«Ավրորան՝ UWC-ի համար». հայտնի են լավագույն երեք նախագծերը
Advertisement 1000 x 90

«Ավրորան՝ UWC-ի համար». հայտնի են լավագույն երեք նախագծերը

Մրցակցային դժվար ընտրական գործընթացից հետո, սիրով հայտնում ենք UWC ցանցի քոլեջներից այն երեքի անունները, որոնց նախագծերն ընտրվել են որպես «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցների համար» նախագծի հավակնորդներ։ Դրանք են Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջը Սվազիլենդում, UWC Ռոբերտ Բոշ քոլեջը Գերմանիայում և UWC Մահինդրա քոլեջը Հնդկաստանում։ UWC International-ը շնորհավորում է նշյալ երեք թիմերին՝ ներկայացրած բացառիկ գաղափարների, նախագծերի և խանդավառության համար։ Բոլոր երեք թիմերը մայիսի վերջին կհրավիրվեն Հայաստան՝ մասնակցելու ընտրության ավարտական փուլին։

«UWC դպրոցների և քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագիծը» ցանկանում է ոգեշնչել UWC ցանցի բոլոր դպրոցների և քոլեջների աշակերտներին՝ ստեղծելու կամ մշակելու այնպիսի նախագծեր, որոնք վերաբերում են այն հումանիտար հիմնախնդիրներին, որոնք ներհատուկ են տվյալ աշխարհագրական վայրին կամ դպրոցին։ Նախագիծը մասն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, որը ներշնչված լինելով Հայոց ցեղասպանության տարիներին տեղ գտած խիզախության, գոյապայքարի ու կարեկցանքի բազում պատմություններից՝ հիմնադրվել է բարձրացնելու հանրային իրազեկվածությունն աշխարհի հումանիտար հիմնախնդիրների մասին։ Ցեղասպանությունից մեկ դար անց, մարդկային ոգու տոկունությունն ու վեհանձնությունը փառաբանելու մղումով ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ցանկանում է նաև ճանաչման արժանացնել այն նախածերը, որոնք նշանակալի ազդեցություն կարող են թողնել, և 2017 թվականից սկսած ձեռնարկել է UWC ցանցի դպրոցների և քոլեջների հետ այս նախագիծը։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում ես մշտապես առնչվում եմ միլիոնավոր դոլարների արժողությամբ նախագծերի առաջարկների հետ, որոնք ներկայացնում են միջազգային կազմակերպությունները և պիտի ասեմ, որ չափազանց տպավորված եմ այն առաջարկներով, որոնց ցանոթացա իբրև «Ավրորա» նախագծի նախընտրական ժյուրիի անդամ»,– ասել է ՎԶԵԲ Էներգիայի և բնական պաշարների վարչության ղեկավար տնօրեն, UWC Միջազգային խորհրդի և UWC «Ավրորա» նախագծի նախընտրական ժյուրիի անգամ Նանդիտա Պարշադը։ «Մտահղացումների որակը, առաջարկների ներկայացման ձևը, բյուջեի մշակվածությունն ու նախագծերի հավակնոտությունը շատ ավելին են, քան կարելի էր սպասել ավագ դպրոցի աշակերտներից։ և ես ստիպված էի շարունակ հիշեցնելու ինքս ինձ, որ սրանք սովորական ավագ դասարանցիներ չեն, այլ UWC-ի բացառիկ և լավագույնս մոտիվացված աշակերտներ»։

Ծրագրին մասնակցել է UWC ցանցի 15 դպրոց և քոլեջ։ Նրանց առաջարկները վերաբերում են իրենց դպրոցների մերձակայքում գոյություն ունեցող հումանիտար հիմնախնդիրների լայն և բազմազան ներկապնակին և փորձում են անմիջական համագործակցություն ծավալել տեղի համայնքների հետ։ Թիմերից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ նաև մանրամասն բյուջե, թե հաղթելու դեպքում ինչպես է ծախսելու մրցանակային դրամաշնորհը առաջին երեք, վեց և տասներկու ամիսներին։

Ներկայացված առաջարկները գնահատվել են ըստ վեց չափանիշների, որոնք բոլորը միտված են նախագծերը բարելավելուն՝ ստեղծագործական մոտեցում, ինքնադիտում, նվիրում, հետազոտության որակ, տևականություն և ազդեցություն։

Նախագծային թիմերը պետք է կազմված լինեին UWC ցանցի դպրոցում կամ քոլեջում ներկայումս ուսանող առնվազն չորս աշակերտներից, UWC մեկ շրջանավարտից (իբրև խորհրդատու) և անձնակազմի մեկ անդամից։ Նախընտրական ժյուրիի անդամները տպավորված էին անխտիր բոլոր թիմերի ցուցաբերած նվիրումի, նպատակամղվածության ու խանդավառության մակարդակով։

UWC խորհրդի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախընտրական ժյուրիի անդամ, McKinsey & Co ընկերության Ավագ Գործընկեր Դրիք Դեսմեթն այսպես է մեկնաբանել. «Բոլոր նախագծերն ի ցույց են դնում UWC-ի լավագույն կողմը։ Ավելի լավ աշխարհի ձևավորմանը նպաստելու մեր առաքելությունը հրաշալի է, սակայն այդ ուղղությամբ իրական գործ կատարելն արդեն միանգամայն այլ բան է։ Յուրաքանչյուր նախագծում ինձ անչափ դուր եկավ, թե աշակերտներն ինչպես են իրապես ականջ դրել շրջակա համայնքի ձայնին՝ հասկանալու, թե ինչն է, որ կարող է հանգեցնել մնայուն փոփոխությունների։ Սա նրանք ապա բերել են գործնական այնպիսի մի տեսքի, որն ունակ է փոփուխություն բերելու, իսկ դա հեշտ բան չէ, այլապես արդեն մի ուրիշ տեղ գոյություն կունենար։ և վերջապես, նրանք մշակել են բազմապատկող ազդեցությամբ նախագծեր։ Սա արդեն իսկական սոցիալական ձեռներեցություն է։ Այս նախագծերում փայլատակել է բոլորի սիրտը, հոգին ու միտքը, և ես իրոք հուսով եմ, որ բոլոր այս առաջարկները կվերաճեն իրենց քոլեջներում տարվող հանրօգուտ և շարունակական գործի»։

Հավակնորդ երեք թիմերն այժմ հրավիրված են ներկայացնելու իրենց նախագծերը Aurora Dialogues քննարկումների ընթացքում, որոնք տեղի կունենան 2017 թվականի մայիսի 27-ին, UWC Dilijan քոլեջում։ Նույն օրը կհայտարարվի նաև հաղթողը, որը կպարգևատրվի €4,000 մրցանակով՝ ուղղված նախագծի հետագա մշակմանն ու ֆինանսավորմանը։

Մենք շնորհավորում ենք հավակնորդ երեք թիմերին և UWC բոլոր դպրոցներին ու քոլեջներին, որոնք մասնակցեցին այս ծրագրին։ Ինչպես նախընտրական ժյուրին նշել է թիմերին ուղղված նամակներում՝ «Մենք անչափ տպավորված ենք նախագծերում առաջարկված գործողությունների որակով, ստեղծագործական մոտեցումներով, ընդգրկունությամբ և թե դրանք ինչպես են արտահայտում աշխարհը դեպի լավը փոխելու նպատակամղվածությունը։ Առաջարկները քննելիս մենք հպարտության անկեղծ զգացում ապրեցինք՝ տեսնելով, թե UWC աշակերտները, անձնակազմի ու համայնքի անդամները որքան շահագրգիռ են փոփոխություն բերելու հարցում և ինչքան են ցանկանում գործել հանուն ավելի լավ աշխարհի»։

Ստորև ներկայացնում ենք երեք հավակնորդներին։

UWC Ուոթերֆորդ Կամլաբա։ Սվազիլենդում գենդերային անհավասարության և կանանց ու աղջիկների նկատմամբ անհավասար վերաբերմունքի հիմնախնդրին ընդառաջ՝ այս թիմը նախագծել է BraveGirl Camp նախագիծը։ Սա սվազիլենդցի 15-18 տարեկան քաղաքաբնակ աղջիկների համար մեկշաբաթյա ճամբար է, որը փորձելու է նոր հնարավորություններ ընձեռնել Սվազիլենդի ապագա կին առաջնորդներին։ BraveGirl Camp-ը նպատակադիր է «ցուցաբերել միասնական մոտեցում աղջիկների դերի բարձրացման ուղղությամբ՝ սկսելով անհատական ձգտումների և առողջության վրա կենտրոնացումից և ընթանալով դեպի նպատակակետը՝ մեդիայի և շրջակա միջավայրի արտաքին աշխարհը»։ Ուսանողները փորձագիտական խորհրդատվություն են ստացել UWC Ուոթերֆորդ Կամլաբայի շրջանավարտ Քոմոծո Մախախուլայից։ «Քոմոծոն սեփական փորձից գիտեր՝ ինչ է նշանակում լինել երիտասարդ և նպատակասլաց կին այնպիսի հասարակությունում, որը չի ընդունում ինքնուրույն կնոջ կերպարը։ Նրա՝ սվազի մշակույթի խորին իմացությունն օգնեց մեզ հստակեցնելու մեր մոտեցումներն առ այն, թե զգայուն կողմերն ըմբռնելով հանդերձ՝ ինչպես է պետք ներկայացնել մեր առաջարկը հանրությանը, որ հնարավոր լինի հետաքրքրություն ձևավորել՝ առանց սվազի ժողովրդին վիրավորելու»,– նշում է թիմը։ Ճամբարի դասընթացները հիմնականում վերաբերում են անձնական մտահոգություններին՝ աղջիկների ընկերությանը, մարմնի տեսքին և մեդիա կերպարին, ինչպես նաև քնի կարևորության, հարցազրույցի նրբությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում աջակցության շուրջ որոշ գործնական խորհուրդների։ BraveGirl Camp ճամբարի այցելու աղջիկների դերի բարձրացմանը զուգահեռ՝ թիմի անդամները ոգևորիչ են համարում նաև ձեռք բերված փորձը. «Նախքան BraveGirl Camp-ի և «Աղջիկների հավաք» շաբաթվա վրա աշխատելը, ես երբևէ չէի պատկերացնի, թե ինչ կարող եմ իրագործել կամ թե իմ մտահղացումները որքանով են առհասարակ օգտակար»։

UWC Ռոբերտ Բոշ քոլեջի առաջ քաշած DoGood նախագիծն ուշադրությունը բևեռում է քոլեջի շրջակա համայնքի կարևոր խնդրի՝ փախստականների ճգնաժամի և կայուն ապագա ձևավորելու գործի վրա։ Նախագիծն առաջարկում է փախստականներին օժանդակել երկու ուղղությամբ. առաջինը՝ տրամադրելով առցանց հարթակ, որում փախստականները կարող են վաճառել կրկնօգտագործված նյութերից իրենց պատրաստած ձեռքի աշխատանքները, և երկրորդը՝ օգնելով ստանալ կրթություն, որակավորում և աշխատանքային վերապատրաստում։ Մարդկանց հմտությունները զարգացնելուն զուգընթաց՝ նախագիծը փորձում է անդրադառնալ նաև բնապահպանական խնդիրներին՝ խրախուսելով կրկնօգտագործված նյութերից ձեռքով պատրաստված, ուստիև՝ էժան ու շրջակա միջավայրի համար անվտանգ իրերի արտադրությունը։ «Սա թույլ կտա փախստականներին ոչ միայն վաճառել իրենց գործերն ու փող վաստակել, այլև դառնալ հասարակության մի մասն ու աշխատանք գտնել»,– ասում է թիմի աշակերտներից Մուհամեդը։ «Ավելին, ապագայում մենք ծրագրում ենք նաև վերապատրաստել փախստականներին, որպեսզի իրենք իսկ կարողանան աշխատեցնել հարթակը՝ ձեռք բերելով ՏՏ հմտություններ և բարձրանելով աշխատանք գտնելու՝ իրենց հնարավորությունները, ինչը նրանց կօգնի նաև վերափոխելու հանրության կարծիքն իրենց մասին»։ Նախաձեռնությունը գործակցում է այլ կազմակերպությունների հետ, որոնցից է Գերմանիայում սոցիալական աշխատանքի շրջանակներում օժանդակության նախաձեռնություններ իրականացնող խոշորագույն հովանի կազմակերպություններից մեկը՝ Paritaetische («Պարիտետ») ընկերությունը։ UWC շրջանավարտ և նախագծի խորհրդական Քաթարինա Բեքմանը նշում է, որ UWC ցանցում իր կրթությունն իրենում ներարկել է «հանրային ծառայության զորեղ զգացում», իսկ առաջին տարվա աշակերտ Հայդերն ասում է, որ «Մենք աշխատում ենք աշխարհի ամենահրատապ հումանիտար ճգնաժամերից մեկի վրա և ունենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կարիքը աշխարհի փախստականներին օգնության ձեռք մեկնելու կարևորության շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար»։

UWC Մահինդրա քոլեջի ներկայացրած Kriyā Iron նախագիծը փորձում է անդրադառնալ քոլեջին հարակից գյուղական վայրերում տարածված անեմիայի հիմախնդրին՝ շարունակելով 2013 թվականին ձևավորված Kriyā նախագիծը, որը չքավոր կանանց թույլ է տալիս զարգացնել իրենց հմտությունները։ Թիմը յուրահատուկ միջոց է գտել անեմիայի դեմ՝ Lucky Iron FishTM կոչվող ձուլածոները, որոնք մշակվել և արտադրվել են Քամբոջայում և տեղադրվում են եռացող ջրի մեջ՝ մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ միասին։ Ձուլածոներն արտադրված են վերամշակված նյութերից և կարող են ծառայել մինչև հինգ տարի։ Երկարաժամկետ նպատակը, ինչևէ, ավելին է, քան սոսկ գործնական լուծումը, և փորձում է երկխոսություն բացել ընդհանուր առմամբ սննդարար ուտելիքի և կանանց առողջության մասին՝ կանանց տալով իրենց առողջությունը բարելավելու հնարավորություն։ Աշակերտներն այս փորձը ոգևորիչ են համարում՝ նշոլով, որ դա հիմնովին վերափոխեց իրենց տեսակետները։ «Երբ Kriyā թիմն առաջին անգամ խոսեց սննդում երկաթի պակասի և անեմիայի խնդրի շուրջ, ինձ դժվար էր մինչև վերջ ընկալել տեղեկությունների և երկաթով հարուստ սննդի բացակայության փաստը, որին բախվում են տեղի բազմաթիվ ընտանիքներ։ Ինչպե՞ս կարող էին նրանք չգիտակցել երկաթի կարևորությունը սննդակարգում։ և ինչպե՞ս կարող են նրանք հնարավորություն չունենալ գնելու ավելի սննդարար ուտելիք։ Ես շարունակում եմ սովորել, թե այս հիմնախնդիրներին ինչ մոտեցում պետք է դրսևորել, որ համակշռի համեստությունն ու հարգանքը իդեալիզմի հետ»,– ասում է խմբի անդամներից Քաթրինը։

auroraprize.com