Հայաստանի Հանրապետության տարածքում 2016 թվականին գործող հյուրանոցներում և հյուրանոցային տնտեսություններում տեղաբաշխվել է շուրջ 979 հազար 968 հայաստանյան ռեզիդենտ-զբոսաշրջիկ:
Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականին նրանց թիվը կազմու մ էր 871 հազար 888 մարդ: 2016 թվականին այս ցուցանիշն ավելացել է 12,4 տոկոսով: Ներքին զբոսաշրջության շուրջ 71%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, 17.5%-ը կրել է գործնական բնույթ, մոտ 6%-ն ունեցել է բուժման նպատակ:
Հարկ է նշել, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում ավելացել է ներքին զբոսաշրջությունը՝ հանգստի ու գործնական նպատակներով: Միևնույն ժամանակ, բուժման նպատակով ներքին զբոսաշրջությունը կրճատվել է:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելավայրում: