Զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է բժշկական զբոսաշրջությունը: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ միշտ փորձում են աշխարհում գտնել ամենամատչելի և որակյալ կենտրոնները կամ լավագույն բժիշկներին, ովքեր կկարողանան լուծել իրենց խնդիրը: Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ նման կենտրոն, կամ հնարավո՞ր է Հայաստանում գտնել մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ: Կանադայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Րաֆֆի Էլիոթը (Raffi Elliott-ian) կարծում է, որ հնարավոր է. ավելին, GetTreated ստարտափի միջոցով փորձում է ցույց տալ հայկական բժշկության թաքնված կողմերը և առավելությունները:
GetTreated-ը ստեղծվել է 2014 թվականին, որպեսզի ապահովի արտասահմանում բուժում ստանալու արագ և ոչ թանկարժեք միջոց՝ բժշկական տուրիզմի օգնությամբ: GetTreated-ը գործում է Երևանում և օգնում է այցելուներին ամբողջ աշխարհից գտնել արագ և որակյալ բժշկական ծառայություններ: Բժիշկների և այցելուների միջև կապ է ստեղծվում մեկ ստեղնի օգնությամբ՝ անկախ հեռավորությունից: Ստարտափի հեղինակները նշում են, որ այն հավանության է արժանացել մի շարք առաջատար մասնագետների կողմից:
Նախագծի հեղինակները նշում են, որ իրենց շատ են հարցնում, թե՝ ինչո՞ւ Հայաստանը: Այս hարցին պատասխանելիս՝ ստարտափի հիմնադիր Րաֆֆի Էլիոթը նշում է, որ ստարտափում աշխատող գրեթե բոլորը որևէ փորձառություն են ունեցել Հայաստանում և ծանոթ լինելով հայկական բժշկությանը՝ գիտեն, որ այստեղ կարող են գտնել որակյալ և մատչելի բուժում:
Մեզ հետ զրույցում Րաֆիի Էլիոթը պատմում է, որ նման գաղափարն առաջացել է իր մոտ, երբ Կանադայից վերադարձել է Հայաստան և ունեցել է փորձ տեղի բժիշկների հետ: Առողջական խնդիրը, որը չի լուծվել Կանադայում, լուծվել է Հայաստանում: Դրանից հետո Րաֆֆին որոշել է իրականացնել նման հետաքրքիր և, իր խոսքերով՝ տարօրինակ գաղափար:
«Դրանից հետո մտածեցի, որ expedia.com-ի նման վեբ-պորտալ է պետք, բայց արձակուրդային փաթեթների փոխարեն՝ պետք է առաջարկենք բժշկական տուրիզմի փաթեթներ: Ես արդեն վեբ կայքի զարգացման թիմ ունեի, բայց արդեն հոգնել էի այդ ոլորտից: Հայ համաշխարհային բժիշկների միության նախագահի հետ զրուցելուց հետո կարողացա կազմել Հայաստանի լավագույն բժշկական և ատամնաբուժական կենտրոնների և բժիշկների ցանկը: Դրա միջոցով գրեցինք softwar-ը և 2017-ի վերջում սկսեցինք հիվանդներ ընդունել»,- մեզ հետ զրույցում պատմում է Րաֆֆին:
Ստարտափին զուգահեռ՝ գործում է նաև GetTreated-ի բլոգը, որտեղ ոչ միայն կարող եք ծանոթանալ ստարտափի գործունեությանը, այլև կարդալ ստարտափի թիմի վերլուծությունները, որոնք պատասխանում են «ինչո՞ւ Հայաստանը» հարցին:
Րաֆֆի Էլիոթը նշում է, որ ստարտափի նպատակը պարզ է՝ թիմն անում է ամեն ինչ՝ Հայաստանը համաշխարհային բժշկական զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար:
2017-ի նպատակների մասին խոսելիս՝ Րաֆֆին նշում է, որ ստարտափի թիմը ցանկանում է ամսական 10 առողջական խնդիր ունեցող մարդ բերել Հայաստան:
Նշենք նաև, որ GetTreated-ը մասնակցել է Հայաստանում անցկացող UpStart մրցույթին, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը: Հիշեցնենք, որ UpStart-ը ստարտափների համար նախատեսված մրցույթ է, որը բաց է նորարարական լուծում առաջարկող ստարտափների համար, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում։
Սիրարփի Աղաբաբյան