«Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան: GQ-ն նրանից պարզել է, թե ինչպե՞ս կարող է բիզնեսը փրկել աշխարհը, ինչո՞ւ է մահվան մասին մտածելը նորմալ, և ամենակարևորը՝ նրա ինչի՞ն է պետք այդ ամենը:
Մի քանի տասնամյակ առաջ նայել Ռուբեն Վարդանյանը կարողացել է այն ժամանակ, երբ դեռ 15 տարեկան էր. «Ավարտում եմ դպրոցը, հետո՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, հետո հայտնվում եմ Երևանի համալսարանում՝ ինչպես հայրս: Նորից տանը մոտ»,- 48-ամյա Ռուբեն Վարդանյանը հիշում է իր հստակ պլանը՝ դժվարությամբ զսպելով ծիծաղը:
Սովորաբար այս հատվածում գրում են՝ ինչ-որ բան այնպես չընթացավ, կամ ուղղակի հնչում է այսպիսի ձայն՝ ba-dum-tss: Բայց ամեն ինչ իրոք այնպես չընթացավ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, պլանային տնտեսությունը փոխարինվեց շուկայականով: Եվ ահա արդեն ՄՊՀ տնտեսական ֆակուլտետի 22-ամյա շրջանավարտ Վարդանյանը փորձաշրջան է անցնում իտալական Banca CRT-ում, դառնում է նորաստեղծ «Տրոյկա դիալոգի» բաժնի պետ: 23 տարեկանում ղեկավարում է այդ բրոքերային ընկերությունը, որը փաստացի շուկա է ստեղծում և 2011 թվականին վաճառվելու է «Սբերբանկին»՝ ավելի քան 1 մլրդ դոլարով: Ba-dum-tss:
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից դուրս շատ ժամանակ է անցկացնում. մի օր՝ Բրազիլիայում, երկու օր՝ Հայաստանում, մեր հանդիպման նախօրեին վերադարձել էր ԱՄՆ-ից: Դրանք ճամփորդություններ չեն, այդ ամենը նախագծերի պատճառով է: Իր համար նա նախընտրում է մի տերմին, որը Ռուսաստանում ընդհանրապես չի ասոցիացվում միջազգային թռիչքների և հոլիվուդյան աստղերի հետ համագործակցության հետ. սոցիալական ներդրող և ձեռնարկատեր:
Մարդասիրությունն ու հովանավորչությունը 2010-ականների ռուս գործարարների մոտ հազվագյուտ չէ: Բայց Վարդանյանի մոտ ամեն ինչ այլ է, նա այսպես է ասում. «Եթե ես այդ թռիչքներն ընկալեի՝ որպես աշխատանք, ապա դժվար թե դրանք այդքան հեշտ տրվեին, բայց ես ուղղակի այդպես ապրում եմ, այսպես հարմարավետ է»: Եվ դա կոկետություն չէ: Նրա սոցիալական նախագծերը հենց իր շարունակությունն են, իր բնավորության, մտածելու եղանակի:
Օրինակ՝ 30 տարեկանում նա հասկացավ, որ կտակ գրելու ժամանակն է. «Դա ոչ թե մահվան մասին մտքերի մոտիվացումն էր, այլ այն, թե ինչպես են ապրելու իմ երեխաները, ինչ եմ նրանց թողնելու»: Թվում է՝ ասում եմ նրան, ապագային նայելու այդ միջոցը բնորոշ է ինչպես՝ հրեա, այնպես էլ՝ հայ տղամարդկանց: Իմ հայրը, ով հայ էր, բոլոր նկատողությունները սկսում էր հետևյալ խոսքերով՝ ահա, ես չեմ լինի… Ի պատասխան՝ Վարդանյանը ժպտում է. «Երբեք դրա մասին այդ տեսանկյունից չեմ մտածել»:
Վարդանյանը հակված է դրան նայել սամուրայական փիլիսոփայության տեսանկյունից: Այսպես թե այնպես, կտակի ու ժառանգության մտքից է ծնվել Phoenix Advisors ընկերությունը: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ մեր երկրում, ասում է Վարդանյանը, ստեղծվում է իրավիճակ, որի դեպքում իր սերնդի բիզնեսմենները 10-20 տարի հետո իրենց երեխաներին թողնելու ինչ-որ բան կունենան: Շուկայի և մշակույթների հաջորդականություն Ռուսաստանում փաստացի չկա, և Վարդանյանը, Phoenix Advisors ընկերության ղեկավար Օլեգ Ցարկովի հետ, պատրաստվում է դա ուղղել:
Ժառանգության մասին հարցերը Վարդանյանի համար ոչ միայն նյութական, այլ նաև ինտելեկտուալ հարթությունում են, հետևաբար՝ «Տրոյկայի» իր նախկին գործընկերների հետ նա ստեղծել է «Երազանքից բարձր» ծրագիրը՝ տաղանդավոր ֆինանսիստ, մաթեմատիկոս և տնտեսագետ ուսանողներին օժանդակելու համար, որոնք կժառանգեն այն ամենը, ինչ երբևէ իմացել են Վարդանյանն ու իր գործընկերները:
2005 թվականին արտասահմանում ստանալով բիզնես-կրթություն՝ Ռուբենը ոգեշնչվում է Ռուսաստանում միջազգային բիզնես դպրոց հիմնելու գաղափարով, և իր ռուսաստանցի ու օտարերկրացի գործընկերների հետ նախաձեռնում են «Սկոլկովոյի» հիմնումը:
Նրանք միանգամից որոշում են, որ բիզնես-դպրոցում կրթվողները պետք է ոչ միայն միջազգային կոնտեքստի, այլ նաև ռուսական իրականության համար կարողանան մտածել, աշխատել և նպաստել տնտեսության զարգացմանը: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ խոշոր բիզնեսմենները կարող են միասին ներդնել իրենց գումարներն ընդհանուր նախագծում, բայց Ռուբենը կարողացավ համոզել նրանց: Չնայած դպրոցի հաջողություններին՝ Վարդանյանն ասում է. «Խոսել այն մասին, թե կայացե՞լ է արդյոք դպրոցը, կարելի է միայն 2025 թվականին, դեռ այդ նախագիծն աշխատանքային փուլում է»:
Վարդանյանն ունի սիրելի հնարք, որը ես կենդանի տեսել եմ, և որն էֆեկտիվ էր: «Սկոլկովո» բիզնես-դպրոցի տասնամյակի առիթով կազմակերպված դիսկուսիաներից մեկի ժամանակ նա լսարանին խաղ առաջարկեց. «Խնդրում եմ՝ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր վստահում են տասից ավելի մարդկանց»: Լսարանում միայն մի քանի անվստահ ձեռքեր բարձրացան: «Հիմա բոլոր նրանք, ովքեր վստահում են 5 մարդու»: Ձեռքերն ավելի են շատանում: «Շնորհակալություն, իսկ հիմա՝ նրանք, ովքեր՝ 3 և ավելի»,- և ձեռքերն ավելի են շատանում: Նույն այդ հարցերի ցանկը դրվում է նաև սոցիալական ինստիտուտների վստահության վերաբերյալ: Երբ երկու դեպքերի հաշվարկներն էլ հասնում են մեկին, ձեռք բարձրացնում են գրեթե բոլորը: Հենց այն, ինչ պահանջվում էր ապացուցել: «Մենք ապրում ենք վստահության շատ նեղ միջավայրում: Դա հենց հիմնական խնդիրն է: Մեզ թվում է, թե հենց սկսում ես վստահել, դառնում ես խոցելի: Եթե մենք ոչ ոքի չենք հավատում, մենք չենք ուզում ռիսկի գնալ ու ավելի շատ բան անել»,- ասում է Վարդանյանը:
Վստահությունը նա ամեն ինչից թանկ է գնահատում, իր բոլոր սոցիալական նախագծերում ընտանիքի անդամներ և մեծ թվով գործընկերներ են, որոնց վերաբերյալ նա հստակ գիտի՝ նրանց համար կարևոր է իրենց հեղինակությունը և աշխարհը փոխելու հնարավորությունը: Դա տրամաբանական է՝ աշխատել այն մարդկանց հետ, որոնց գիտես, բայց Վարդանյանն առաջարկում է աճպարարություն անել. դա չի նշանակում, որ «դրսի» մարդիկ նրա մոտ երբեք չեն հայտնվում: Նրանց հետ աշխատել կարող են նրանք, ովքեր պատրաստ են նայել այնքան հեռու, որքան ինքը: «Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը:
Դեռևս, ռուսական բարեգործության մեջ քիչ է և՛ մեկը, և՛ մյուսը: Հասկանալով դա՝ Վարդանյանը գործընկերների հետ վերակառուցեց Philin-ը: Ոմանք փրկում ենք մարդկանց, ոմանք հոգ են տանում տնտեսական էֆեկտիվության մասին. հենց դրանում է Վարդանյանի մտածելու յուրահատկությունը՝ մտածել համակարգային:
Վարդանյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե ինչ կարևոր է չկորցնել կապը հայրենիքի հետ, բայց տեղավորվել աշխարհում: Հենց այդ սկզբունքով աշխատում է ևս մեկ նախագիծ՝ UWC Dilijan-ը՝ հենց նույն հայկական Դիլիջանում, որտեղ, ինչպես հայտնի է «Միմինո» ֆիլմից՝ խմելու ջուրն իր որակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում:
Այդ դպրոցի մասին բոլորից լավ պատմում է Ռուբենի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ով նույնպես միշտ աշխատել է ֆինանսական ոլորտում. «Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու գաղափարն իմ ու ամուսնուս մոտ առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցինք մտածել մեր երեխաների կրթության մասին: Մեզ համար կարևոր էր դասավանդողների և սովորողների միջազգային կազմը, ակադեմիական բարձր աստիճանը և ակադեմիական գիտելիքների, սոցիալական ակտիվության ու հասկացողության միջև բալանսը, ինչպիսին պետք է լինի անհատականությունը: Գործող կրթական համակարգը ստեղծվել է ինդուստրիալ հասարակության պահանջների հիման վրա, իսկ ինֆորմացիոնը պահանջում է լրիվ այլ մոտեցում ու այլ կարողություններ»:
Այսպես ստեղծվել է դիլիջանյան դպրոցը: Հիմա այնտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 72 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Ավստրալիայից, Ասիայից ու Աֆրիկայից: Ապագայում պլանավորվում է Դիլիջանում ստեղծել կրթական կլաստեր: Կարելի է ասել, որ դեռահաս Վարդանյանը չէր սխալվել իր կանխատեսումներում: Նա, ամեն դեպքում, վերադարձավ հայրենիք: Նույն դիլիջանյան դպրոցը մասնակցում է Ռուբենի մյուս բարեգործական ակցիային՝ Aurora Humanitarian Initiative-ին, որը նա զարգացնում է Նուբար Աֆեյանի և Վարդան Գրիգորյանի հետ: Aurora Prize-ի մրցութային հանձնաժողովի կազմում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: «Ավրորան» գլոբալ հումանիտար շարժում ստեղծելու փորձ է: Այն գլոկալ է, այսինքն՝ ուղղված է աշխարհին, բայց պահպանում է իր հայկական անհատականությունը:
Ռուբեն Վարդանյանին՝ իր նախագծերով, կարելի է ընկալել՝ որպես հարուստ իդեալիստ, ֆանտազյոր, ով պատրաստ է դուրս գալ հարմարավետության տարածքից: «Որոշում ընդունողներից շատերը հաճախ դժվարությամբ են կարողանում պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի շաբաթ հետո: Եվ այդտեղ նրանց այցելում է մի մարդ, ով ցանկանում է նախաձեռնել նախագիծ, որտեղ ամեն ինչ կաշխատի 20 տարի անց միայն: Նրանք մտածում են՝ ոնց որ թե վնասակար չէ, թող անի: Այդպես «Տրոյկայում» էլ եղավ: 1990-ականներին մեզ մոտ գալիս էին հանցագործներ միայն նրա համար, որ չէին հասկանում, թե ինչով ենք մենք զբաղվում. աշխատում էինք օտարերկրացիների հետ, կեղտոտ պատմությունների մեջ չէինք ընկնում»,- ասում է Ռուբենն ու ծիծաղում:
Նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Ռուբենը մտածում է՝ իր մեծ ձեռքում սեղմելով հայկական սուրճով լի բաժակը. «Ինձ համար իրոք կարևոր է իմանալ, թե ինչ աշխարհում են ապրելու իմ երեխաները»: Եվ այս բառերը պաթոսով չեն հնչում, ինչպես որ նրանց հարիր է թվում: Դա ուղղակի նրա իսկ շարունակությունն է՝ գործարարի, սիրող հոր, տնտեսագետի:
Վերջիվերջո՝ հայի: «Դե, պատկերացրեք՝ Ճապոնիայից ժամանած տղան ավարտում է Դիլիջանի դպրոցը, դառնում է հաջողակ գործարար կամ ինչ-որ մեծ կազմակերպության ղեկավար, իսկ երբ նրան հարցնում են՝ որտե՞ղ ես սովորել, նա պատասխանում է՝ Դիլիջանում: Չէ՞ որ կրթությունն ամենից շատն է մնում հիշողության մեջ: Դա երկարաժամկետ ներդրում է»,- ժպտում է Ռուբենը: Որպեսզի 15 տարի հետո ամբողջ աշխարհում իմանան՝ որտեղ է լավագույն ջո՞ւրը՝ Սան Ֆրանցիսկոյից հետո, և լավագույն միջազգային դպրոցներից մե՞կը: Նույնպես վատ նպատակ չէ:
Հրապարակման պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ