Էյնշտեյն, Նյուտոն, Փելեշյան. «Ինչ լավ է, որ դուք կաք»
Advertisement 1000 x 90

Էյնշտեյն, Նյուտոն, Փելեշյան. «Ինչ լավ է, որ դուք կաք»

«Էյնշտեյնն ասում էր՝ Դոստոևսկին ինձ ավելի շատ բան է տվել, քան բոլոր գիտնականներն ու մտավորականները՝ միասին վերցրած, իսկ ահա կինոն ինձ համար նույն նշանակությունն ունի, ինչ Դոստոևսկին Էյնշտեյնի համար»,- մի առիթով այսպես է բնորոշել իր և կինեմատոգրաֆի կապը համաշխարհային կինոյի հսկաներից մեկը՝ մեր հայրենակից Արտավազդ Փելեշյանը:

Ետևում թողած մեկ տասնյակից ավելի ֆիլմերը, որոնցից մի քանիսը համաշխարհային հռչակ բերեցին ոչ միայն իրեն՝ ռեժիսորին, այլև հայրենի երկրին, հեղինակելով կինեմատոգրաֆում բացառիկ նորահայտ տեսության՝ «Դիստանցիոն մոնտաժի» հայտնագործումը, այսօր էլ Փելեշյանը չի դադարում «նկարահանել» առաջիկա ֆիլմը՝ «Homo sapiens»-ը՝ բանական մարդու մասին, առայժմ՝ միայն սեփական մտքերում:

Թե ինչպիսի մտքեր են այցելում հանճարեղ այս մարդուն, դժվար է կռահել, համարյա անհնարին, առավել անսպասելի են այդ մտքերի շոշափելի, առարկայական դրսևորումները, որոնցից մեկին վերջերս ականատես եղանք՝ «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գիտատեսական աշխատության տեսքով, որը լույս տեսավ բնագիր ռուսերենով, խիստ սահմանափակ՝ 500 օրինակ տպաքանակով, և որի արարումը հեղինակից խլեց 40 տասնամյակ, ընթերցողին ու մարդկությանը ասելու համար՝ «Իմ կարծիքով՝ ես գտել եմ այն, ինչ Էյնշտեյնը փնտրեց 40 տարի ու այդպես էլ չգտավ»:

Ի՞նչ է գտել Փելեշյանը՝ 40 տասնամյակ կատարած իր ուսումնասիրությունների հետքերով, այդ ի՞նչ բացահայտման հեղինակ է դարձել այս Մարդը, որ այդօրինակ անակնկալի էր բերել շնորհանդեսին հրավիրված հյուրերին՝ մեծից ՝փոքր, վերից՝ վար, հումանիստից՝ մինչև տեսաբան, ֆիզիկոսից՝ մինչև քաղաքական գործիչ:

Պարզվում է՝ բնության մեջ անվերջանալի թվեր չկան: Թվերը վերջանում են: Թվերը սկսում են, մեծանում են ու մի կետում աննկատ կերպով անսպասելի հետ են դառնում: Որտե՞ղ է այդ կետը, կամ թե ի՞նչ ֆորմուլա է դա, Վարպետը խոստովանում է՝ ինքը չգիտի, բայց համոզված է՝ թվերն այդպիսի ունակություն ունեն.

«Էս էլ ասեմ՝ բնության մեջ կան, օրինակ, երևույթներ, որ երկու անգամ մեծ են իրենք իրենցից: Դժվար հասկացություն է: Մի օրինակ բերեմ, որ իրականության հետ չի համընկնում, բայց լրիվ արտացոլում է իմ մտքերը, այն, ինչ ուզում եմ ասել: 0 պահին, ենթադրենք՝ ծնվում է մարդը, նրա մահը պայմանականորեն նշանակենք՝ X: 0-ից X գիծ տանենք ու կտեսնենք, թե ինչ է կատարվում գծի հետ: Մարդը ապրում է մի օր, մի ժամ, մի ամիս, մի տարի, ուրեմն՝ գրում ենք գծի վրա՝ 0+1: Ի՞նչ է կատարվում X-ի հետ այդ պահին՝ X-1: Հիմա ի՞նչ է ստացվում՝ անելով մի քայլ առաջ, մարդը երկու քայլով կարճացնում է իր ընդհանուր ճանապարհը: Եթե մարդուն տրված է 90 տարվա կյանք, ապա այդ սխեմայով ստացվում է՝ 0 պահին, երբ նա ծնվեց, իր ծրագրում դրված էր 180 տարվա կյանք: Եվ այստեղ է, որ ասում են՝ ինքը երկու անգամ մեծ է իրենից: Էս է իմ բանաձևը՝ զրոյից մինչև մահ եթե նշանակենք R տառով, ուրեմն կստացվի՝ R=2R»:

Անդրադառնալով Էյնշտեյնին՝ Վարպետը նկատում է. «Էյնշտեյնն կյանքի վերջին 30-40 տարին աշխատեց, որ գտնի դաշտի միասնականության տեսության բանաձևը: Չհաջողվեց: Ըստ իս՝ նա թույլ տվեց մի սխալ, որը ես անուղղելի եմ համարում: Նախօրոք ասեմ՝ ինքը մեղք չուներ: Ո՞րն էր սխալը… Բոլոր մոլորակները Տիեզերքում պլյուս-մինուսով ձգում են միմյանց: Եթե մինչև վերջ ձգեն, կբախվեն իրար ու կվերջանան: Դրա համար Էյնշտեյնն այդ բանաձևի մեջ մտցրեց կոսմոլոգիկ մշտական նշանը՝ կոնստանտը, որը հեռու էր պահում մշտական ձգողականությունից: Բայց 20-ականներին Էդվին Հաբլը հայտնաբերեց Տիեզերքի լայնացումն ու Մեծ պայթյունը:

Լայնացման պատճառով Էնշտեյնը հրաժավեց կոնստանտից և դրա մտցնելը համարեց իր կյանքի ամենամեծ սխալը: Բայց ես համարում եմ, որ նրա սխալը ոչ թե այդ նշանը դնելն էր, այլ դրանից հրաժարվելը: Էդվին Հաբլի լայնացող Տիեզերքը շփոթեցրեց Էյնշտեյնին: Նա պետք է ոչ թե հրաժարվեր դրանից, այլ ջանար գտնել պայմանական, աբստրակտ նշանին փոխարինող իսկական նշանը, իսկական ֆորմուլը։ Այսպիսով՝ հին աշխարհից մինչև օրս պլյուսի կողքին մինուս ենք դնում՝ որպես անխախտ օրենք։ Յուրաքանչյուր պատճառ ունի հետևանք, յուրաքանչյուր պատճառի մեջ կա մի մասնիկը հետևանքի, և յուրաքանչյուր հետևանքի մեջ կա մի մասնիկը պատճառի։ Յուրաքանչյուր պլյուսի մեջ կա մասնիկը մինուսի, և յուրաքանչյուր մինուսի մեջ կա մասնիկը պլյուսի։ Ես եկա հետևյալ եզրակացության՝ Տիեզերքը գործում է ոչ թե պլյուս-մինուս, այլ պլյուս-պլյուս-մինուս-մինուս հարաբերությամբ։ Այս ֆորմուլան հանգեցնում է հետաքրքիր արդյունքի՝ պլյուս-մինուս՝ ձգում են, պլյուս-պլյուս՝ վանում են, մինուս-պլյուս՝ ձգում են, և այսպես շարունակ։ Այս սխեման է աշխատում տիեզերքում, որի հիման վրա էլ տիեզերքը մշտական է ու հավերժական, որովհետև մի կողմից՝ մասնիկներն իրար ձգում են, մյուս կողմից՝ վանում։ Ու տիեզերքը չի լայնանում, ինչպես Հաբլն է պնդում, այլ մշտական է, հաստատուն ու չափի մեջ»:

Այսպիսով, Տիեզերքն աշխատացնող սեփական սխեմայի հայտնագործումը, որ ի պատիվ հեղինակի՝ կրում է «Փելեշյան Մատրիցա» անունը, իրեն՝ Արտավազդ Փելեշյանին, փառքի դափնիներ չի խոստանում: Համենայնդեպս, այդպես է մտածում ինքը՝ Վարպետը, որը եզրափակելով 40-ամյա գիտատեսական աշխատության էջերը, գրում է.

«Կարծում եմ, չեմ խուսափի գիտնականների չար «խղճահարությունից» և ոչ գիտնականների «խայթոցներից»: Հիշենք` ինչպես էին սկզբում արհամարհում ու ծաղրում Էյնշտեյնի ու Նյուտոնի տեսությունները: Սակայն մեզ շրջապատող աշխարհի մասին նրանց ֆունդամենտալ բացահայտումների նոր բացատրությունն ունի և կունենա ապագա գիտության համար մեծ նշանակություն: Համոզված եմ, որ եթե նրանք հիմա ողջ լինեին, առաջինը կաջակցեին ու կշնորհավորեին իմ թեորեմական մտքերն ու գաղափարները: Ես էլ նրանց կասեի. «Ինչ լավ է, որ դուք կաք»:

Սա Արտավազդ Փելեշյանի երախտագիտությունն է, որով ավարտվում է նոր գաղափարներ առաջ քաշած «Իմ տիեզերքը և դաշտի միասնականության տեսությունը» գիտատեսական աշխատությունը: Եվ ես, իմ հերթին, որ ընթերցողն եմ այդ աշխատության և հայրենակիցը մեծ Մտածողի, կուզենայի ասել՝ «Ի՜նչ լավ է, որ դուք կաք, սիրելի Վարպետ»:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ