Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ դատավոր Արթուր Մկրտչյանի կալանավորելու մասին կայացրած որոշումից մեկ օր անց: Դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանի միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Ըստ հայտարարագրի, Արթուր Մկրտչյանը նախորդ տարի ունեցել է ընդամենը 1 միլիոն 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 1 միլիոն 650 հազար դրամ: Նախորդ տարի նա եկամուտ է ստացել աշխատավարձից և կենսաթոշակից: Աշխատավարձը կազմել է 7.4 միլիոն դրամ, իսկ կենսաթոշակը՝ 5.5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, նա 13 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Դատավորի կինը՝ Իրինա Հակոբյանը, նույնպես հայտարարագրի համաձայն համեստ դրամական միջոցներ ունի: Նախորդ տարի նա ունեցել է ընդամենը 450 հազար դրամ, իսկ եկամուտը, որը գոյացել է աշխատավարձից և կենսաթոշակից, կազմել է 600 հազար դրամ: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ու իր կինը էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել իրենց ունեցվածքի (անշարժ կամ շարժական գույք, բաժնեմաս, փոխառություն և այլն) մասին որևէ փաստաթուղթ՝ օգտվելով այս ոլորտը կարգավորող օրենսդրական բացերից: Մեզ հաջողվեց պարզել, որ Արթուր Մկրտչյանը հաշվառված է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ Իրինա Հակոբյանը՝ Երևանի Մոսկովյան փողոցում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից շենքում:
Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:
Մի գործով դատաքննության ընթացքում քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությանը դատարանի կողմից անտեսելու պատճառով:
2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը: Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, քանի որ չէր ցանկանում ազատազրկվել: Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական:
Հ.Գ. Ստորև ներկայացված լուսանկարում Արթուր Սարգսյանի հայտարարություն է, որտեղ նա գրել էր, թե հացադուլից հետո իր առողջական վիճակի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել Էդիկ Հակոբյանին և Արթուր Մկրտչյանին, քանի որ նրանց իրենց գործունեությամբ են դրդել Արթուր Սարգսյանին հացադուլ հայտարարել: