Երևանյան կրկեսի նոր մասնաշենքի շինարարությունն ակտիվ փուլում է
Advertisement 1000 x 90

Երևանյան կրկեսի նոր մասնաշենքի շինարարությունն ակտիվ փուլում է

Երևանի կրկեսի նոր մասնաշենքի շինարարությունն ակտիվ փուլում է: Արդեն իսկ տեղադրվել է շենքի կտուրն ու մասամբ նաև պատուհանները:

«Երևանյան կրկես»-ի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշել է, որ կտուրը նախագծվել է Մոսկվայում և համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այն կառուցված է Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի համար կիրառված շինությունների գմբեթների ժամանակակից և բավականին ծախսատար տեխնոլոգիաների հիման վրա: «Պատուհանների տեղադրումից հետո մեկ տարի էլ կշարունակվեն ներքին հարդարման աշխատանքները և հույս ունենանք, որ կրկեսի նոր շենքն արդեն պատրաստ կլինի 2018 թվականի մարտին»,-հավելեց Սոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանյան կրկեսի հին մասնաշենքը պայթեցվել է 2012թ. սեպտեմբերի 8-ին: Նախկինում շենքը զբաղեցնում էր 3000-3500 քմ, իսկ նոր կառուցվողը կունենա 1000 քմ ավել մակերես: Արդյունքում շենքը բաղկացած կլին 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից: Կրկեսի նոր մասնաշենքը հիշեցնելու է կրկեսի նախորդ շենքը, սակայն լինելու է ավելի խոշոր և ժամանակից` նախատեսված 2250 հանդիսատեսի համար:

1930 ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած այդ շենքի փոխարեն 1939թ. նույն տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։ Հետևաբար, մոտակա տարիներին ավարտին հասցված շենքը կդառնա մայրաքաղաքի կրկեսի շենքի թվով հինգերորդ տարբերակը: