձեզ կներկայացնենք մեր ֆոտոշարքը` ընկերության արտադրական ողջ պրոցեսից:
Մետաղի կտորից` մինչև արվեստի գործ
Շվեյցարիայում գործում են մի քանի տասնյակ ժամացույցի գործարաններ, սակայն մատների վրա կարելի է հաշվել այն ընկերությունները, որոնք իրենք են արտադրում շարժման մեխանիզմը (movement)` սկսած դրա ամենակարևոր դետալներից:
Սակայն, չնայած դրան` ամեն ինչ չէ, որ արտադրվում է ժամացույցի գործարանում: Շատ դետալներ (օրինակ, ձեռքի ժամացույցների կաշվե գոտիները) գնվում են այլ արտադրողներից: «Եթե որևէ մեկը ձեզ կասի, որ իրենց մոտ ամեն ինչ արտադրվում է` չհավատաք»,- ասում է Վիլլի Շվայցերը:
News face of Tradition (ավանդույթի նոր դեմքը)-սա է Girard-Perregeux-ի այսօրվա փիլիսոփայությունը: Այսինքն` զարգացում` պահպանելով ավանդույթները: «Մարդիկ մտածում են, թե մենք այստեղ աշխատում ենք նույն մեթոդներով, ինչպես 100 տարի առաջ: Դա մոլորություն է: Մենք օգտագործում ենք նորագույն սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ապահովել առավելագույն ճշգրտություն: Իհարկե, դրան գումարվում է նաև վարպետ ժամագործների աշխատանքը»,- ասում է մեր զրուցակիցը:
Լազերային սարքավորումները թույլ են տալիս ապահովել մինչև 0.001 մմ ճշգրտություն:
Լավագույն վկայություններից մեկը ժամացույցի հավաքման այս սեղանն է: Դրա ձևը, դիզայնը չեն փոխվել արդեն գրեթե 1.5 դար: Սակայն ավելացել է համակարգիչը, որը թույլ է տալիս ընթացիկ ստուգում անցկացնել:
Ինչպես նշեցինք, ժամացույցները հիմնականում պատրաստվում են թանկարժեք մետաղներից, այդ թվում` ոսկուց: Շրջանակը մշակելուց հետո մնում են այսպիսի թանկարժեք թափոններ, որոնք խնամքով հավաքվում են և վերամշակվում:
Դետալները մշակվում են ավտոմատ ժամանակակից սարքերով, սակայն փայլեցման գործը (polishing) մեքենաներին չեն վստահում: Այն կատարվում է ձեռքով: Թեպետ վերջում կրկին ստուգվում է համակարգչով:
Ձեռքով են կատարվում նաև նախշերը: Ընդ որում, բավականին փոքր` անգամ 2-3 մմ երկարություն ունեցող դետալների վրա: Յուրաքանչյուր աշխատողի դիմաց դրված է հատուկ գծագիր, որտեղ երևում է, թե ինչ զարդեր պետք է արվեն և ինչ չափսերով:
Նշենք նաև, որ գործարանում կա առանձին արտադրամաս, որտեղ սարքավորումներ ու գործիքներ են պատրաստվում հատուկ ընկերության կարիքների համար:
Հետո սկսվում է ժամացույցների հավաքման գործը, որը կրկին կատարվում է ձեռքով: Սակայն` համակարգչի օգնությամբ: Համակարգիչը ցույց է տալիս, թե որ դետալն ինչպես պետք է դնել, իսկ դնելուց հետո ստուգում է` չափերն ու դիրքը ճ՞շտ են պահպանված, թե՞ ոչ: Ավելացնենք նաև, որ հավաքման սեղանի վրա գործադրվում է օդի ճնշում, որը կանխում է փոշու ներթափանցումը:
Սակայն ամենակարևորը որակի ստուգումն է: Զարմանալ կարելի էր, թե ինչ մանրակրկիտ ձևով են ստուգվում ժամացույցներն ու դրանց առանձին դետալները: Բացի այն, որ պատրաստման յուրաքանչյուր փուլում դրանք ենթարկվում են ընթացիկ ստուգման, ժամացույցը «փորձությունների» բազում փուլեր է անցնում նաև դրանից հետո:
Ժամացույցը նախ անցնում է ռենտգեն-հետազոտություն, որը մանրամասն վերլուծում է, թե ինչ կա մեխանիզմի ներսում, և ինչպես է այն աշխատում:
Այնուհետև ստուգվում է «զարկերակը»: Ժամացույցները տեղադրվում են այս միկրոֆոնների մոտ, որոնք լսում են դրա աշխատանքը: Համակարգիչն այդ թկթկոցը վերածում է թվային ինֆորմացիայի և վերլուծում ճշգրտությունը:
Մյուս փորձություններն ավելի դաժան են: Ժամացույցը պետք է չվնասվի և անխափան աշխատի այս մուրճի ծանր հարվածից հետո:
Այնուհետև ժամացույցը դրվում է այս սարքավորման մեջ, որն ապահովում է օդի բարձր ճնշում:
Հետո սկսվում են ջրային պրոցեդուրաները: Ժամացույցը տեղադրվում է ջրով լի այս սարքի մեջ, որն ապահովում է այնպիսի ճնշում, որը լինում է 300մ խորության վրա:
Հատուկ մոդելների համար օգտագործվում է նաև մյուս ջրային սարքը, որը 3000մ խորությանը համարժեք ճնշում է ապահովում։
Այդ ամենից հետո ժամացույցը տաքացնում են այստեղ: Ու եթե ապակու տակ նկատվի թեկուզ աննշմարելի ջրի կաթիլ, եթե ապակին անգամ մի թեթև քրտնի, ապա այն կհամարվի խոտան:
Մեր հարցին, թե ի՞նչ են անում այն դեպքերում, երբ այդ ստուգումներից հետո թերություն է հայտնաբերվում, Վիլլի Շվայցերը պատասխանեց` չեմ կարող ասել… նման դեպքեր չեն եղել:
Հատուկ պայմաններ` ամենաբարդ ժամացույցների համար
Բարձրակարգ կամ, ինչպես, ասում են, բարդ (complicated) ժամացույցների համար գործում է առանձին արտադրամաս` այս առանձին կապույտ շենքում:
Այստեղ աշխատում են վարպետները, թվով 20-25 հոգի (ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 250 հոգի): Ընդ որում, որքան էլ զարմանալի լինի` վարպետները հիմնականում երիտասարդներ են, ովքեր արդեն հասցրել են մասնագիտանալ գործի մեջ:
Գերթանկարժեք ժամացույցների վրա կատարվում է մեծ ծավալի ձեռքի աշխատանք: Հիմնական դետալները մշակվում են հատուկ սարքավորումների օգնությամբ, սակայն դրանք այնուհետև դետալ առ դետալ մշակվում են ձեռքով: Ժամանակի մեծ մասը ծախսվում է հավաքման վրա: Թանկարժեք կամ, ինչպես ասում են, բարդ (complicated) ժամացույցների միայն հավաքման պրոցեսը տևում է մոտ 2 ամիս: Ձեռքով հավաքվում է ավելի քան 600 դետալ: Գործը վստահվում է լավագույն վարպետներին, ինչպես, օրինակ, այս երիտասարդին` Ֆրանսուային, ով չնայած իր երիտասարդ տարիքին` արդեն համարվում է վարպետ-ժամագործ:
Կոնկրետ այս ժամացույցը, որի վրա նա աշխատում էր մեր այցելության պահին, վաճառվում է 110 հազար եվրոյով:
Կարծում ենք` ընթերցողներին կհետաքրքրի, թե որքան են ստանում ժամագործները: Վարպետ-ժամագործների դեպքում այդ թիվը մեզ չասացին: Փոխարենն իմացանք, որ տեխնիկական համալսարանը նոր ավարտած երիտասարդները, ովքեր տեղավորվում են գործարանում, սկզբնական շրջանում (կամ փորձաշրջանում) ստանում են ամսական 3500-4000 եվրո աշխատավարձ:
Ովքե՞ր են գնորդները
Թանկարժեք ժամացույցները ոչ միայն ժամը ցույց տվող սարքավորումներ են, այլև տիրոջ սոցիալական կարգավիճակն ընդգծող ատրիբուտ: Գնորդները, ինչպես և կարելի էր սպասել, աշխարհի ամենահարուստ մարդիկ են: Առանձին գնորդների վերաբերյալ ընկերությունը, բնականաբար, տեղեկություններ չի տրամադրում: Միայն պատմում են ընդհանուր շուկաների մասին: Կոնկրետ Girard-Perregaux-ի հիմնական շուկան ավանդաբար եղել է Եվրոպան (առաջին հերթին` Ֆրանսիան) և ԱՄՆ-ը: Սակայն վերջին տարիներին պատկերը փոխվել է, և խոշորագույնը դարձել է ասիական շուկան: Առաջին հերթին` Չինաստանը: Մեծ քանակությամբ ժամացույցներ են վաճառվում նաև Ռուսաստանում:
Ի դեպ, ընկերության ներկայացուցիչը մեզ ասաց, որ իրենց ժամացույցները վաճառվում են նաև Երևանում` Հյուսիսային պողոտայում գտնվող Chronograph խանութում: Մեր հարցին` տարեկան քանի՞ ժամացույց է վաճառվում Հայաստանում, նախընտրեցին չպատասխանել: Նախ` ձեռքի տակ նման տեղեկատվություն այդ պահին չկար, և բացի այդ` դա կոմերցիոն գաղտնիք է:
Թերևս այսքանը: Այն, ինչ ներկայացրեցինք, ընդամենը մեր տեսածի և մեզ ներկայացվածի 1%-ն է: Իսկ այն, ինչ մեզ ներկայացվեց` ողջ պատկերի և աշխատանքի ողջ բարդության 0.1%-ը: Այնպես որ, կարծում ենք` այլևս չեք զարմանա, թե ինչու են որոշ ժամացույցներ վաճառվում մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար դոլարով: Եվ ինչու դրանց պահանջարկը երբեք չի նվազում:
Լուսանկարները՝ 168.am-ի և girard-perregaux.com-ի
Բաբկեն Թունյան