«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը:
–Սրբազան, մենք Գյումրիում ենք, և մեր հարցումները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ նախընտրական տրամադրություններ չկան, հանրության զգալի մասը ընտրական գործընթացներով Հայաստանում փոփոխություններ չի սպասում: Ի՞նչ տրամադրություններ են Գյումրիում այս առումով:
-Գյումրիում տրամադրության բացակայություն է, գյումրեցիները հիմնականում անտարբեր են այս ընտրությունների նկատմամբ:
-Շարունակ հիասթափությո՞ւնն է այս անտարբերությունը ծնել:
-Հիասթափություն էլ կա, հուսախաբություն էլ կա: Անցած ընտրություններին Գյումրին իր տեսակետը արտահայտեց, բայց ընդհանուր հանրապետության տեսակետի հետ չհամընկավ այդ տեսակետը, դրա համար հիմա անտարբերություն կա այդ իմաստով: Քանի որ Գյումրին փոքրամասնություն է հանարապետության մասշտաբով, գյումրեցին երևի հասկացել է, որ իր քվեն էական ազդեցություն չունի: Բայց չեմ կարծում թե այսպես կմնա, կարծում եմ առաջիկա շաբաթների ընթացքում ինչ-որ բան կփոխվի, որովհետև դեռ նախընտական լուրջ քարոզչություն չի եղել, հիմնական կուսակցությունների լիդերները դեռ չեն եկել Գյումրի: