Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արթուր Սարգսյանի` Հաց բերողի անժամանակ և ողբերգական վախճանի կապակցությամբ հայտնում եմ իմ խորը ցավակցությունը Արթուրի հարազատներին, բարեկամներին և ընկերներին:
Բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ ընգծել մի քանի հանգամանք.
1. Իրավական
Անհրաժեշտ է քննություն իրականացնել պարզելու համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը և կալանքի կիրառման և անձի կյանքից զրկվելու պատճառա-հետևանքային կապը
2. Քաղաքական
Արթուրի անժամանակ մահը քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով շահարկելը անթույլատրելի է` անկախ մինչ այդ քաղաքական ուժերի կողմից Արթուրի անձի նկատմամբ ունեցած դիրքորոշումից
3. Չի կարելի նույնացնել Սասնա ծռերին և Արթուրին` վերջինիս դարձնելով խմբի մաս կամ գործողության մասնակից:
Արթուրը` իր տեսակին և բնույթին համապատասխան, ուղղակի սնունդ է հասցրել սոված մնացած մարդկանց և ես` դատելով Արցախյան հերոսամարտի ժամանակ նրա կողմից կատարած նույնատիպ արարքներից, համոզված եմ, որ սասնա ծռերի կողմից կատարված գործողության հետ համաձայնությունն ու աջակցությունը պարտադիր պայման չէին նրանց սնունդ հասցնելու գործում»: