lragir.am-ը զրուցել է երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանի հետ
– Ի՞նչ եք կարծում, հաց բերողի արարքը գիտակցվե՞ց հանրության մոտ, կկարողանա՞ն արժևորել Հաց բերողի տեսակը։
– Հասարակության մտածող կամ մտածելու ունակ մասը, իհարկե։ Այս բոթը մտել է նրանց բոլորի օջախները և այնտեղ սուգ է: Մյուս մասը՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց, գարունը բացվի, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս, եղունգ ունես՝ գլուխդ քորի» հիմար կոդեքսներով առաջնորդվող վախկոտ, անտարբեր, ամեն ինչի նկատմամբ հանդուրժող տեսակն է: Իսկ երրորդ մասը՝ աղեստամոքսայինը, ոչ գիտակցել է, ոչ էլ երբևէ կգիտակցի որևիցե բան: Սա արատավոր իշխանական համակարգի բուծած տեսակն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, բացի ձայների քանակից: Այս վերջինները էլի կվերցնեն իրենց փայ ընտրակաշառքը և հարամ կանեն բոլորիս ապագան։
– Վերջին անգամ ե՞րբ էիք խոսել Հաց բերողի հետ։
– Հիվանդանոցից դուրս գալուց մեկ օր առաջ։ Երկար զրուցեցինք: Ինձ խնդրեց Հոգևոր Հայաստանի կոչերը իր վերաբերյալ տրամադրեմ իրեն։ Ամեն ինչ կոկիկ հավաքում էր: Կիրակի օրը կրկին գնացի իրեն տեսության, բայց հիվանդանոցում չէր, բուժքույրն ասաց, որ շաբաթ օրը դուրս է գրվել, ինչը ինձ շատ զարմացրեց: Որոշ ժամանակ հետո կապ հաստատեցի իր հարազատներից մեկի հետ: Նա ասաց, որ տուն են վարձել և մեկ-երկու օրից ինձ հետ ինքը կապ կհաստատի, որ անպայման ուզում է ինձ տեսնել… և մեկ էլ այս գույժը… Ես կորցրեցի շատ հարազատ մարդու: Ո՞նց պետք է դուրս գանք այս մեղքի տակից…