Երգչուհի Անի Քրիստին արդեն երկար ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Լոս-Անջելեսում: Վերջերս, երկար ընդմիջումից հետո, երգչուհին կարճ ժամանակով եղավ հայրենիքում: Past.am-ը զրուցել է օվկիանոսից այն կողմ ապրող երգչուհու հետ, ով մեզ պատմել է իր առաջիկա ծրագրերի, սպասվելիք մենահամերգների և շատ ու շատ այլ բաների մասին:
– Երևի վերադառնանք ամենասկիզբը. ինչու՞ Անի Քրիստի: Ո՞վ է Ձեզ կնքել այդ անվամբ:
– Երբ ծնվել եմ, հայրս ցանկացել է, որ անունս լինի Անի-Քրիստի, բայց այն ժամանակ՝ 87 թվականին, Հայաստանում դեռևս երկու անուն չէին դնում, դրա համար ինձ Անի անվանեցին: Հետո երբ ես մեծացա և սկսեցի երգարվեստում առաջին քայլերս անել, տատիկս պատմեց այս պատմությունը, և ես մտածեցի՝ ինչու ոչ, կխնդրեմ, որ բեմ դուրս գալիս ինձ որպես Անի Քրիստի ներկայացնեն: Ու այդպես շարունակվեց Անի-Քրիստիի կարիերան:
Ինչքանով տեղեկացված եմ, հիմա էլ դեռ չեն դնում երկու անուն, որովհետև մի քանի տարի առաջ իմ երկրպագուներից մեկը ցանկացել էր իր աղջկա անունն էլի Անի-Քրիստի դնել, բայց ծննդատանն այդպես էլ չէին դրել, դրա համար երեխայի անունն Անի էին դրել:
– Կար ժամանակ, երբ Ձեր հիթերը չէին իջնում թոփ տասնյակների լավագույն հորիզոնականներից, և Ձեզ ամեն օր կարելի էր տեսնել մեր էկրաններին: Հետո, կարծես, Ձեր ակտիվությունը փոքր-ինչ մարեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Ակտիվությունը պակասեց, որովհետև տեղափոխվեցի Նահանգներ՝ ապրելու և այստեղ սկսեցի գործունեությունս: Բնականաբար, ինչքան էլ անունս Անի-Քրիստի է, չէի կարող երկու մասի բաժանվել, դրա համար տևական ժամանակ Հայաստանում իմ անունը քիչ էին լսում: Կար ժամանակ, երբ ընդհանրապես չէի ուզում ինքնաթիռ նստել, հետո հասկացա, որ որոշումս պետք է փոխեմ, քանի որ դրանից տուժում են իմ հանդիսատեսը, Հայաստան գալու ցանկությունս և ուրիշ շատ բաներ: Ես հիմա ավելի հաճախ եմ գալիս Երևան, որովհետև առիթները շատ են: Կարծում եմ՝ հիմա ինձ եթերով ավելի շատ կտեսնեք: Ոչ անընդմեջ՝ զզվեցնելու աստիճանի, բայց հաճախակի, խոստանում եմ: ))
– Քանի որ ԱՄՆ մեկնելուց խոսեցիք, ի՞նչը Ձեզ ստիպեց հայրենիքից հեռու ապրել:
– Հայրիկիս երկար ժամանակ՝ 14-15 տարի չէի տեսել, երբ նա եկել էր Նահանգներ: Երկու-երեք անգամ Նահանգներ գալուց հետո որոշեցի վերջնականապես ապրել այստեղ, որովհետև հիմա արդեն հասկանում եմ՝ պապայիս հետ ապրելու ցանկությունն ավելի մեծ էր, քան բեմերից փայլելու: Ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրի, որովհետև ես ավելի հոգևոր անձնավորություն եմ և ինձ կարիերիստ չեմ համարում: Այս ժամանակահատվածում՝ լինելով այստեղ, հորս հետ, հոգեկան դաշտս ավելի խաղաղ էր:
– Հատուկ նպատակո՞վ վերադարձաք հայրենիք, թե՞ կարոտն էր պատճառը:
– Կարծում եմ՝ մարդիկ հայրենիք են վերադառնում առաջին հերթին՝ կարոտից դրդված, ինչպես նաև՝ հարազատների, ընկերների հետ շփման համար: Իմ գալու առաջին պատճառն էլ կարոտն էր: Բացի դրանից՝ հայրենիքում ունեմ շատ մեծ շրջապատ, բարեկամություն, տատիկ-պապիկ, շատ-շատ ընկերներ, որոնց տեսնելու համար, թեկուզ, միայն, արժեր գալ հայրենիք:
Մեր բնագավառում այնպես է, որ մենք մեկ այստեղ ենք, մեկ՝ Եվրոպայում, մեկ՝ Հայաստանում, մեկ՝ Աստված գիտի, թե որտեղ: Իսկ վերջին շրջանում հայրենիք գալս ավելի շատ պայմանավորված էր իմ գործունեությամբ՝ Հանրային հեռուստաընկերության հրավերով՝ մասնակցելու մի շարք պրոյեկտների: Կարծում եմ, որ դա գեղեցիկ ավանդույթ կդառնա նաև 2017-ին:
– Եթե համեմատելու լինեք, որո՞նք են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև եղած տարբերությունները՝ արտիստի համար:
– Տարբերությունները շատ են, և հիմա դրանք թվարկելը շատ երկար կտևի, բայց տարբեր լինելով, միևնույն ժամանակ ամեն ինչ նույնն է: Գիտեք, ամեն ինչ կախված է մարդուց: Եթե դու կարողանում ես ստեղծել քեզ համար բարենպաստ աուրա կամ չես կարողանում ուրախ լինել, չես հարմարվում ոչ մի բանին, աշխարհի որ մասում էլ լինի, այդպես է լինելու, կապ չունի՝ որտեղ ես ապրում: Ես կարծում եմ՝ մարդ առաջին հերթին իր մեջ պետք է փոփոխի ինչ-որ բաներ, այնուհետև շրջապատին փորձի հարմարեցնել իրեն:
– Մի փոքր էլ անձնականից խոսենք. նորություններ կա՞ն:
– Այս ընթացքում ես մի բան եմ հասկացել. անձնականի մասին շատ խոսելն այնքան էլ ճիշտ չէ: Ես շատ չեմ էլ խոսել. երևի միայն ամուսնությանս մասին հարցերին եմ պատասխանել, այնուհետև՝ ամուսնալուծության, իսկ դրանից առաջ և հետո ես երբեք չեմ խոսել իմ անձնականից: Ուղղակի ամուսնությանս ու ամուսնալուծությանս մասին լուրերը մի քիչ ավելի շատ տարածում գտան, և հարցերին չպատասխանելն ուղղակի կոռեկտ չէր:
Առանց այն էլ, եթե հայտնիների կյանքում նշանակալից իրադարձություններ են տեղի ունենում, բոլորը դրանց մասին իմանում են: Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան հաստատ որոշեմ իմ կյանքում՝ ընտրյալի հետ կապված, ապա բոլորը դրա մասին կիմանան, այդ թվում՝ և Դուք:
– Երգչուհու կարիերան պատրաստվու՞մ եք շարունակել:
– Ծիծաղելի կլինի, եթե ասեմ՝ պատրաստվում եմ կամ չեմ պատրաստվում: Ես ծնվել եմ երգչուհի լինելու համար, արդեն հասկացել եմ, բայց ոչ այն երգչուհին, ով անընդհատ փորձում է ինչ-որ բան անել՝ ինչ-որ բան ապացուցելու համար: Երբեմն ինքս ինձ հետ լինելով էլ երգում եմ ու մեծ բավականություն ստանում:
Հիմա ուժերս ավելի շատ կենտրոնացրել եմ՝ իմ դպրոցը այստեղ բացելու գործում՝ «Անի-Քրիստի վոկալ սքուլը», որը բացի վոկալից շատ այլ բաներ է ներառելու, որոնց մասին, հույս ունեմ, դեռ կխոսեմ: Բայց երգչուհու կարիերաս սրանից չի տուժում. նոր երգ եմ ձայնագրում, որը շուտով երկրպագուներիս ականջին կլինի հասանելի:
– Ձեզնից ի՞նչ նորությունների սպասենք:
– Դե, նոր երգեր, ինչպես արդեն նշեցի, կլինեն, հետագայում՝ մենահամերգ, որն ամենայն հավանականությամբ կլինի հայրենիքում: 2014 թվականին այստեղ իմ առաջին մենահամերգը եղավ՝ լոսանջելեսաբնակ հայերի համար, որը բավականին լավ արձագանք ունեցավ: Հիմա ավելի շատ դպրոցի բացման հարցերով եմ զբաղված, բայց հաջորդ քայլն ուզում եմ՝ անպայման հայրենիքում մենահամերգը լինի, որի համար հարմար առիթ եմ փնտրում:
Ամբողջությամբ՝ past.am