Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է ստամբուլահայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կյանքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայության կյանքի, խնդիրների ու պայքարի հետ:
auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:
Թունջբոյաջյանի՝ թուրքական մամուլում հայտնված կյանքի պատմությունը ներկայացնում ենք ստորև.
Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունջբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ սկսվեց նրա հայրենի Սեբաստիայի վրա հարձակումը:
«Երբ հայրս տեսնում է, թե ինչպես են իրենց հարևանների երկու աղջիկների կոկորդը կտրում, վախեցած ու խուճապահար մտնում է փոսի մեջ ու թաքնվում: Ավելի ուշ նա մի հովվի օգնությամբ կարողանում է անցնել ավելի ապահով վայր», – պատմում է Արտոն:
Ի վերջո, ընտանիքում 11 քույր-եղբայրներից միայն 4-ն են կարողանում փրկվել կոտորածից. որբացած Սեդրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան կարողանում են հասնել Ստամբուլ: Այստեղ, ի տարբերություն Սեբաստիայի, կային եվրոպացիներ, և այդ միտքը նրանց ավելի ապահով լինելու զգացում էր տալիս:
Արտոյի հայրն այստեղ ծանոթանում և ամուսնանում է Վալենտինա Պտիկյանի հետ: Ավելի ուշ նրանք ունենում են ապագայում հայտնի երաժիշտներ դարձած երկու որդի՝ Օննոյին և Արտոյին, ինչպես նաև մեկ աղջիկ՝ Թագուհի անունով: Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում, ընտանիքի հայրն ու հորեղբայրն այնտեղ սկսում են զբաղվել արհեստագործությամբ:
Արտոն հիշում է, որ միշտ օգնում էր հորը. ներկում էր հոր և հորեղբոր պատրաստած կոշիկները, զբաղվում էր դրանց առաքմամբ:
1981թ.-ին Արտոն մեկնում է ԱՄՆ և վերադառնում երեք տարի անց՝ 1984թ.-ի օգոստոսի 4-ին:
«Ուղիղ տուն շտապեցի: Տանը մի սեղանի շուրջ խմում էին իմ առողջության ու բարօրության համար: Այն պահին, երբ մայրս լաց էր լինում, պատուհանը երեք կամ չորս անգամ թխկթխկացրի: Ասացի՝ «Մամ, ես եմ»: Մայրս նայեց պատուհանից դուրս ու հորս ասաց. «Սեդրակ, մենք այս ինչքան ենք խմել, որ Արտոյի ձայնն է ականջիս լսվում»։ Այդ ժամանակ նորից ասացի՝ «Մամ, ես եմ»: Դրանից հետո հայրս դուրս թռավ ու փաթաթվեց ինձ», – հիշում է Արտոն ու պատմում, որ հենց այդ օրը հայրն առաջին անգամ տանը խոսել է ցեղասպանության ու կորցրած հարազատների մասին:
Հայտնի երաժիշտը հիշում է, որ մինչ այդ օրը ցեղասպանությունն իր համար հենց հոր լռությունն էր, իսկ հայրը ցավը փորձում էր խեղդել ալկոհոլի մեջ:
«Հայրս վերին աստիճանի քաշվում էր պատմելուց: Երբեմն ականատեսն էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել: Հայրս մեզ ոչինչ չէր ասում: Սակայն վերջիվերջո սկսեց խոսել կոկորդները կտրված հարևանների, քույրերի մասին: Մահից մի որոշ ժամանակ առաջ պատմեց մեզ… Այդ ժամանակ սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը…», – պատմում է Թունջբոյաջյանը:
1984-ի դեկտեմբերին Արտոն, զանգահարելով քրոջը, տեղեկանում է, որ հայրը կոմայի մեջ է:
«Գիտե՞ք, ես եկա այն եզրահանգմանը, որ այդ օրերին մահանալն ամենահեշտ բանն էր: Մահացածներն արդեն չկան, բայց մնացողները շատ ցավ են քաշում», – ասում է Արտոն, ում ընտանիքը ստիպված եղավ լքել Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև Թուրքիայի հայերի հանդեպ ոչ լավ վերաբերմունքի խորացման վրա:
Այդ ժամանակ Արտոյի մայրն ու քույրը տեղափոխվեցին ԱՄՆ: 2003-ին ԱՄՆ-ում մահացած Արտոյի մոր մարմինը տեղափոխվեց Ստամբուլ և հուղարկավորվեց ամուսնու կողքին: Արտոյի երաժշտական ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հանդիսացող նրա ավագ եղբայրը՝ Օննո Թունջը, որն աշխատել է Թուրքիայի ամենահայտնի երգիչների ու երաժիշտների հետ, մահանում է 1996թ.-ին Թուրքիայում:
«Ըստ իս՝ գոյություն չունի ցեղասպանության 100-րդ կամ 1000-րդ տարելից: Այն ամենը, ինչ յուրաքանչյուրս պետք է անենք, առանց միմյանց խաբելու կյանք վարելն է», – ասում է Արտոն, ում կարծիքով՝ ապրիլի 24-ից հետո շատ ավելի կարևոր է ապրիլի 25-ը՝ որպես հայ առաջ նայել կարողանալու օրը:
Ամբողջությամբ՝ tert.am