Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսվարող մարտի 14-17-ը մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում է «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մասնակցության հիմնական նպատակն արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելն ու նոր գնորդներ ձեռք բերելը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Նախորդ տարի հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «MosShoes» 3 ցուցահանդեսի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, հանդիպումներ են կայացել շուրջ 600 պոտենցիալ գնորդների հետ, արդեն իսկ արտահանման շուրջ 300 միլիոն դրամի պայմանագրեր են կնքվել։
«Հայկական կոշիկը պահանջված է ռուսական շուկայում՝ որակ-գին օպտիմալ համադրության և գեղեցիկ ու հարմարավետ լուծումների շնորհիվ։ Դեռևս խորհրդային շրջանում հայկական կոշիկի հանդեպ ձևավորված դրական կարծիքը դիզայներական նոր լուծումների շնորհիվ ավելի է ամրապնդվում: Դրա վկայությունը ցուցահանդեսների օրերին հայկական տաղավարի շուրջ տիրող ակտիվությունն է։ Բացի այդ՝ հետզհետե նկատում ենք, որ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող հայ արտադրողների հետաքրքրությունը նույնպես մեծանում է»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը։
«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում են 10-12 հազար մասնագետներ, ոլորտի մեծածախ գնորդներ։ Ավանդաբար, ցուցահանդեսին մասնակցում են 500 առաջատար կազմակերպություն ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ եվրոպական երկրներից՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանքը: Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է արդեն 4-րդ անգամ: Մասնակիցների թվում են «Զեննի», «Մաքսոլ», «Ավա Շուզ», «Վարդան և Գևորգ Պետրոսյան», «Սիմար», «Երամար», «Արմա Լեդեր» ընկերությունները, «Արսեն Բադիկյան», «Կարեն Թարվերդյան», «Տիգրան Սիմոնյան» անհատ ձեռնարկատերերը: