20-րդ դարասկզբին Բրոդվեյի թատերական բեմահարթակներում փայլող աստղ Ֆլորա Զաբելը (Flora Zabelle) ծնվել է 1880 թվականին Կ.Պոլսում՝ ամերիկյան «Ռոբերտ» քոլեջի շրջանավարտ, հետագայում ճանաչված ամերիկահայ գրող, պատմաբան, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի և Ագապի Ալթունյանի ընտանիքում:
Զաբելը դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Մանգասարյանները 1881-ին Օսմանյան Թուքիայից տեղափոխվում են Ամերիկա` հաստատվելով սկզբում Ֆիլադելֆիա քաղաքում, իսկ հետո՝ Չիկագոյում: Այստեղ են ծնվում Զաբելի եղբայրներն ու քույրը՝ Արմենը, Քրիստինեն և Գևորգը: Բնույթով աշխույժ, մանկուց տնեցիների համար մշտապես երգող, պարող և բեմադրություններ կազմակերպող Զաբելը հաճախում է երաժշտական դպրոց: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ ընտանեկան ավանդական շրջանակները շատ նեղ են նրա վառ ստեղծագործական խառնվածքի համար:
Ֆլորա Զաբելը ամուսնու՝ Ռայմոնդ Հիչքոկի հետ:
Զաբելի միակ երազանքն էր մեծ բեմի դերասանուհի դառնալը: Եվ ահա 19 տարեկանում, դժվարությամբ ստանալով ծնողների համաձայնությունը, նա համարձակ որոշում է կայացնում մեկնել Նյու Յորք՝ բառացիորեն նվաճելու Բրոդվեյը: Դերասանական և երաժշտական բացառիկ տաղանդը, գեղեցիկ սոպրանոն, արևելյան ինքնատիպ արտաքինը և գումարած եռանդուն նպատակաուղղվածությունը շուտով հաջողություն են բերում երիտասարդ աղջկան բրոդվեյյան մի շարք ներկայացումներում:
1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված դերասանուհին ամուսնանում է Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ռայմոնդ Հիչքոկի (Raymond Hitchcock) հետ: Ամուսնական զույգը միաժամանակ և հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, և համատեղ բեմադրություններ էր իրականացնում: Բրոդվեյի թատրոններում Զաբելը ընդհանուր առմամբ խաղաց 14 մյուզիքլներում:
Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը դարձավ նաև առաջին կին դերասանուհիներից մեկը ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի շարք կատակերգական ֆիլմերում: Նրա առաջին ֆիլմերն էին 1915 թվականին նկարահանված «Օղակապոչ ռնգեղջյուր» («Ringtailed Rhinoceros») և «Գյուղական վիճաբանություն» («Village Scandal») ֆիլմերը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ 1916-ին նկարահանված «Կարմիր այրի» («The Red Widow») կինոնկարը, որտեղ Զաբելի զուգընկերն էր հանրահայտ դերասան Ջոն Բերիմորը: Այսպիսով, Ֆլորա Զաբելը փաստորեն հանդիսանում է նաև առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը:
1929 թվականին մահանում է Ռայմոնդ Հիչքոկը, և ամուսնու մահից հետո Զաբելն արդեն հազվադեպ է երևում բեմում՝ նա սկսում է զբաղվել բեմական հագուստի դիզայնով: Ֆլորա Զաբելը մահացավ 1968-ին Նյու Յորքում՝ 88 տարեկան հասակում: