Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Մեկնաբանելով հրաժարականի մասին որոշումը` Աթեշյանն ասել է. «Ես հիմնել եմ այս հիմնադրամը հոգևորականներին օգնելու նպատակով: Սակայն շատ բամբասանքներ կան, այդ պատճառով հրաժարական եմ տալիս»:
Խոսելով տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտելու մասին` Աթեշյանն ասել է. «Այս հարցով պատրիարքարանը որևէ մեկնաբանություն չի անելու»: Նա ընդգծել է, որ գրավոր դիմում է ներկայացրել նահանգապետարան` հանդիպում կազմակերպելու խնդրանքով:
Ի պատասխան ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունների, համաձայն որոնց` «փոխանորդի պաշտոնից Աթեշյանի հրաժարականից հետո խնդիրը կլուծվի», Աթեշյանը հայտարարել է. «Չեմ մտածում հրաժարական տալ»:
Պոլսո Հայոց պատրիարքարանը 2015 թվականի հունվարին հիմնել էր հիմնադրամ, որն անվանվել է «Հովակիմ 1461»: Անվանումը կապված է Պոլսո Հայոց պատրիարքարանում առաջին հայ պատրիարքի` Հովակիմ Պրուսացու, և նրա նշանակման տարեթվի` 1461 թվականի հետ:
Որոշումը կայացրել էր Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորած տասը հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդը: Հիմնադրման մասին փաստաթղթում նշվում էր, որ կառույցն իրավասու է լինելու կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, համաձայն պատրիարքարանի պահանջների հրատարակել գրքեր, ամսագրեր և թռուցիկներ, հայթայթել փաստաթղթեր, տեղեկություններ: Այն կարող էր համագործակցել այլ հիմնադրամների հետ ևս: